Հա

Ազգային

07/05/2019 - 09:20

Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել

Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջերս Միջին Արեւելքի երկրներում առաւել շատ է շօշափւում: Այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում Թուրքիայի ազդեցութեան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վեռա Եակուբեանի հետ:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջերս Միջին Արեւելքի երկրներում առաւել շատ է շօշափւում: Այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում Թուրքիայի ազդեցութեան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վեռա Եակուբեանի հետ:

 

- Ի՞նչ աշխատանքներ է կատարել Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակը եւ ի՞նչ արդիւնքներ է կարողացել ապահովել:

– Նախ ասեմ, որ գրասենեակի գործունեութեան դաշտն ընդգրկում է Սիրիան, Լիբանանը, Իրանը, Եգիպտոսը, Իրաքը եւ Արաբական Ծոցի երկրները: Միջին Արեւելքի գրասենեակը գործում է 2005-ից ի վեր: Գրասենեակի նպատակն է՝ շրջանի արաբ եւ իսլամ ժողովուրդներին ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութեան փաստը, նրանց բացատրել թուրքական պետութեան իսկական դիմագիծը, ինչպէս նաեւ զարգացնել հայ-արաբական եւ իսլամական հարաբերութիւնները տարբեր բնագաւառների եւ մակարդակների վրայ: Իր հիմնադրութիւնից ի վեր, եւ հակառակ իր դիմագրաւած դժւարութիւններին, գրասենեակին յաջողւեց նոր որակ ստեղծել եւ նոր թափ տալ տարածաշրջանում Հայ Դատի աշխատանքներին: Այսինքն՝ կարճ ժամանակում գրասենեակին յաջողւեց ինքն իրեն հաստատել որպէս հաւաստի աղբիւր հայութեանը վերաբերող հարցերին: Գրասենեակը դարձաւ յստակ եւ հաւաստի աղբիւր ընդհանրապէս արաբական լրատւական, մտաւորական եւ, երբեմն, քաղաքական շրջանակների համար:

Միջին Արեւելքում Հայ Դատի գործունէութիւն ծաւալելը հեշտ խնդիր չէ: Լաւ գիտենք, որ տարածաշրջանի արաբական եւ իսլամական երկրները սերտ յարաբերութիւններ ունեն Թուրքիայի հետ՝ կրօնական, տնտեսական եւ զինւորական բնագաւառներում: Թուրքիան, իբրեւ իսլամական երկիր, իր ներկայ իշխանութիւններով փորձում է առաւելագոյն չափով օգտագործել կրօնական հանգամանքը եւ սիրաշահել արաբական-իսլամական երկրների վստահութիւնը, ու Հայ Դատը ներկայացնել իբրեւ քրիստոնեայ-իսլամ հակադրութիւն: Ուրեմն, գրասենեակի առաջնահերթ նպատակն է՝ այդ երկրներին բացատրել երեւոյթը՝ Թուրքիայի վարած քաղաքականութեան հակահայ իսկութիւնը եւ ցեղասպանութեան պատմական իրողութիւնը խեղաթիւրելու փորձերը: Այս աշխատանքը հետեւողական բնոյթ ունի, որովհետեւ, ինչպէս ասացի, կրօնական գործօնը մեծ դեր է խաղում այս տարածաշրջանի քաղաքական շրջանակներում: Միջին Արեւելքը նման չէ Արեւմտեան աշխարհին, որովհետեւ այնտեղ հաստատւած են ժողովրդավար կարգեր, գործում է մարդկայինը եւ փոքրամասնութիւնների սկզբունքները, ինչը որ գոյութիւն չունի այս շրջանում: Հետեւաբար, կարելի է ասել, որ հակառակ դժւարութիւններին, աշխատանքը հետեւողական է:

Գրասենեակի գործնական աշխատանքների իմաստով՝ կարելի է ասել, որ գրասենեակը կազմակերպում է խորհրդաժողովներ եւ կլոր սեղաններ, հրատարակում է արաբերէնով գրքեր, ունի իր կայքէջը եւ ֆէյսբուքեան էջը, հրապարակում է հայութեանը վերաբերող լուրեր եւ մնայուն կապի մէջ է արաբական աշխարհի լրատւամիջոցների եւ ուսումնասիրական կենտրոնների հետ:

 

- Քաղաքական տեսանկիւնից՝ ի՞նչ ազդեցութիւն ունի Թուրքիան Արաբական աշխարհում, մասնաւորապէս՝ հակաիսրայէլական կեցւածքի դրսեւորման արդիւնքում:

- Ինչպէս նշեցի, Թուրքիայի ներկայ իսլամական իշխանութիւնները ուզում են արաբական եւ իսլամական աշխարհ մուտք գործել եւ ազդեցութիւն ունենալ շրջանի տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, ընկերային եւ զինւորական շրջանակների վրայ:

Արաբական գարունից առաջ Թուրքիան աշխարհին ներկայացաւ նոր դիմագծով, օգտագործեց կրօնական ազդակը եւ փորձեց արդար միջնորդի դեր խաղալ արաբական երկրների յարաբերութիւններում եւ հակամարտութիւններում: Այս դերակատարութիւնը, պէտք է ասել, յաջողւեց, ծաւալւեց, եւ Թուրքիան սերտ համագործակցութիւն ստեղծեց շրջանի բազմաթիւ երկրների հետ: Այս երեւոյթը մտահոգիչ եւ վտանգաւոր դարձաւ ոչ միայն Հայ Դատի մեր աշխատանքների համար, այլ նաեւ հայութեան հաւաքական ներկայութեան: Միաժամանակ, Թուրքիան դարձաւ Պաղեստինյան դատի դրօշակակիր եւ հակադրւեց Իսրայէլին, յատկապէս՝ Գազա ուղղւող Ազատութեան նաւատորմիղի դէպքից յետոյ: Այդ օրերին արաբական տարբեր երկրներում բարձրացան թուրքական դրօշներ, եւ Թուրքիայի՝ օրւայ վարչապետ Էրդողանի նկարները:

Արաբական գարունից յետոյ այս պատկերը փոխւեց: Թուրքիայի ժխտական դերակատարութիւնը Արաբական գարնան մէջ թշնամական տրամադրութիւններ առաջացրեց արաբական մի շարք պետութիւնների մօտ: Սիրայում եւ Եգիպտոսում, օրինակ, արաբը տեսաւ թուրքի իսկական դիմագիծը, որովհետեւ Թուրքիան այն պետութիւնն է, որը քաջալերեց եւ տարածեց ահաբեկչութիւնը, իր սահմանները բացեց, դիւրացրեց ահաբեկիչների ու զինամթերքի մուտքը, եւ նիւթապէս ու բարոյապէս զօրավիգ կանգնեց արաբական մի շարք երկրների կործանմանը:

Այդ պատճառով, մենք այսօր նոյն այս արաբական երկրներում հայկական օրակարգի ուղղութեամբ որոշ հետաքրքրութիւն ենք տեսնում:

 

- Ցեղասպանութիւնից յետոյ ի՞նչ օգնութիւն է ցուցաբերել Արաբական աշխարհը Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերին:

- Որպէս Ցեղասպանութեան հետեւանք՝ բազմահազար հայեր ապաստան գտան արաբական տարբեր երկրներում, յատկապէս՝ Սիրայում, Իրաքում, Պաղեստինում եւ Լիբանանում: Հայերն անպատրաստ վիճակով հասան այս երկրներ, որտեղ իրենց դիմաւորեցին արաբ ժողովուրդները՝ հակառակ Օսմանեան իշխանութիւնների սպառնալիքներին: Արաբները, չենթարկւելով Օսմանեան իշխանութիւնների հրահանգներին, իրենց դռները բացեցին հայութեան առաջ եւ ընդունեցին նրանց: Մի իրողութիւն, որ չի կարելի երբեք ուրանալ, այլ, ընդհակառակը, պէտք է երախտապարտ լինել: Այս իմաստով նշանակալից է Մեքքայի իշխան Շիրիֆ Հուսէյն Բին Ալիի յայտարարութիւնը՝ ուղղւած շրջանի արաբներին եւ իսլամներին, որի մէջ նա խնդրում է ամէն կերպ օժանդակութիւն ցուցաբերել Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերին:

 

- Իսլամական աշխարհում ինչպէ՞ս է գնահատւում Արաբական երկրներում ապաստան գտած՝ Ցեղասպանութեան ենթարկւած գաղթականների նկատմամբ հիւրընկալ վերաբերմունքը: Այժմ ի՞նչ վիճակում են այդ համայնքները:

- Ինչպէս ասացի, Ցեղասպանութեան հետեւանքով արաբ-իսլամական երկրներում ապաստան գտած հայութիւնը ընդունւեց արաբական տարբեր երկրների կողմից: Հայերը, ամբողջովին տարբեր միջավայրից եւ մշակոյթից եկած, իրենք իրենց գտան լրիւ տարբեր եւ օտար միջավայրում, սակայն տարիներ յետոյ նրանք յարմարւեցին տեղի միջավայրին: Հայերն իրենց հայրենիք վերադառնալու ամէն յոյս կորցնելուց յետոյ սկսեցին վերակազմակերպւել. կառուցեցին եկեղեցի, դպրոց, ակումբ եւ հիմնեցին բարեսիրական միութիւններ՝ պահպանելու համար լեզուն եւ մշակոյթը: Արաբական եւ իսլամական երկրներն օժանդակեցին, որ հայը պահպանի իր ինքնութիւնը՝ համակերպւելու, ինչպէս նաեւ բարգաւաճելու եւ առաջադիմելու: Բնականաբար, հայերն իրենց աշխատանքով երբեք բեռ չդարձան հիւրընկալող երկրների վրայ, այլ, ընդհակառակը, հայը նեցուկ կանգնեց արաբ-իսլամական երկրների քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարգաւաճմանը, յատկապէս երկրորդ աշխարհամարտից յետոյ:

Այսօր շրջանում մենք ունենք կազմակերպւած գաղութներ, յատկապէս Լիբանանում, Իրանում եւ Սիրիայում: Կան նորաստեղծ գաղութներ Քուվէյթում եւ Ծոցի մի շարք երկրներում: Սակայն շրջանի ապահովական եւ տնտեսական իրադարձութիւնների հետեւանքով, յատկապէս Արաբական գարունից յետոյ, մի շարք գաղութներում հայութեան թիւը նւազել է:

 

- Արաբական որոշ երկրների՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների սրման հետեւանքով կարծես թէ շօշափելի է դառնում Արաբական որոշ երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչման հարցը: Որքանո՞վ էք հաւանական համարում ճանաչումը, եւ այդ լոյսի տակ՝ ինչպէ՞ս էք գնահատում Արաբական երկրների յարաբերութիւնները Հայաստանի հետ:

- Ճիշտ է, վերջերս Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին նպաստող ալիք: Այս ալիքը երկու տարի առաջ սկսեց Եգիպտոսում, երբ Եգիպտոսի քաղաքական եւ լրատւական շրջանակները, յատկապէս Արաբական գարնան հետեւանքով, սկսեցին խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին: Նոյնը եղաւ եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններում: Այս պատահածը դրական քայլ կարելի է համարել, բայց պէտք չէ խանդավառւել, որովհետեւ տեսանք, թէ ինչպէս վերը նշւած պետութիւններն այս տարւայ Ապրիլի 24-ին ոչ մի քայլ չարեցին այս ուղղութեամբ: Միւս կողմից, Լիբիան, որտեղ գոյութիւն չունի հայկական գաղութ, անցնող շաբաթների ընթացքում ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: Հետեւաբար, պէտք է զգոյշ մօտենալ նման հարցերին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արաբական երկրներ յարաբերութիւններին, պէտք է ասել, որ դրանք դրական են, յատկապէս այնտեղ, ուր կան կազմակերպւած եւ ակտիւ գաղութներ, բայց եւ այնպէս, նրանք չեն հասել սպասւած մակարդակին:

Արաբական տարբեր երկրների հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագրեր, որոնք ամբողջութեամբ դեռեւս չեն գործադրւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։