Հա

Ազգային

07/05/2019 - 12:20

Հայկական կողմերը պարտաւոր են ամրապնդել իրենց պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը

Ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանի ելոյթն այսօր՝ մայիսի 7-ին Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ:

Ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանի ելոյթն այսօր՝ մայիսի 7-ին Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ:

 

ՀՀ եւ ԱՀ միջեւ համապարփակ համագործակցութեան եւ փոխյարաբերութիւնների կարգաւորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտութիւն է: Այս նպատակադրումը լիովին համահունչ է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին եւ բխում է արցախեան հակամարտութեան կարգաւորման ներկայ գործընթացով պայմանաւորւած մարտահրաւէրներից եւ խնդիրներից:

Ակնյայտ է, որ մարդու տարրական իրաւունքները չեն կարող շարունակաբար ոտնահարւել կամ անտեսւել, իսկ հումանիտար ծրագրերը արգելափակւել կամ կասեցւել միայն այն պատճառով, որ շուրջ 30 տարի է, ինչ չի յաջողւում, կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը:

Արցախի Հանրապետութեան ամբողջ մի սերունդ զրկւած է տարրական իր այս լեգիտիմ իրաւունքները լիարժէք իրացնելու եւ միջազգային հումանիտար ծրագրերից լիիրաւ օգտւելու հնարաւորութիւնից: Այս անարդարութեանը վերջ դնելը ոչ միայն հայ ժողովրդի անքակտելի իրաւունքն է, այլեւ միջազգային հանրութեան եւ միջնորդ կողմերի հիմնական պարտաւորութիւնը:

Ակնյայտ է նաեւ, որ Արցախի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարւած որեւէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք միեւնոյն ժամանակ ուղղւած է լինելու անմիջականօրէն Հայաստանի Հանրապետութեանը: Հետեւաբար երկու հայկական պետութիւնների համար, միասնական անվտանգութեան ու պաշտպանութեան համակարգ ձեւաւորելը բնական ու կենսական պահանջ է:

Եթէ որեւէ այլ բան չասւէր, արդէն այս երկու կենսական նշանակութիւն ունեցող՝ հումանիտար եւ անվտանգային, խնդիրների փաթեթը իրաւական կարգաւորման դաշտ բերելու հրամայականի արձանագրումը բաւարար է փաստելու, որ մեր երկու հայկական պետութիւնները կարիք ունեն իրենց փոխյարաբերութիւնները նոր՝ իրաւապայմանագրային մակարդակի վրայ բարձրացնելու:

Դէ ֆակտօ առկայ իրողութիւնները դէ իւրէ դաշտում չամրագրելը կաշկանդում է մեր գործողութիւններն ու իրարամերժ իրավիճակներ ստեղծում: Քանզի ինչպէս ժողովրդական խօսքն է ասում՝ ուղտը նստած, կուզեկուզ ման գալ չենք կարող:

Աւելին, ոչ միացում, ոչ անկախութեան ճանաչում վիճակը, ոչ միայն չի կարող այսպէս շարունակւել, այլեւ աշխատում է մեր դէմ:

Այս առումով, բաւական է միայն յիշատակել մարդու իրաւունքների եւրոպական դատարանի համապատասխան վճիռը ըստ որի, ազատագրւած տարածքներում չի ճանաչւում ԼՂՀ գերիշխանութիւնը այլ արձանագրւում է Հայաստանի կողմից այդ տարածքների նկատմամբ իրականացւող էֆեկտիւ վերահսկողութեան մասին:

Ռազմավարական դաշինք կնքելու այս քայլը հնարաւորութիւն է ընձեռնում յստակութիւն մտցնել հիմնախնդրի լուծման հայեցակարգի մէջ, մի կողմից ամրագրելով միացումը որպէս ռազմավարական նպատակ, անկախութիւնը, որպէս մարտավարական միջոց, միւս կողմից՝ հաղորդելով անհրաժեշտ նախաձեռնողականութիւն մեր արտաքին քաղաքականութեանը՝ բացայայտ եւ վճռականօրէն ներկայացնելու ու պաշտպանելու մեր համազգային շահերն ու իրաւունքները:

Այսպիսի դաշինքի կնքումը ոչ միայն կոչւած է կարգաւորելու Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների հանրային կեանքին առնչւող խնդիրներն ու ապահովելու նրանց իրաւունքների անկաշկանդ իրացումը երկու հանրապետութիւններում եւ արտերկրում, այլեւ նպաստելու հայկական կողմերի համարժէք եւ իրաւաչափ մարտավարութեան իրագործմանը հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջացող տարաբնոյթ զարգացումների պարագայում:

Այսպիսի իրաւաչափութեան եւ համարժէքութեան հիմքը Ադրբեջանի փաստացի հրաժարումն է խաղաղ կարգաւորման պահանջներից եւ լիարժէք բանակցութիւններից, ինչպէս նաեւ նրա կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հարցը լուծելու մարտավարութիւնը:

Ըստ այդ ռազմաքաղաքական մարտավարութեան, Ադրբեջանի անփոփոխ նպատակը եղել եւ մնում է Ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորել սեփական «ադրբեջանական մոդուսին» համապատասխան:

Առ այդ, ըստ Ադրբեջանի բանակցային գործընթացը պէտք է յանգի ոչ թէ հիմնախնդիրը իր պատճառահետեւանքային կապի մէջ լուծելուն, այլ ծառայի Արցախն իր կազմի մէջ ամէն գնով՝ թէկուզեւ ուժի միջոցով վերադարձնելու ծրագրին: Բանակցային որեւէ այլ արդիւնք Ադրբեջանի համար ըստ էութեան մերժելի է: Հետեւաբար, ըստ Ադրբեջանի, խաղաղ կարող է լինել միմիայն այնպիսի կարգաւորումը, որն ամրագրում է իր հռչակած ցանկալի արդիւնքները:

Այս պայմաններում լիովին արդարացւած են բոլոր այն միջոցները, որոնք կոչւած են ամրապնդելու Հայաստանի եւ Արցախի սուվերէն իրաւունքից եւ կենսական անհրաժեշտութիւնից բխող միասնական անվտանգութիւնն ու լեգիտիմ ինքնապաշտպանութիւնը: Հետեւաբար, Հայաստանի եւ Արցախի շուրջը շրջափակման եւ պատերազմական իրավիճակով ձեւաւորւած թշնամական միջավայրում հայ ժողովրդի անօտարելի իրաւունքն է միջազգային ճանաչում, յարգանք եւ աջակցութիւն հայցել իր անվտանգութիւնն ու զարգացումն ապահովելուն ուղղւած քայլերի ու նախաձեռնութիւնների վերաբերեալ:

Այսպիսի դաշինքի կնքումը ինքնին հիմք չի կարող ծառայել հայկական կողմերին մեղադրելու բանակցային գործընթացը խափանելու մէջ: Քանի որ,

-նախ եւ առաջ, այն պարզ պատճառով, որ առանց միջազգայնօրէն ճանաչւած լիարժէք եռակողմ ձեւաչափը վերականգնելու ընթացող հանդիպումները չեն կարող համարւել ամբողջական եւ իրական բանակցութիւններ, իսկ այդպիսիք տեղի չեն ունենում միմիայն Ադրբեջանի ոչ բանակցելի կեցւածքի պատճառով,

-2016 թ. ապրիլեան պատերազմը եւս մէկ անգամ փաստեց, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու եւ յետ մղելու միակ գործուն միջոցը եղել է, կայ եւ մնալու է Հայկական բանակը: Միջնորդ կողմերը դա չկարողացան կանխել եւ չորս օր ուշացան: Հետեւաբար չի բացառւում, որ նոյնը կրկնւի,

-այսպիսի դաշինքի կնքումը համահունչ է 1994 թ. ստորագրւած հրադադարի մասին պայմանագրին, ի դէպ, որի 25-ամեակն է լրանում այս օրերին, լիովին համապատասխանում է այն ստորագրած երեք կողմերի այդ թւում Ադրբեջանի ստանձնած յանձնառութեանը՝ բանակցութիւնների միջոցով հասնել հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու վերջնական հաշտութեանը,

-ֆորմալ առումով, այսպիսի համաձայնագիրը լիովին համապատասխանում է նաեւ «միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրէնքին, ինչը հնարաւորութիւն է ընձեռնում Հայաստանի Հանրապետութեանը խաղաղութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, մարդասիրական, տեխնիկական աջակցութեան եւ այլ հարցերով պայմանագիր ստորագրել անգամ միջազգային իրաւունքի սուբիեկտ չճանաչւած կողմի հետ:

Միեւնոյն ժամանակ, դաշինքի անհարժեշտութիւնն ու նշանակութիւնն կարելի է փաստել առնւազն երեք տեսանկիւնից.

ա) Ադրբեջանին հակազդելու տեսանկիւնից, որը օգտագործում է իր քարոզչութեան մէջ Արցախի եւ Հայաստանի փոխյարաբերութիւնների եւ կարգավիճակների չհստակեցւած վիճակը:

Մանաւորապէս,

Արցախի որպէս սուբիեկտի անտեսումը, Արցախի տարածք այցելութիւնները անօրինական հռչակելը, հիմնախնդիրը որպէս իր ներքին հարց ներկայացնելը եւ խնդրի միջազգային կարգաւորումը Ադրբեջանի սահմանադրական կարգը վերակագնելու գործընթացով փոխարինելու քայլերը, ինչպէս նաեւ Ադրբեջանի հետ հակամարտութեան որպէս միակ կողմ Հայաստանին ճանաչելու հնարաւորութիւնը:

բ) Միջազգային նորմերին եւ ընդունւած պրակտիկային համապատասխան կարգաւորումներ ապահովելու տեսանկիւնից՝ Հայաստանի Հանրապետութիւնը ստանձնել է այն, ինչը պարտաւոր էին անել միջազգային կառոյցներն ու միջնորդ կողմերը. ապահովել տւեալ տարածքում բնակւող մարդկանց տարրական իրաւունքների ու ազատութիւնների իրացումը՝ անկախ հակամարտութեան չկարգաւորւած լինելու հանգամանքից:

գ) Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգութիւնը ու պաշտպանութիւնը ապահովելու տարբեր բնագաւառներում երկու կողմերի փոխյարաբերութիւնները կարգաւորելու եւ մեր համազգային կենսական շահերն ու նպատակները արդիւնաւէտ պաշտպանելու եւ հետապնդելու տեսանկիւնից:

Մինչ օրս տարբեր մակարդակներում կնքւած միջգերատեսչական եւ միջկառավարական համաձայնագրերի գոյութիւնը ինքնին վկայում է, որ կեանքը պարտադրում է, բազմաթիւ ոլորտներում առկայ փաստացի կապերը կարգաւորել իրաւապայմանագրային ձեւաչափերով: Առաւել եւս թուրք-ադրբեջանական տանդեմի գոյութիւնը եւ նրա թշնամական էութիւնը լիարժէք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախ տանդեմի ձեւաւորման, իրավական ամրապնդման եւ Հայաստանի ՝ Արցախի անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւորը լինելու փաստի միջազգային ճանաչման համար:

Այսպիսով,

-պէտք է առաջնորդւել նրանով, որ պատերազմը ամէն պահի կարող է վերսկսւել: Հետեւաբար, չի կարող մի կողմը պատրաստւել պատերազմի, միւս կողմը՝ խաղաղութեան,
-ուստի, հայկական կողմերը պարտաւոր են ամրապնդել իրենց պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը՝ ոչ թէ քողարկւած, այլ բացայայտ՝ ամրապնդելով եւ ուղղորդելով համապատասխան գործողութիւնները անհրաժեշտ իրաւապայմանագրային կարգաւորումների միջոցով:

Հարկաւոր է,

-առաջացնել բանակցութիւններին զուգահեռ փոխլրացնող գործընթաց, որը մի կողմից կոչւած է հարստացնելու հայկական կողմերի դիւանագիտական զինանոցը՝ արծարծելով հարցեր, որոնք պաշտօնական մակարդակով նպատակայարմար չէ բարձրաձայնել, միւս կողմից՝ նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչմանը՝ համահայկական տարողութիւն հաղորդելով Արցախի ժողովրդի անկախութեան եւ ազատագրութեան պայքարին:

Անհրաժեշտ է,

-հասնել Արցախի ներգրաւմանը միջազգային ինտեգրացիոն եւ անվտանգային գործընթացների մէջ՝ մղելով միջնորդներին եւ միջազգային դերակատարներին բացառելու հակամարտութեան գօտու բնակիչների մեկուսացումն եւ իրաւունքների անտեսումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։