Հա

Ազգային

18/04/2019 - 10:30

Միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք

17 ապրիլ 2019 ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք մշտապէս կապւած են եղել արտաքին գործերի նախարարութեան հետ եւ տարիներ շարունակ Սփիւռքում «անպաշտօն դիւանագիտութեան» դերն ենք խաղացել՝ զօրաւիգ կանգնելով Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:

«alikonline.ir» - 17 ապրիլ 2019 ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք մշտապէս կապւած են եղել արտաքին գործերի նախարարութեան հետ եւ տարիներ շարունակ Սփիւռքում «անպաշտօն դիւանագիտութեան» դերն ենք խաղացել՝ զօրաւիգ կանգնելով Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:

Նա նման դիտարկում արեց «Tert.am»-ի հետ զրոյցում՝ անդրադառնալով աշխատանքային այցով Փարիզ ժամանած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի եւ համայնքի միջեւ սպասվող հանդիպմանը ենթադրւող հարցերի քննարկմանը:

«Մտահոգութիւններ կան, որ Հայաստանը զարգացնի իր դիւանագիտական կապերը պետութիւնների հետ: Մենք՝ Սփիւռքը, այս հարցում կարող ենք մեծ դեր խաղալ, բայց նաեւ ունենք երկու այլ մտահոգութիւններ, որոնք են՝ Արցախեան հիմնախնդիրը եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք չեն ցանկանում, որ օրակարգ նորից մտնի հայ-թուրքական արձանագրութիւնների հարցը: «Պէտք է այս հարցի շուրջ ներքին երկխօսութիւն լինի Հայաստանի կառավարութեան եւ տարբեր հայկական հաստատութիւնների միջեւ, որ համադրւած տեսակէտ լինի: Քանի որ, եթէ ներքին համաձայնութիւն չլինի, մեծ խնդիրներ կառաջանան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ այս կառավարութիւնն առանձնապէս չի անդրադառնում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, սովորաբար ասում է, որ դա կարող է հնարաւոր լինել միայն, եթէ Թուրքիան համաձայնի առանց նախապայմանների նման քայլի գնալ, Մուրադ Փափազեանն արձագանքեց․«Մենք չենք ասում, որ նման հարց կայ սեղանին, բայց ցանկանում ենք դա կանխել: Մենք չենք ասում, որ վախեր ունենք Թուրքիայի մասով, ինչպէս ունենք Արցախի շուրջ զարգացումների վերաբերեալ, բայց նախընտրում ենք նախապէս կանխարգելել նման հարցի առաջ գալը»,- ասաց նա:

Ֆրանսահայ համայնքին, ըստ Մուրադ Փափազեանի՝ ամենաշատը մտահոգում են Արցախեան հիմնախնդրի շուրջ զարգացումները:

Պատասխանելով հարցին՝ հնարաւո՞ր է խօսել խաղաղութիւնից Ադրբեջանի պէս հակառակորդ ունենալու պարագայում, նա նշեց, որ իրենք չեն վստահում Ադրբեջանին, գիտեն, որ վերջինս պատերազմական նպատակներ ունի:

«Գիտենք, որ հիմա Ալիեւի իշխանութիւնը պատրաստ չէ որեւէ խաղաղ, արդարութեան վրայ հիմնւած կարգաւորման: Եթէ սխալւում ենք, շատ աւելի լաւ, բայց հիմա մենք ցանկանում ենք վատ հետեւանքների առաջն առնել: Գիտենք, որ Հայաստանի կառավարութեան վրայ ճնշում կայ, եւ մենք ցանկանում ենք պատգամ ուղարկել, որ միասնականօրէն հայ ազգը, հայ ժողովուրդը, հայկական աշխարհը զօրավիգ է կանգնում Արցախին եւ պատրաստ չէ զիջել այն, ինչ ձեռք է բերւել արիւնով»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանը մանրամասնեց, թէ ինչ նկատի ունի՝ ասելով, որ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրւում:

«Մենք տպաւորութիւն ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ընդհանրապէս միջազգային հանրութեան կողմից Հայաստանի վրա ճնշումներ կան, որ զիջի 7 շրջանները եւ յետոյ հանգրւանային հիմքի վրայ հիմնախնդրի լուծումը գտնի: Այդ հայեցակարգը մենք ի սկզբանէ մերժել ենք: Այսօր ճնշումներ կան գերտէրութիւնների կողմից, որովհետեւ առեւտրատնտեսական ոլորտում պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ եւ ցանկանում են, որ հիմնախնդրի լուծման ժամանակ նա շահի: Հնարաւոր է՝ Հայաստանը դժւար դրութեան մէջ է, բայց մենք ասում ենք, վստահեցնում ենք, որ միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք: Մեր միասնականութիւնը պարտադրելու է, որ ապահովենք Արցախի, հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի իշխանութիւնների՝ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերաբերեալ յայտարարութիւններին, Մուրադ Փափազեանը նշեց, որ ողջունել են Նիկոլ Փաշինեանի մօտեցումը, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային գործընթաց:

«Եթէ նոր մօտեցում ունի Ադրբեջանը, ապա առաջին բանը, որ պէտք է անի, ընդունելն է այս ցանկութիւնը: Երբ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրւած չէ եւ չի կարող ներկայացնել Արցախին, պէտք է ընդունելի լինի Ադրբեջանի եւ համանախագահների համար: Եթէ Ադրբեջանը դրական մօտեցում ունի այսօր, ապա չպէտք է դժւարութիւն ունենայ Արցախին բանակցային սեղանին ընդունելու հարցում»,- ասաց նա:

Խօսելով Ֆրանսիայի, որպէս ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի պասիւութեանը ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, Մուրադ Փափազեանը պատճառաբանեց՝ Ֆրանսիայի համար դժւար է մեծ ազդեցութիւն ունենալ գործընթացի վրայ, որտեղ ակտիւ են գերտէրութիւններ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

«Ռուսաստանն ուղղակի ազդեցութիւն ունի տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել այստեղ: Իսկ Ֆրանսիան այս երկու մեծ պետութիւնների մէջ է եւ փորձում է լսելի դարձել իր դիսկուրսը»,- ասաց նա, նկատեց նաեւ, որ միեւնոյն ժամանակ չի կարող անտեսւել հարցը, քանի որ յայտնի է՝ ֆրանսահայ համայնքի համար առաջնահերթութիւն է Արցախը եւ ընտրութիւններին հաշւի է առնում, թէ թեկնածուները ինչպէս են վերաբերում հիմնախնդրին:

Ֆրանսիան ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, ըստ Մուրադ Փափազեանի, համակրում է հայկական կողմին, բայց միեւնոյն ժամանակ գիտի, որ պէտք է չէզոք լինել:

«Պէտք է փորձեն հիմնախնդրի լուծման ճանապարհ գտնել: Նախագահ Օլանդը առաջարկ էր արել, որ հինգ շրջանները յանձնենք Ադրբեջանին եւ այնուհետ Արցախում հանրաքւէ անցկացնենք: Բայց դա էլ պէտք է քննարկել Արցախի հետ, իմանալ՝ արդեօք այն ընդունելի է՞ նրա համար: Որոշողն իրենք են»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանը նշեց, որ վստահ է, որ այսօր հանդիպումից յետոյ նախարար Մնացականեանը հաշւի կառնի իրենց դիտարկումները: «Եթէ Հայաստանի կառավարութիւնը եւ ֆրանսահայ համայնքը կարողանան նոյն պատգամները փոխանցել, ապա հնարաւոր կը լինի ապահովել Ֆրանսիայի դրական դերը հիմնախնդրի կարգաւորման գործընթացում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։