Հա

Ազգային

08/05/2019 - 10:20

Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկայ մեծ յաղթանակների եւ յաջողութիւնների

Երէկ՝ երեկոյեան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների յանձնախմբի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ տեղադրւեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների յանձնախմբի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ տեղադրւեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողութիւնը:

«Շուշին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարների բոլոր ժամանակներում ունի առանձնայատուկ տեղ, թէկուզեւ նրա համար, որ բաւական երկար ժամանակահատւած յետոյ հայ ժողովրդին վերջապէս յաջողւեց իսկապէս ռազմաքաղաքական մեծագոյն յաղթանակ տանել: Դրանից յետոյ իսկապէս շրջադարձ եղաւ թէ' Արցախեան պատերազմում, թէ՛, ընդհանրապէս, մեր ժողովրդի հոգեբանութեան մէջ: Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկայ մեծ յաղթանակների եւ յաջողութիւնների»,- «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Թաթուլ Յարութիւնեանը:

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Անդրանիկ Ափոյեանի կարծիքով էլ` Շուշիի ազատագրումը մեր յաղթանակների եւ մեր ոգու կայացման սկիզբն է: «Սա մեծ յաղթանակ է ու մեր համախմբւածութեան միասնութեան խորհուրդը»,- նշեց նա` յաւելելով. «Մի պահ յեղափոխութեան ընթացքում կարծես դադարեց գործել ազգային միասնականութեան գաղափարախօսութիւնը, բայց կը վերականգնւի, դա մի պահ էր: Ներկայիս սերունդը հզօր է. նա 2016 թւականի ապրիլին էլ ապացուցեց, ապագայում էլ կապացուցի: Մեծ Նժդեհն ասում էր. «Եթէ ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդութեանը»: Մեր սերունդը պատրաստ է շարունակել պապերի կիսատ թողած գործը»:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի խօսքով` Շուշիի ազատագրումն Արցախեան ազատամարտի ամենացցուն յաղթանակն է ու ակամայից դարձել է ազատամարտի խորհրդանիշը: «Ամէն անգամ, երբ Շուշի եմ գնում, տեսնում եմ նրա անառիկութիւնը, թագաւորական դիրքը եւ հպարտ հայացքը, ամէն վայրկեան ուղեղիս մէջ է` ինչպէ՞ս էր հնարաւոր կազմակերպել Շուշիի ազատագրումը, բայց երկրորդ վայրկեանին ունեմ համոզումը, որ դա հնարաւոր դարձաւ մեր արդար կամքի, մեր հայրենիքին ու հողին նւիրւածութեան շնորհիւ»,- ասաց նա:

ՀՅ Դաշնակցութեան «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Տարօն Ղազարեանն էլ յայտնեց, որ նախաձեռնութեան նպատակը Շուշիի ազատագրման գործընթացը մեր հանրութեանը ներկայացնելն է:

Յիշեցնենք, որ մանրակերտը նոյն տեղում կը ցուցադրւի նաեւ այսօր` մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին` առաւօտեան ժամը 9-ից, այն կը տեղադրւի «Յաղթանակ» զբօսայգում` «Մայր Հայաստան» յուշահամալիրի մօտ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։