Հա

Ազգային

15/04/2019 - 16:00

Արաբական խալիֆայութեան Արմինիա շրջաններ

2010 թւին, Երեւանի Պետական համալսարանի հրատարակչութեան կողմից, լոյս է տեսել, Արման Եղիազարեանի հեղինակութեամբ, «Արաբական Խալիֆայութեան Արմինիա Վարչական Շրջանը» 186 էջից բաղկացած, պատմա-աշխարհագրական արժէքաւոր գիրքը:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

2010 թւին, Երեւանի Պետական համալսարանի հրատարակչութեան կողմից, լոյս է տեսել, Արման Եղիազարեանի հեղինակութեամբ, «Արաբական Խալիֆայութեան Արմինիա Վարչական Շրջանը» 186 էջից բաղկացած, պատմա-աշխարհագրական արժէքաւոր գիրքը:

Հեղինակը ուսումնասիրելով մի շարք հայ եւ օտարազգի, ի մասնաւորի արաբ պատմաբանների երկերն ու վկայութիւնները, քննութեան է ենթարկել, Արաբական Խալիֆայութեան Արմինիա վարչական շրջանի սահմանները, վարչական բաժանումները, առեւտրական ճանապարհները եւ ազգային կազմաւորումները որոնց վերաբերեալ մինչ այսօր ամբողջական ուսունասիրութիւն չէր կատարւել:

Գրքում արծարծւած պատմական իրողութիւնները, քաղաքական մեծ նշանակութիւն ունեն թուրք, ադրբեջանցի եւ վրացի պատմաբաների կողմից, Հայաստանի եւ Այսրկովկասի երկրների պատմական իրողութիւնների նենգափոխումնրի բացայայտումների գործում:

Ըստ հեղինակի, Արաբները Իսլամ կրօնով միաւորւած անցան արտաքին նւաճումների եւ շուրջ հարիւր տարւայ ընթացքում ստեղծեցին մի հսկայածաւալ կայսրութիւն որը կոչւեց «Արաբական խալիֆայութիւն»:

Արաբները իրենց նւաճողական նպատակները իրականացնելու համար, պիտի յաղթահարէին ժամանակի երկու հզօր պետութիւններ՝ Պարսկաստանին եւ Բիւզանդիային: Արաբական զօրքը 636 թ. Եարմուք (Յորդանանի գետի վտակ) ափին ջախջախեց բիւզանդական բանակը, իսկ 637 թ. Կադէսիայի որտեղ պարսկական բանակի կազմում կռվում էի նաեւ հայկական զօրամասեր՝ Մուշեղ Մամիկնեանի եւ Գրոգորիս Սիւնու հրամանատարութեամբ եւ 642 թ. Նահաւանդի ճակատամարտերում կործանեցին Սասանեան տիրութիւնը:

Այս յաղթանակներից յետոյ, արաբները իրենց արշաւանքները շարունակեցին դէպի հիւսիս եւ 641 թ. մի մեծ արշաւանք կատարեցին դէպի Հայաստան եւ գրաւելով Դւինը, կոտորեցին 12 հազար եւ գերավարեցին 35 հազար մարդ:

Արաբները թէեւ Հայաստանում եւ Այսրկովկասեան երկրներում չէին հաստատւում բայց դրանց ընթացքում հետախուզում եւ ծանօթանում էին տարածաշրջանի վարչա-քաղաքական իրավիճակին որոնց բերումով արդէն արաբների մօտ որոշակի պատկերացումներ էր ձեւաւորւել երկրի վարչական-քաղաքական բաժանումների վերաբերեալ որն իրականացաւ 652 թ. հայ-արաբական պայմանագրով, Հայաստանի ու Այսրկովկասեան երկրների վրայ, Թէոդորոս Ռշտունու իշխանութեան ճանաչումով եւ աւելի ուշ Արմինիա ոստիկանութեան ձեւաւորումով:

Հայ պատմիչները Արմինիա վարչական միաւորի կառավարչին՝ ամիրային կոչել են ոստիկան եւ Արմինիա ամիրայութեանը եւս անւանել են ոստիկանութիւն:

Ըստ արաբ պատմաբան Իբն ալ Ասիրի վկայութեան, 700 թւին արաբները Հայաստանն ու Այսրկովկասեան երկրները վերջնականապէս նւաճելուց յետոյ ճիշտ գնահատելով տարածաշրջանում Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքական կշիռն ու ազդեցութիւնը ինչպէս նաեւ միատարր բնակչութեան մեծամասնութիւնը, կազմաւորեցին Արմինիա ոստիկանութիւնը՝ Դւին կենտրոնով եւ այդ վարչական շրջանն էլ կոչեցին Արմինիա (Հայաստան) որը գոյատեւեց աւելի քան հարիւրյիսուն տարի, մինչեւ Հայաստանի քաղաքական անկախութեան վերականգնումը:

Արաբ աշխարհագէտները, արժէքաւոր տեղեկութիւններ են պահպանել Արմինիա ոստիկանութեան մասին, ի մասնաւորի 9-10 դդ. հեղինակներ՝ Իբն Խորդադբեհի, Իբն ալ-Ֆակիհի, Բալազուրի եւ Եակուբիի հաղորդած տեղեկութիւնները:

Ըստ Խորդադբեհի Արմինիան բաժանւած էր չորս մասի՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ եւ Չորորդ Արմիաների:

Հեղինակը հիմք ունենալով թէ վերոնշեալ արաբ աշխարհագէտների եւ թէ հայ ու օտար պատմաբաների տեսակէտներն ու պատմական փաստերը, մարամասնօրէն ներկայացնում է Արմինիա ոստիկանութեան չորս մասերի սահմանները, քաղաքներն ու աւանները ապա կրկին մանրամասնօրէն ներկայացնում է Ոստիկանութեան ընդհանուր սահմանները որն այստեղ ներկայացնում եմ համառօտ կերպով:

Արմինիա Ոստիկանութեան հիւսիսային սահամանագիծն եղել է Կովկասեան լեռների գավաթնագիծը, արեւելեան սահմանագիծը Կասպից ծովի արեւմտեան ափագծով Դարբանդից մինչեւ Կուր գետի ափաբերանը մէջն առած Բաքուն, հարաւայինը՝ Ուրմիոյ լճի հիւսիսից շարժւում է դէպ արեւմուտք եւ Վանայ լճի հարաւային գծով հասնում է Սասուն եւ մօտ Խարբերդ, այնուհետեւ շարժւում է դէպի հիւսիս սեւ ծով չհասած թեքւում է դէպ արեւմուտք միանալով կովկասեան լեռներին:

Վերոնշեալ տարածաշրջանը ընդգրկում էր Սասանեանների ձեւակերպած Աղւանից մարզպանութիւնը, Սիւնիքը եւ Տփղիս քաղաքը, Վրաց մարզպանութիւնը, Այրարատն ու Ծոփքն, 591 թ. բաժանումից յետոյ, պարսկաստանի տիրապետութեան տակ մնցած հայոց մարզպանութեան տարածքները որոնց բոլորի վրայ իշխել են հայ իշխանները, արաբների կողմից տրւած «Իշխանաց իշխան» տիտղոսով:

Փաստօրէն այսօրւայ Ադրբեջանի արեւելեան ծովափնայ սահմանագիծը, Դարբանդից մինչեւ Կուր գետի ափաբերան, ներառեալ Բաքուն, աւելի քան 200 կմ. երկարութեամբ, ինչպէս նաեւ ներկայիս Ադրբեջանի գրեթէ ամբողջ տարածքը, գտնւել է Արմինիա ոստիկանութեան տիրապետութեան ներքոյ եւ կառավարւել է հայ իշխանների կողմից, արդ թող ինչքան Ալիեւները եւ նրանց մանկլաւիկ պատմաբանները կոկորդ պատռեն եւ Հայաստանն ու Երեւանը իրենցը համարեն, միեւնոյնն է պատմական իրականութիւնը, մնում է իրականութիւն եւ 1918 թւին ծնւած մի շինծու եւ դրածոյ պետութիւն, չի կարող պատմութիւնը ըստ կամս նենգափոխել:

Նոր-Ջուղա

6.4.2019 թ.

Յարակից լուրեր

  • Նազարէթ Պերպերեանի 13.3.2019 թւի յօդւածի առիթով
    Նազարէթ Պերպերեանի 13.3.2019 թւի յօդւածի առիթով

    Շատ ճիշտ է 97 տարի առաջ նորելուկ բոլշեւիկների «Յեղկոմ»-ի կողմից, հակառակ հայ ժողովրդի եւ ժամանակի մտաւորականութեան կամքին, պետականօրէն պարտադրւեց հայ լեզւի իրենց նախընտրած ուղղագրութիւնը, ըստ հեղինակի «սխալագրութիւն»-ը, նպատակ ունենալով հայ ժողովրդից խլել իր ազգային պատմական յիշողութիւնը եւ ձուլել հայ ժողովրդին, «բազմազգ հայրենիք»-ի ու «խոհրդային ժողովրդ»-ի խառնարան կաթսայի մէջ:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Համացանցային սրախօսութիւններ 5
    Համացանցային սրախօսութիւններ 5

    Սննդաբան բժիշկիս ասացի, ես միայն աղցան (սալադ) եմ ուտում, հապա ինչու եմ այսքան գիրանում, բժիշկը պատասխանեց կովն էլ միայն խոտ է ուտում, միթէ չես տեսնում նրա կազմւածքը:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հ. Յ. Դաշնակցութեան ընդհանուր ժողովի առիթով
    Հ. Յ. Դաշնակցութեան ընդհանուր ժողովի առիթով

    Ըստ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական կանոնների յօդւած 20-ի, «Ընդահանուր ժողովը Հ.Յ.Դաշնակցութեան կամքը ներկայացնող գերագոյն ժողովն է որի որոշումները անառարկելի ու պարտադիր են կուսակցութեան բոլոր ժողովների, բոլոր մարմինների եւ բոլոր ընկերների համար: Ընդհանուր ժողովը գերագոյն պահակն է Դաշնակցութեան գաղափարաբանութեան եւ բարոյական ըմբռնումներին»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։