Հա

Ազգային

24/05/2019 - 10:30

«Աղքատութեան եւ սոցիալական անհաւասարութեան այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակութիւն». Արթուր Խաչատրեան

Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ:

«alikonline.ir» - Երէկ Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ: Գրում է «Yerkir.am»-ը:

Սիրելի' հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ

Այսօր մենք հաւաքւել ենք, որպէսզի լրջանալու կոչ ուղղենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին, քանի որ ունենք հիմնաւորւած մտահոգութիւններ, որ որդեգրւած քաղաքականութիւնը մեզ կարող է լաւ տեղ չհասցնել: Մենք հաւաքւել ենք, որ ցոյց տանք, որ Հայաստանի քաղաքացիների մի մասն էլ համաձայն չէ, մտահոգւած է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Թէ՞ սիրոյ եւ համերաշխութեան Հայաստանում մենք չենք կարող արտայայտւել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտւենք: Մեր խօսքն այսօր շատերի ականջների համար կարող է տհաճ հնչել: Բայց աւելի լաւ է իրար հետ անկեղծ լինենք, ասենք թէկուզեւ դառը ճշմարտութիւնը, քան մի կողմ քաշւենք՝ խուսափելով պատասխանատւութիւնից:

Կառավարութեան ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց: Դէ ինչ, մէկ տարւայ մէջ 100 ձեռքբերումը վատ չէ. 3-4 օրը մէկ՝ մի ձեռքբերում: Բայց, արի ու տես, որ այդ ձեռքբերումներից մի զգալի մասը ամենեւին էլ ձեռքբերում չէ: Որպէս ձեռքբերում է ներկայացւած, օրինակ, նախարարութիւնների թւի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակոյթի վիճակը բարելաււե՞ց, գիւղացիներն աւելի լա՞ւ սկսեցին ապրել, Սփիւռքի հետ կապն ամրապնդւե՞ց: Կասէք՝ մի քանի օր առաջ են օրէնքը փոխել, ինչպէ՞ս պէտք է այդ կարճ ժամանակահատւածում արդիւնք ապահովէին, ու շատ ճիշտ կասէք, բայց եթէ մի քանի օր առաջ են օրէնքը փոխել, դրա արդիւնքը չենք տեսել, ինչպէ՞ս են այդ փոփոխութիւնը որպէս ձեռքբերում ներկայացնում: Չեմ ուզում մանրամասնօրէն այդ 100 կէտերին անդրադառնալ, դա չէ մեր այսօրւայ խնդիրը: Իրաւամբ ընդունում եմ, որ այդ 100 կէտերի մէջ կան ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումների մի մասն էլ նախորդ կառավարութեան ծրագրերի շարունակութիւնն է, օրինակ՝ համայնքներին տրամադրւող սուբւենցիաների ծրագիրը, որը դեռ նախորդ կառավարութիւնում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել: Բայց չեմ կարող չզարմանալ, երբ Հայաստանից հեռացածների ու Հայաստան վերադարձածների դինամիկան համեմատում են 12 տարւայ կտրւածքով: Այդ երբւանի՞ց ենք անցել 12 միաւորանոց հաշւարկի համակարգի: Ու դեռ շատ կը լինեն նման չակերտաւոր ձեռքբերումներ, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան: Իսկ իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարութիւնը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարեւորութիւն ունեցող խնդիրների լուծմանը:

Ո՞ւր է տնտեսական յեղափոխութիւնը: Լաւ, ես չեմ ասում՝ ինչո՞ւ արդիւնք չեմ տեսնում: Չեմ իջել ամբոխավարութեան այն աստիճանի, որ մի քանի ամսում արդիւնք ակնկալեմ: Բայց գոնէ կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսւե՞ց այդ յեղափոխութիւնը, թէ՞ յետաձգւում է մինչեւ դատաիրաւական համակարգի բարեփոխումների աւարտը: Ըստ կառավարութեան հաւաստիացումների` պէտք է, որ սկսւած լինէր: Իսկ ինչո՞ւմ է այդ յեղափոխութիւնը: Պնդումների մէ՞ջ, թէ Հայաստանում էլ կոռուպցիա չկայ: Բա եթէ չկայ, ինչո՞ւ ձերբակալւեց առողջապահութեան փոխնախարարը, ինչո՞ւ է քրէական գործ հարուցւել պետական վերահսկողական ծառայութեան պետի դէմ: Իսկ Բագրատաշէնում երէկ ի՞նչ էր կատարւում: Մարդիկ պարզ մեղադրում էին, որ կոռուպցիայի զոհ են դարձել:

Ասում են` օլիգարխներ էլ չկան: Իսկ տնտեսութեան կառուցւածքը փոխւե՞լ է: Այդ ո՞ր կենսական կարեւորութիւն ունեցող ճիւղում գերիշխող դիրք ունեցող ընկերութեան դիրքերը սասանւեցին: Օլիգարխին խոշոր սեփականատէր կոչելով՝ իմաստը չի փոխւում:

Այո, եթէ կան կոռուպցիա ու օլիգարխիա, տնտեսութիւնը չի զարգանայ: Բայց միայն օլիգարխիայի ու կոռուպցիայի վերացումը չի երաշխաւորում տնտեսական աճը: Ակտիւ տնտեսական քաղաքականութիւն է պէտք իրականացնել: Զարգացած ժողովրդավարութիւն ունեցող երկրները վաղուց արդէն հասկացել եւ գնում են պետութեան դերակատարման ու պատասխանատւութեան աւելացման, տնտեսութեանը պետական մասնակցութեան աստիճանի բարձրացման եւ համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծաւալների հետեւողական աճի ճանապարհով: Այդ պետութիւններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար աւելի բարձր հարկեր, իսկ պետութիւնը կանգնում է կեանքի դժւարին իրավիճակում յայտնւած քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցութիւններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատութեան ճիրաններից, այլ ոչ թէ ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու եւ հասարակութիւնից մեկուսացնելու ճանապարհով: Ասում են՝ «աղքատութիւնը գլխիդ մէջ է»: Ուրեմն, եթէ մարդ անցեալ տարի աղքատ էր, մեղաւորն իշխանութիւններն էին, եթէ հիմա է աղքատ՝ ինքն է մեղաւոր: Արդեօ՞ք սա արդար մօտեցում է: Իհարկէ՝ ոչ:

Աղքատութեան եւ գործազրկութեան կրճատման իրական արդիւնքների բացակայութեան, եկամուտների բարձր բեւեռացման մակարդակի պահպանման ֆոնին տեսնում ենք սոցիալական արդարութեան հաստատմանը հակասող քաղաքականութիւն եւ փոփոխութիւններ, որոնք մեծ հետեւողականութեամբ առաջ են մղում այսօրւայ իշխանութիւնները՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատաւորում, եկամտահարկի համահարթեցում, զբաղւածութեան եւ աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան համար անհրաժեշտ՝ օրախնդիր բարեփոխումների անտեսում ու յետաձգում եւ այլն:

Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականութիւն, Հայաստանը պէտք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պէտք է լինի բարձրագոյն կրթութիւն ունեցող ու երեք լեզւով խօսողների երկիր: Իսկ բանւորնե՞րը, արհեստաւորնե՞րը, գիւղացինե՞րը: Նրանք երկիր չպէ՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նւազ պատւաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: Սոցիալական պետութիւնն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական բարեկեցութիւնը: Նրան է վերապահւում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցութեան խթանման առանցքային դերը՝ հիմնւած հնարաւորութիւնների հաւասարութեան, եկամուտների վերաբաշխման եւ բարեկեցիկ կեանքի նւազագոյն պայմաններն ինքնուրոյն ապահովել անկարող անձանց պետական աջակցութեան սկզբունքների վրայ: Սոցիալական պետութիւն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետութիւնը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականութիւն, երբ ազգային արդիւնքն արդար կերպով բաշխւում է հասարակութեան անդամների միջեւ: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարութեան պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն էլ աւելի կխորացնի հարուստների ու աղքատների միջեւ անդունդը:

Աղքատութեան եւ սոցիալական անհաւասարութեան այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակութիւն: Սոցիալական պետութեան կառուցման հեշտ ճանապարհ չկայ: Համաշխարհային պատմութիւնը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանութիւններ ձախողւել են իրենց երկրներում: Իշխանութեան կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցութեանը ապաւինելով, անօրինական երեւոյթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարութիւն, հանրային լայն բարեկեցութիւն:

Քանի դեռ մեր իշխանութիւններն այս պարզ ճշմարտութիւնը չեն գիտակցել, նրանք ստիպւած են լինելու վարչապետի ու նրա ընտանիքի հագուկապը ներկայացնել որպէս ձեռքբերում:

Լրջացէ՛ք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։