Հա

Ազգային

14/05/2019 - 10:00

Հրադադարի 25-ամեակ. շփման գծի վերականգնում եւ մեխանիզմների կահաւորում

Այժմեական կարգով 94-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը կը լինի ստորագրութեան եռակողմ ձեւաչափի իրողական եւ իրաւական հանգամանքների արծարծումը, ինչը խօսում է արցախեան հակամարտութեան հանգուցալուծման հիմքի՝ պաշտօնական Ստեփանակերտի մասնակցութեան անշրջանցելիութեան մասին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

 

Այժմեական կարգով 94-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը կը լինի ստորագրութեան եռակողմ ձեւաչափի իրողական եւ իրաւական հանգամանքների արծարծումը, ինչը խօսում է արցախեան հակամարտութեան հանգուցալուծման հիմքի՝ պաշտօնական Ստեփանակերտի մասնակցութեան անշրջանցելիութեան մասին։

Այս առումով հրադադարի վերահաստատում կամ դէպի քաղաքական մեծ համաձայնութիւն տանող որեւէ փաստաթուղթ չի կարելի պաշտօնականացնել առանց Ստեփանակերտի։ Թէկուզ միջանկեալ պայմանաւորւածութեան տեսքով որեւէ հետագայ փաստաթուղթ պէտք է կրի Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչների իրաւաքաղաքական համաձայնութիւնը։

Երկրորդ, շարունակելով իրաւական մասի վրայ կենտրոնացումը անպայման անհրաժեշտութիւն կայ լուսարձակի տակ բերել հրադադարի ստորագրութեամբ ճանաչւած շփման գիծը կամ ռազմաճակատային գիծը, որ խօսում է փաստացի սահմանների իրողական ճանաչման մասին։ Միջազգայնօրէն ճանաչւած շփման գծի խախտում է եղել հիմնականում ապրիլեան պատերազմին։

Եթէ հրադադարը ուժի մէջ է, ուրեմն շփման գծի վերահաստատման հրամայական պիտի լինի։ Իսկ հրադադարի պահպանման համար աւելի քան անհրաժեշտ է մշտադիտարկման եւ հետաքննութեան մեխանիզմների կահաւորումը՝ միջազգային երաշխաւորութեամբ։

Խնդիրը նաեւ իրաւականօրէն մեկնաբանելն է, որ իրողական շփման գծի ընդունումով հրադադար եւ շփման գիծ խախտողը ինչ պատասխանատւութիւն կը կրի եւ նման նախադէպեր կանխարգելելու համար միջազգային երաշխաւորութեամբ երկկողմ պայմանաւորւածութիւնների կիրառումը՝ մեխանիզմների հաստատման առումով, արգելակողի նկատմամբ ինչ ասելիք կունենայ միջազգային հանրութիւնը։

Իրաւական հարթութեան վրայ նախապատրատւելու օրակարգը անհետաձգելի է։ Տարբեր աշխահագրական միջավայրերում եւ տարբեր պայմաններում բռնկւած հակամարտութիւնների հանգուցալուծման համար ընթացող բանակցութիւնների ձեւաչափերի ներկայացումը միանշանակ կը համոզի ինքնորոշւած ժողովրդի եւ նրան ներկայացուցիչների՝ ամենաժողովրդավար եղանակներով ընտրւած իշխանութիւնների մասնակցութիւնը ուղղակի անշրջանցելի պայման է։

Պէտք է յիշել նաեւ այն, որ ապրիլեան յարձակումը սանձազերծելուց յետոյ հրադադար խնդրած ադրբեջանական կողմի հետ նոր փաստաթուղթ չի ստորագրւել։ Հետեւաբար, ուժի մէջ է 94-ի համաձայնագիրը, ինչը ինքնին ենթադրում է շփման գծի վերականգնումը։ Այս անհրաժեշտութեամբ էլ բացատրւում է նոր պատերազմ, նոր տարածքներ բանաձեւը։ Ագրեսիան կը բերի նոր տարածքների ազատագրման, հետեւաբար նոր շփման տարածքներ վերագծման փաստին։

Հրադադարի 25-ամեակը յուշում է, որ ներկայ փուլում բանակցութիւնները կենտրոնանալու են հրադադարի շփման գծի վերականգնման եւ որեւէ նոր ագրեսիա կանխարգելելու համար մեխանիզմների կահաւորման ժամանակացոյցի ճշտման ուղղութիւններով։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։