Հա

Ազգային

20/04/2019 - 09:50

«Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան ոլորտում արդէն արւածին իրաւական հիմք է տալու». Կիրօ Մանոյեան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան ոլորտում արդէն արւածին իրաւական հիմք է տալու եւ դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան ոլորտում արդէն արւածին իրաւական հիմք է տալու եւ դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

«Որպէսզի չստացւի, որ ամէն անգամ վարչապետը ստիպւած լինի ասել` ես չեմ ընտրւել Արցախի բնակչութեան քւէով, եւ այլն: Կամ՝ Հայաստանը յայտարարում է, որ ինքն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, բայց չի ասւում՝ իրաւական ի՞նչ հիմքի վրայ: Միւս կողմից՝ այնպէս չէ, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրւել. կայ միջպետական պայմանագիր, միջկառավարական, որն ինչ-որ առումով նաեւ ճանաչում է ենթադրում: Այսինքն՝ փաստն այն է, որ ինչ-որ առումով մենք արդէն ճանաչել ենք՝ սկսած նաեւ նրանից, որ Արցախի Հանրապետութիւնը ՀՀ-ում ունի ներկայացուցչութիւն, որը պաշտօնական Երեւանի տեսանկիւնից նոյն կարգավիճակն ունի, ինչ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանութիւնները: Աւելին` ՀՀ կառավարութիւնը, ԱԺ-ի համաձայնութեամբ, ամենամեայ վարկ է տրամադրում Արցախին՝ բիւջէով է նախատեսւած եւ միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Միւս պահը՝ ՀՀ կառավարութիւնը բուհերում տեղեր է յատկացնում Արցախի քաղաքացիների համար»,- նշեց Մանոյեանը՝ յիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսեանն ասում էր, թէ Արցախի անկախութեան ճանաչումը կը յանգեցնի պատերազմի վերսկսման, ինչը թոյլ չէր տալիս երրորդ երկրի ասել՝ ճանաչի՛ր, եւ ինչն Ադրբեջանը քարոզչական դաշտում օգտագործում էր:

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման պայմանագրի ստորագրումը: Չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետութիւնները դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց Ադրբեջանին էլ դեղին քարտ կը լինի, որ նա չի կարող առյաւէտ բանակցութիւններն իր քմահաճոյքներին գերի պահել: Իհարկէ, այնպէս չէ, որ յաջորդ օրը երկրները հերթ կը կանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախութիւնը, բայց դա կը հեշտացնի միջազգային ճանաչման գործընթացը: Սա կարեւոր է բոլորի համար՝ ՀՀ-ն իրաւականօրէն կը հիմնաւորի իր արածները, տեղ կը բացւի բանակցութիւններին Արցախի լիիրաւ մասնակցութեան համար»,- շեշտեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարը:

Հարցին՝ հնարաւո՞ր է, որ, բացի ՄԽ համանախագահող երկրների դժգոհութիւնից, առաւել լուրջ խնդիրների առջեւ կանգնենք, քանի որ, ըստ էութեան, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն իրենից դիւանագիտական փաստաթուղթ է ներկայացնելու, նա ասաց` այս փաստը Ադրբեջանը կարող է որպէս պատրւակ գործածել:

«Ինչ վերաբերում է ՄԽ-ին, ապա համանախագահող երկրները բազմիցս ասել են, որ իրենք դատավոր չեն, այլ բանակցութիւնների իրականացմանն աջակցող: Շատ կարեւոր է, որ նրանք լինեն: Մենք Ադրբեջանի պարտադրած եւ սանձազերծած պատերազմում զէնքով յաղթել ենք, բայց իրաւական փաստաթուղթ է հարկաւոր, որ աշխարհը ճանաչի՝ ինչպէս է հարցը եզրահանգւում: Եթէ ՄԽ համանախագահողներն ուզեն դժգոհութիւնից աւելի բան անել, կարող է դիւանագիտական մէկ-երկու բան փորձեն, բայց ուրիշ բան չեն կարող անել: Դա նրանց իրաւասութեան մէջ չի էլ մտնում»,- նշեց Մանոյեանը:

Ըստ նրա` Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը նաեւ հումանիտար ոլորտում է իրաւական հիմք լինելու բազմաթիւ հարցեր լուծելու համար, որոնք այսօր Հայաստանն է լուծում, սակայն իրականում միջազգային հանրութեան կատարելիքն է:

«Օրինակ՝ Արցախի Հանրապետութիւնը ճանաչւած չէ, եւ եթէ չլինէր Հայաստանի կողմից անձնագրերի տրամադրումը, ապա Արցախի բնակիչը չէր կարող երկրից դուրս գալ: Այս հարցով միջազգային հանրութիւնը պիտի զբաղւի, ՄԽ համանախագահողները պէտք է ՀՀ-ին շնորհակալ լինեն, որ սրանով ՀՀ-ն է զբաղւում: Պայմանագիրը սրան իրաւական հիմք է տալու»,- յաւելեց Մանոյեանը՝ ասելով, որ ՄԽ-ն դժգոհութիւն կարտայայտի, քանի որ միշտ էլ կողմերի միջեւ կեղծ հաւասարութեան նշան է դնում:

ՀՅԴ Բիւրոյի անդամը նաեւ ընդգծեց` մենք գնում ենք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով, իսկ Ադրբեջանի ցանկացած քայլին պատրաստ ենք:

Նա յիշեցրեց Կոսովոյի անկախութեան ճանաչման փաստը, երբ միջազգային միջնորդները հազիւ երեք տարի համբերեցին, որ Սերբիան համաձայնի իրենց առաջարկած լուծումներին: «Երեք տարի բանակցութիւններից յետոյ ասացին՝ Սերբիան, միեւնոյն է, կարծիքը չի փոխի, ուրեմն մենք քայլ ենք ձեռնարկում: Եւ արդէն մօտ 100 պետութիւն ճանաչել է Կոսովոյի անկախութիւնը»,- ասաց Մանոյեանը՝ չհամաձայնելով պնդումներին, թէ Կոսովոյի դէպքը իւրայատուկ է: «Արդարադատութեան միջազգային դատարանը Կոսովոյի հարցով 2010 թւականի յուլիսի` իր խորհրդատւական տեսակէտի մէջ անդրադառնում է ինքնորոշման իրաւունքին եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքին՝ անկախ Կոսովոյից: Այնտեղ ասւում է, որ տարածքային ամբողջականութեան, ժողովուրդների իրաւահաւասարութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքը երկու տարբեր հարթութիւնների վրայ են: Երկրորդ՝ վերջին 150 տարւայ մէջ մօտ 100 պետութիւն ինքնորոշւել է այդ ձեւով»,- պարզաբանեց Մանոյեանը:

Հարցին` արդեօ՞ք Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը կը նպաստի միջազգային կառոյցներում Արցախից ներկայացուցիչ ունենալուն, նա պատասխանեց, որ դա հեշտ չի լինի: «Գրեթէ բոլոր միջազգային կառոյցներում հասանելի են ՄԽ համանախագահող երկրները՝ կա'մ երեքը միասին, կա'մ նրանցից 1-2-ը, բայց փաստ է՝ պայմանագիրը մեծացնելու է առանձին պետութիւնների կողմից Արցախի անկախութեան ճանաչման հաւանականութիւնը»,- յաւելեց Կիրօ Մանոյեանը:

Յարակից լուրեր

  • Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանայ մասնակցել Թուրքիայում անցկացւելիք մրցաշարին
    Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանայ մասնակցել Թուրքիայում անցկացւելիք մրցաշարին

    Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հաւաքականի անդամ Մարիա Գէորգեանին խնդրել են հրաժարւել Թուրքիայում անցկացւելիք միջազգային մրցաշարից, որպէսզի ադրբեջանիցները մասնակցեն:

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։