Հա

Ազգային

10/04/2019 - 10:50

Շահան Գանտահարեան. «Սաուդական Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելը նախանշային է»

Ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան եւ յարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների յիշատակին: Հաշւի առնելով, որ Սաուդական Արաբիան պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այսօրւայ այցի ուղերձների շուրջ «Yerkir.am»-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ:

«alikonline.ir» - Ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի կաթողիկոսարան եւ յարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն Սուրբ Նահատակների յիշատակին: Հաշւի առնելով, որ Սաուդական Արաբիան պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, այսօրւայ այցի ուղերձների շուրջ «Yerkir.am»-ը զրուցել է «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` Սաուդական Արաբիայի դեսպանի այցն Անթիլիաս ուշագրաւ իրադարձութիւն է, նախ` որովհետեւ վաղուց հայ համայնքի հետ պաշտօնական կապ չի եղել, մանաւանդ` նման պաշտօնական այցերի ձեւաչափով։ «Պէտք է յաւելել, որ պաշտօնական Ռիադի կողմից քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան շրջանակներում Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ աշխատանքային այցեր եղել են, եւ Ռիադը կարեւորել է Անթիլիասը` որպէս համաքրիստոնէական աշխարհի կարեւորագոյն կենտրոններից մէկը։ Առանձնայատուկ ուշադրութիւն պէտք է դարձնել Ցեղասպանութեան զոհերի յիշատակին տուրք մատուցելու քայլին մի երկրի կողմից, որը պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, եւ այստեղ քաղաքական դիտարկումների շարժառիթներ են ի յայտ գալիս: Նախ` պէտք է  անպայման յիշել Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամաւորական բլոկի պատւիրակութեան հետ կայացած փոխադարձ այցերը,  ինչը խօսում է նման քայլի ենթահողի նախապատրաստման մասին։ Այլ հանգամանք, որն անպայման պէտք է նկատի ունենալ Սաուդական Արաբիայի կողմից նախանշային ուղերձներ փոխանցող այս քայլի յետեւում` Անկարա-Ռիադ յարաբերութիւններում լուրջ ճեղքւածքը լրագրող Խաշուկջիի սպանութեան պատճառով»,- նշեց Գանտահարեանը:

Ըստ նրա` Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասութիւնները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցութեան գօտիների, գործող զինեալ խմբաւորումների նկատմամբ իւրաքանչիւրի յենարանային ազդակների բախման տեսանկիւնից, յատկապէս` Սիրիայի հարցով Անկարա-Թեհրան ռազմաքաղաքական խնդիրների համակարգումը` Թեհրան-Ռիադ լարւած յարաբերութիւնների դիմաց, նաեւ` սուննի զանգւածին տիրութիւն անելու` թուրքական եւ սաուդական մեծ մրցակցութիւնը։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով` պարզ են դառնում Սաուդական Արաբիայում լոյս տեսնող մամուլում հրապարակւած` Ցեղասպանութիւնը եւ անարդարութիւնն ու ջարդը դատապարտող յօդւածները։

Գանտահարեանի կարծիքով` այցի ընթացքում օգտագործւած բառապաշարն ու եզրոյթները հասկանալիօրէն զգուշաւորութեամբ են յատկանշւել. թէ՛ Վեհափառը եւ թէ՛ դեսպանը քաղաքական օրակարգի ձեւաւորմանը նպաստող թեմաների են անդրադարձել` շրջանցելով Անկարայի դասական խաղի կանոնները, որոնք միշտ նպատակ են ունեցել սեպ խրել հայկական կողմի եւ իսլամական աշխարհի միջեւ:

«Ինքնին այցը Անթիլիաս եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելը իրադարձային է ու նախանշային, և սկսւած գործընթացի կայացման դէպքում միտումներ կարող են լինել Երեւանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մեկնարկի համար»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։