Հա

Ազգային

22/05/2019 - 10:45

Որ չկրկնենք այլոց տխուր օրինակը

Մի օր, ինչ որ մէկը, գուցէ կը գրի «Քաջ Նազար» պիէսի ժամանակակից տարբերակը: Ես նոյնիսկ կարող եմ յուշել մի պատկեր այդ պիէսից:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Մի օր, ինչ որ մէկը, գուցէ կը գրի «Քաջ Նազար» պիէսի ժամանակակից տարբերակը: Ես նոյնիսկ կարող եմ յուշել մի պատկեր այդ պիէսից:

Այսպէս, Նազարը դիմում է նրանց՝ ում համարում է իր նազիր-վեզիրը. «Ուրեմն, ինչ եմ ասում, կը հաւաքւէք ու կառաջարկէք, որ ես դառնամ թագաւորր: Ես կասեմ՝ թէ պէտքս չի: էդ ժամանակ, դուք երկրորդ անգամ կը հաւաքւէք ու նորից կը խնդրէք, որ դառնամ թագաւոր: Ես էս անգամ էլ կասեմ՝ չե՛մ ուզում, կը բարկանամ ու ձեզ կը վերացնեմ, յետոյ ձեր փոխարէն նազիր-վեզիր կը նշանակեմ իմ գեադա-գիւդեքին: Իմ գեադա-գիւդեքը կը գան դուռս կասեն՝ արեւաճաճանչափայլ, էս ժողովուրդը օր ու արեւ չի տեսել իր հին թագաւորների ձեռից, արի դարձիր սրանց «թափ-թազա» թագաւորը. նոր երկիր կը կառուցես, ճաճանչներիդ ու սիրուն մաղթանքներիդ ներքոյ երջանիկ նոր ժողովրդին, երբ ուզես կասես գեադեք էս կողմ՝ կը վազի էս կողմ, կասես գեադեք էն կողմ՝ կը վազի էն կողմ: Ես էլ իմ գեադեքին կասեմ, լա՛ւ, ընդունում եմ, վատ ժողովուրդ չի ոնց որ էս իմ ժողովուրդը, էս իմ ժողովրդին ոնց որ շատ եմ սիրում, որ էդքան խնդրում էք, ժողովրդի աչքին էլ քուն չի գալիս էդ փափագից՝ կը դառնամ ձեր թագաւորը»:

Կարեւորն այն է, որ այս պիէսում Քաջ Նազարը անընդհատ տայ ժողովրդի անունը՝ սիրաշահի, երբեմն էլ քծնանք չխնայի:

Կարծում եմ սոյն պիէսը դժւար չի գրւի, քանի որ պէտք չէ որեւէ բան յօրինել, սիւժէն ծաւալւում է բոլորիս աչքի առաջ:

Թէեւ մեզանում կոռուպցիա գոյութիւն չունի, բայց որպէս բացառութիւն, կարելի է մի պատկեր էլ գողանալ Չապլինի «Մեծ դիկտատորը» ֆիլմից:

Յիշո՞ւմ էք մեծ դիկտատորը խաղում է գլոբուսի հետ: Փուչիկ-գլոբուսը թռցնում է օդ՝ գլխով է խփում, յետոյ հետոյքով է վեր թռցնում, մինչեւ որ այն պայթում է ձեռքերի մէջ: Սրտից թոյլ դիկտատորը տխրում, նոյնիսկ լաց է լինում՝ ախր շատ էր սիրում երկրագունդը:

Այսպէս մէկ տարի է խաղում են այս երկրի հետ: Մարդը, ով մէկ օրւայ գործադիր իշխանութեան փորձ չի ունեցել, մէկ օր երկրի կառավարմանը չի մասնակցել, բռի մէջ կենտրոնացրել է օրէնսդիր ու գործադիր ողջ իշխանութիւնը, բայց պարզւում է սա էլ քիչ է: Առանց ծրագրի, առանց տնտեսական տեսլականի երկրի կառավարումը ստանձնած նոր իշխանութիւնը կարծում է, թէ ժողովրդին կը կշտացնի՝ յագուրդ տալով նրա վրէժխնդրութեան ծարաւին եւ այստեղ էլ բան դուրս չի գալիս: Պարզւում է, որ մեղաւորը իշխանութեան վերջին թեւն է, որը դեռ ամբողջովին իր ձեռքում չէ: Հոգեբանական անհաւասարակշռութիւնը մղում է անելու այնպիսի չկշռադատւած քայլ՝ ինչպիսին արդարադատութեան համակարգի դէմ բռնութիւնն է, նրա, այդ թւում երկրի սահմանադրականութիւնը իրաւականօրէն ապահովող դատարանի աշխատանքի խոչընդոտումը եւ սպառնալիքը՝ վարչական մեթոդներով յեղաշրջելու եղած համակարգը:

Հասկացա՞ւ վարչապետը, թէ մայիսի 20-ին ինչ արեց իր հռչակած ժողովրդավարութեան հետ: Հասկանո՞ւմ է, թէ ինչ է անում, խորացնելով պառակտումը յեղափոխականների եւ հակայեղափոխականների կեղծ բաժանարարով տարանջատւած հասարակութենա մէջ: Յանուն երկրի շահերի ցանկալի կը լինէր, որ հասկանար եւ ազատագրւէր յիշաչարութեան ու վրէժխնդրութեան բարդոյթից, ինչի պատանդն է դարձել, այլապէս կործանելու է իրեն եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու երկրի համար:

Սկսած դէպի իշխանութիւն ճանապարհ հարթելու ժամանակներից մինչ այժմ, բոլորը տւել են նրան երկիրը բարեփոխելու մանդատը, իսկ եթէ չի ստացւում պիտի հասկանայ, որ ոչ կոռուպցիայի դէմ պայքարը, ոչ ընդհանուր համակարգի բարեփոխումները յոխորտանքով չեն իրականացնում, այլ առաջին հերթին իրաւական դաշտի բարեփոխմամբ եւ, մասնաւորապէս, տնտեսական առաջընթացով:

Այո, նոյն բաժակը կարելի է դիտարկել եւ որպէս կիսադատարկ եւ որպէս կիսալիքը: Այս երկիրը բազում հիմնախնդիրներ ունի, որոնք ժառանգել է դեռեւս խորհրդային ժամանակներից: Անցնող, գրեթէ երեսուն տարում, իդէալական չի դարձել երկիրը, բայց ով կոյր չէ եւ զուրկ չէ յիշողութիւնից կարող է ինքն իր համար արձանագրել, որ տեղի են ունեցել թէեւ ոչ բաւարար, բայց եւ հսկայական փոփոխութիւններ: Վերջնագծին հասնելու ճանապարհը ոչ թէ եղածը քանդելու հեշտ եւ մէկ անգամ արդէն տրորած ճանապարհն է, այլ կառուցողական գործընթացների խորացումն ու ծաւալումը:

Որպէս ակնառու օրինակ կարելի է անդրադառնալ, երկրի գլխաւոր խնդիրներից մէկին՝ արտագաղթին, ինչի դէմ պէտք է պայքարել ոչ թէ ամէն տեղ ու ամէն ինչ կրճատելով ու լուծարելով, մարդկանց պարտադրելով, որ դիմում գրեն ու հեռանան, այլ եղածը կատարելագործելով, նորը ստեղծելով եւ հնի փոխարէն, որպէս այլընտրանք առաջարկելով մարդկանց:

Ներկայ գործելաոճը, արհեստականօրէն բորբոքւող ներքին լարւածութիւնը նորի ստեղծմա՞նն են նպաստում, թէ՞ կորուստների խորացմանն ու բազմապատկմանը:

Իշխանութիւնը ուժեղ է լինում, ոչ թէ իշխողների հոխորտանքի, այլ ամուր պետական համակարգի եւ հզօր պետութեան շնորհիւ:

Վերջին մէկ-երկու տասնամեակների ընթացքում, թաւշեայ յեղափոխութիւնների, ազատ ընտրութիւնների եւ ժողովրդավարության ճանապարհով աշխարհում իշխանութեան եկած բոլոր ուժերը անփառունակ ձեւով հեռացան ասպարէզից, մինչ այդ հսկայական աւերներ գործելով սեփական երկրներում: Պարտադի՞ր է, որ Հայաստանը կրկնի այս տխուր աւանդոյթը:

Երբեք չպէտք է խաբւել ժողովրդի համակրանքին, ժողովուրդը շատ է վեր բարձրացնում, որ աւելի կործանարար ուժով ցած նետի:

Խոստովանում եմ, որ չեմ հաւատում, թէ իմ կամ բազմաթիւ այլոց անկեղծ մտահոգութիւնները ճիշտ են ընկալւելու, չեմ հաւատում, թէ խուսափելու ենք այլոց տխուր փորձից:

Ամէն դէպքում հաւատում եմ, որ անհրաժեշտ է համախմբւել ու նախ եւ առաջ մեղմել հասարակական անհանդուրժողութիւնը:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Գլխաւոր թշնամին
    Գլխաւոր թշնամին

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դէմքերը, դարձեալ խօսել էին թշնամիների, իրենց պատերազմ յայտարարածների, այլ խօսքով հակայեղափոխականների եւ նրանց դաւադրութիւնների մասին: Կասկած չկայ, որ այս թեման, եւ անցեալի ուրւականների հետ կռիւը լինելու է վերջիններիս գլխաւոր ասելիքն ու գործողութիւնների մղող մտայնութիւնը՝ մինչեւ իրենց իշխանութեան աւարտը:

  • Անելք թունել
    Անելք թունել

    Այսօր մարտի մէկն է, գարնան առաջին եւ Նիկոլ Փաշինեանի հերթական քայլարշաւի օրը: Քայլարշաւը գուցէ գարնան սկզբից աւելի յաջող ստացւի, որովհետեւ նւիրւած է 2008-թւականի մարտի 1-ի իրադարձութիւնների բացայայտման զգայացունց թեմային: Միամիտ մէկն այս պահին կարող է մտածել. Նիկոլ Փաշինեանը որպէս ընդդիմադիր պահանջելու է գործի բացայայտո՞ւմը, թէ՞ որպէս երկրի ղեկավար խոստանալու է, որ այն կը բացայայտւի, մանաւանդ` ամիսներ առաջ յայտարարել էր, թէ «մարտի 1-ը» բացայայտւած է:

  • Ժողովրդի «ոչ յեղափոխական» զանգւածիս այլ բան չի մնում, քան ապաւինելը ժամանակին
    Ժողովրդի «ոչ յեղափոխական» զանգւածիս այլ բան չի մնում, քան ապաւինելը ժամանակին

    ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

  • Իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան
    Իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան

    «Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն՝ գիտական գրականութիւն եւ դեդեկտիւներ: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարւեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»:

  • Բոլոր պատմւածքների կենտրոնում մարդն է. կայացաւ Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գրքի շնորհանդէսը
    Բոլոր պատմւածքների կենտրոնում մարդն է. կայացաւ Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գրքի շնորհանդէսը

    Լոյս է տեսել ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր, ՀՅԴ ցուցակով պատգամաւորի թեկնածու Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գիրքը: Գրքում ամփոփւած են հեղինակի պատմւածքներն ու երկու պիէս: Պատմւածքները հիմնականում գրական մամուլում են տպագրւել` «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գրական թերթ»-ում, «Դրամատուրգիա» ամսագրում:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։