Հա

Ազգային

06/05/2019 - 08:40

Թուրքիան վախենում է արդարադատութիւնից

«Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունւած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունւած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

«Նրանք տեսնում են գլոբալ խաղատախտակը եւ գիտեն, որ կորցնում են իրենց ուժն ու դիրքերը: Նրանք յուսահատութեան մէջ են, շախմատային լեզւով ասած՝ «մատի» վիճակում են, որովհետեւ այդքան մեծ ջանքեր գործադրելով ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան մէջ՝ նրանք գիտեն, որ, միեւնոյն է, չեն կարող խոչընդոտել արդարադատութեան կայացմանը»,- նշեց Համբարեանը:

Ցեղասպանութեան ժխտումը սպառնալիք է Հայաստանին

Ամերիկայի Հայ Դատի գրասենեակի ղեկավարն անդրադարձաւ նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի յայտարարութեանը ապրիլի 24-ին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պատասխանին: Էրդողանը լկտի եւ ցինիկ արտայայտութիւններ էր իրեն թոյլ տւել մէկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների մասին՝ ասելով, թէ «Արեւելեան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանութիւնը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»: Նիկոլ Փաշինեանը պատասխանել էր, որ ապրիլի 24-ին նման յայտարարութիւն անելը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդէպ խորին վիրաւորանք է և ծայրայեղ ատելութեան խօսք անձամբ Էրդողանի կողմից:

Արամ Համբարեանը ողջունում է Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը Էրդողանի յայտարարութեանը. «Բոլոր հայերը՝ մեր հայրենիքում եւ ամբողջ աշխարհով մէկ, ընդհանուր պատասխանատւութիւն են կրում կոտրելու Թուրքիայի ժխտողականութիւնը՝ հաստատելով Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը եւ թոյլ չտալով Անկարային խոչընդոտել արդարադատութեանը այս յանցագործութեան համար: Այս համատեքստում մեզ համար միշտ ուրախալի է տեսնել ուժեղ ղեկավարութիւն Երեւանից: Մենք բոլորս էլ գիտենք, որ ցեղասպանութիւնը անպատիժ թողնելու՝ Անկարայի ստեղծած նախադէպը սպառնալիք է Հայաստանին եւ բոլոր ազգերի անվտանգութեանը: Հետեւաբար, ցեղասպանութեան ժխտման դէմ պայքարը աւելի շատ ապագային է վերաբերում, քան թէ անցեալին. ազգային անվտանգութեան մարտահրաւէրը շատ աւելի մեծ է, քան ազգային յիշատակը»:

Թուրքիան վախենում է արդարադատութիւնից

Այս վերջին օրերին մէկ այլ ուշագրաւ իրադարձութիւն տեղի ունեցաւ՝ կապւած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդրի հետ:

Մամուլում տեղեկութիւն տարածւեց այն մասին, թէ իբր ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանը խոստացել է յայտնի կոնգրեսական Ադամ Շիֆին ֆինանսապէս աջակցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը վերաբերող բանաձեւի առաջխաղացմանը: Շուտով, սակայն, պարզւեց, որ տեղեկութիւնը կեղծ է: Ադամ Շիֆը յայտարարեց, որ իր անունից գործող կեղծ կայք է բացւել եւ իրականութեանը չհամապատասխանող հաղորդագրութիւն է տարածւել իր եւ Սաուդական Արաբիայի դեսպանի հանդիպման մասին:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը այս դէպքը եւս դիտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան շրջանակներում:

Համբարեանը հետեւեալ կերպ է մեկնաբանում տարածւած ապատեղեկատւութիւնը. «Անկարայի դաշնակիցները կեղծ լուրեր են տարածում աւելի քան մէկ դար, ինչը յանցագործութիւնը թաքցնելու ամենախոշոր ու ամենաերկարատեւ դէպքն է համաշխարհային պատմութեան մէջ: Նրանք պայքարում են ճշմարտութեան դէմ, քանի որ վախենում են արդարադատութիւնից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։