Հա

Ազգային

18/05/2019 - 10:40

«Սերունդների հանդիպում». ՀՅԴ պատմութեան թանգարանի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար

2019 թւականի մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրւան ընդառաջ, «Թանգարանը` որպէս մշակութային հանգոյց. աւանդոյթի ապագան» խորագրին համահունչ, ՀՅԴ պատմութեան թանգարանը կը ներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակաւոր ցուցադրութիւնը` նւիրւած ՀՅԴ ականաւոր գործիչներին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերին եւ նրանց սերունդներին:

«alikonline.ir» - 2019 թւականի մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրւան ընդառաջ, «Թանգարանը` որպէս մշակութային հանգոյց. աւանդոյթի ապագան» խորագրին համահունչ, ՀՅԴ պատմութեան թանգարանը կը ներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակաւոր ցուցադրութիւնը` նւիրւած ՀՅԴ ականաւոր գործիչներին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերին եւ նրանց սերունդներին: Այս մասցին տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Թանգարանի տնօրէն Անուշ Ամսէյեանի խօսքով`ցուցադրութեան անւան ընտութիւնն այս տարի պայմանաւորւած է նրանով, որ թանգարան երեւոյթը համարւում է սերունդների մշակութային դաստիարակութեան կենտրոն, եւ հէնց այստեղ կարող են հանդիպել հին ու նոր սերունդները:  

Անդրադառնալով թանգարանների առաքելութեան թեմային` նա նշեց, որ թանգարանի հիմնական նպատակադրումը ոչ միայն նիւթի հաւաքագրումն ու պահպանումն է, այլ նաեւ դրա մատուցումը հասարակութեանը: «Թանգարանը ոչ միայն կառոյց է, որը մարդկանց ներկայացնում է պատմութիւն ու մշակոյթ, այլեւ հանգոյց է դառնում ինքնութիւնը կորցրած ժառանգների համար, որոնք այստեղ վերագտնում են իրենց ազգային արմատները»,- մանրամասնեց թանգարանի տնօրէնը:

Այս տարւայ թեմատիկ ցուցադրութեանը, նրա խօսքով, «համր, բայց եւ խօսուն լուսանկարների միջոցով» այցելուներին կը ներկայացւի 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործիչների, Առաջին Հանրապետութեան եւ նրանց ժառանգների միջեւ եղած կապը:                                                         

ՀՅԴ պատմութեան թանգարանն արդէն 7-8 տարի է, ինչ մասնակցում է ամենամեայ «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Այն հիմնադրւել է 20-րդ դարասկզբին Ժնեւում, իսկ 1924-1925 թթ.` տեղափոխւել Փարիզ: Ներկայումս թանգարանն իր կրթադաստիարակչական գործունէութիւնն է ծաւալում Հայաստանում` որպէս հայ մշակոյթի ու ինքնութեան պահպանութեան օջախ:

«ՀՅԴ պատմութեան թանգարանն իսկապէս եզակի թանգարան է, որը ներկայացնում է ոչ միայն մեր քաղաքական ազգային կազմակերպութեան պատմութիւնը, այլեւ այն` որպէս հայ ազգի պատմութեան անբեկանելի մաս. ՀՅԴ-ն շատ մեծ դեր է կատարել մեր պատմութեան մէջ` դառնալով հիմնաքար հայերի ֆիզիկական փրկութեան եւ շարունակութեան համար»,- նշեց Անուշ Ամսէյեանը` յաւելելով. «Հաւատարիմ մնալով «թանգարան» երեւոյթի առաքելութեանը` ՀՅԴ պատմութեան թանգարանը կը շարունակի հաւաքել, պահպանել եւ մեր հասարակութեանը ներկայացնել,ոչ միայն մեր ժողովրդի ոչ վաղ անցեալի, պատմութեան դէպքերն ու իրադարձութիւնները, այլեւ ժամանակի հոլովոյթով մեզ հասած անմիջական իրողութիւնները»:

Յաւելենք, որ մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, թանգարանը բաց կը լինի բոլոր ցանկացողների համար, իսկ արդէն մայիսի 28-ին նախատեսւած է թարմացւած ցուցադրութիւն` նւիրւած 1919 թւականի մայիսի 28-ին ընդունւած` Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի մասին հռչակագրի 100-ամեակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։