Հա

Ազգային

08/06/2019 - 12:50

Իշխանութեան գերխնդիրը հանրութեանը համախմբելն է, ոչ թէ տարաբաժանելը

«Առաջին լրատւական»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

 

- Վերջին օրերին տեղի ունեցան իրադարձութիւններ, որոնք ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն առնչւում են ՀՅԴ-ի հետ: Յարգելի՛ Մինասեան, գործ ունենք ներքաղաքական նոր օրակարգի հե՞տ՝ ՀՅԴ-ի կողմից:

- Այն, ինչ վերջին օրերին հրապարակ է նետւել, դրա մեծ մասը կեղծ օրակարգ է, եւ կեղծ թիրախ է յայտարարւած՝ այդ թւում նաեւ Դաշնակցութիւնն է որպէս կեղծ թիրախ յայտարարւած: Ինչո՞ւ: Ես կարծում եմ բոլոր այն անձինք եւ ուժերը, ում չի յաջողւում երկրում դրական զարգացումներ արձանագրել՝ սոցիալ-տնտեսական կեանքի, բարոյահոգեբանական միջավայրի, փորձ են անում թիրախ դարձնել ՀՅԴ-ին: Տրամաբանական է, որ նախորդ շատ ռեժիմներ, որոնք ազգային գաղափարախօսութիւնը համարում էին կեղծ քաղական կատեգորիա, այնուհետեւ նրանք եւ նրանց շարունակականութիւնը այսօր փորձում են իրական գործ անելու փոխարէն յայտարարութիւն անել՝ քաղաքական մի ուժի ահաբեկչական որակում տալով:

 

- Յարգելիս մի՛ արէք այնպիսի բաներ, որ այդպիսի որակումներ չստանաք:

- Իսկ ի՞նչ է արել Դաշնակցութիւնը: Նախ՝ ծեծի հետ ընդհանրապէս կապ չունի:

 

- Այն, որ ՀՅԴ-ն կարող է ՀԱԿ-ի ներկայացուցիչ ծեծել, դա տրամաբանական է:

- ՀՅԴ-ն կապ չունի: Եթէ առանձին անհատներ, կուսակցականներ կամ ոչ կուսակցականներ որոշակի վարքագիծ են դրսեւորում, պէտք է հասկանալ պատճառները: Իսկ պատճառներն առաջին հերթին թաղւած են այնտեղ, որ հրապարակային բռնութեան սպառնալիքներ են հնչում, իսկ առանձին դէպքում նաեւ կոնկրետ գործողութիւններ են տեղի ունենում, բայց դրանց չի արձագանքում քաղաքական իշխանութիւնը:

 

- Նկատի ունէք Հրանտ Մարգարեանի հետ վէ՞ճը:

- Նաեւ դա: Բացի դրանից, տեսէք, պատին ծեփելուց, ասֆալտին փռելուց սկսած, կոնկրետ գործողութիւններով վերջացրած՝ գրեթէ չկայ մի օղակ, որտեղ ժողովրդի անւան տակ չի գործադրւել հէնց բռնութիւն կամ չի հնչել այդպիսի սպառնալիք՝ գլուխ ջարդելու եւ այլն:

 

- Դաշնակցականի՞ հանդէպ:

-Ո՛չ: Խօսքը վերաբերում է ընդհանրապէս ՀՀ քաղաքացիներին, ովքեր ունեն կամ չունեն պաշտօն, ներկայացնում են կամ չեն ներկայացնում հանրութեան լայն զանգւածներին: Երբ մթնոլորտն այնպիսին է, որ իշխանութիւնը, սկսած առաջին դէմքից, վերջացրած տարբեր տրամաչափի քաղաքական կշիռ ունեցող անձանցով՝ ոչ միայն դէմ չեն արտայայտւում, այլ հակառակը, իրենց առանձին վարքագծերով իրենք են խրախուսում ատելութիւնը, թշնամանքը, սեւ ու սպիտակի բաժանելը եւ այլն, ու դրա դէմ, փաստօրէն, հասարակութեան առանձին հատւածների ընդւզումը գնահատւում է որպէս բռնութիւն, իսկ մինչ այդ արւածը պարզապէս ժողովրդավարութիւն, դա պարզապէս աբսուրդ է:

 

- Եկէք ուրիշ տեսանկիւնից նայենք: Հայաստանի նոր իշխանութեան նկատմամբ հակաքարոզչութիւն իրականացւո՞ւմ է:

- Ցանկացած իշխանութեան նկատմամբ հակաքարոզչութիւն իրականացւում է:

 

- Այնպիսի ընդգծւած հակաքարոզչութիւն, որպիսին մենք վերջին 30 տարում չենք տեսել:

- Եթէ խօսքը վերաբերում է ՀՅԴ-ի կողմից իրականացւող հակաքարոզչութեանը, ոչ: Իսկ առհասարակ, իհարկէ կայ, եւ հակաքարոզչութիւնը թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ծագումնաբանութիւն ունի, բնական է սա:

 

- Ըստ Ձեզ, որպէս փորձ ունեցող քաղաքական գործիչ, ինչպէ՞ս պէտք է վարւի իշխանութիւնը, ընդ որում՝ գոնէ այս հարցերում անփորձ իշխանութիւնը:

- Ես չէի ասի անփորձ, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը փորձառու քաղաքական գործիչ է:

 

- Իշխանութիւնը միայն Նիկոլ Փաշինեա՞նն է:

- Ամբողջ իշխանութիւնն այսօր, ըստ էութեան, կենտրոնացած է մէկ անձի ձեռքում: Մենք, մեծ հաշւով, սահմանադրական փոփոխութիւնները, որ քաջալերում էինք, նպատակը հէնց անձնակենտրոն իշխանութեան տարաբաժանումն էր, ապակենտրոնացումն էր, իրական ժողովրդավարական եւ իրաւական համակարգի ստեղծումն էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ շարունակւում է նոյն տրամաբանութիւնը, նոյն գիծը, եւ հրապարակային իշխանութեան բոլոր ճիւղերի խառնիճաղանջ այսպիսի «սոուս» պատրաստելը լաւ ընթացքի մասին չի խօսում: Երկրի առջեւ ծառացած են բազմաթիւ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսականից սկսած, արտաքին մարտահրաւէրներով, անվտանգութեան խնդիրներով աւարտած, եւ իշխանութեան գերխնդիրը պէտք է լինէր համախմբել հանրութեանը, ոչ թէ տարաբաժանել, ոչ թէ սեպ խրել մէկը միւսի մէջ եւ փորձել այդ ամէն ինչի միջից «սեւ ու սպիտակ» ջոկել, սա հասարակութեանը պառակտելու գործողութիւն է, եւ մեր կոչն է եղել կանխել այս ամէն ինչը: Մեր ակցիայի նպատակն էլ էր դա:

 

- Ո՞ր ակցիայի:

- Այն, որ ոստիկանութեան մօտ ինքնաբուխ ակցիա տեղի ունեցաւ: Եւ սա էլ միւս մեղադրանքն է, որ իբր թէ դաւադիրների կազմակերպած ինչ-որ բան էր դա:

 

- Բայց միանգամից 40 հոգի ինքնաբուխ գնում են ոստիկանութի՞ւն: Մի քիչ անլուրջ չէ՞, եւ պրովոկացիայի հոտ է գալիս:

- Չէ՛: Միանգամից 40 հոգի չէին: Կէսօրից յետոյ, երբ որ ինֆորմացիան տարածւեց, որ բերման են ենթարկել անձի, մարդիկ տարբեր տեղերից, ընդ որում՝ նաեւ ոչ կուսակցականներ, յայտարարում եւ գնում էին: ՀՅԴ Գերագոյն մարմինը միայն վերջում, երբ որ կարող էր դա վերածւել աւելի վատ դրսեւորումների, յայտարարեց, որ որպէս քաղաքական ակցիա, նպատակը կանխելն է հէնց բռնութիւնները: ՀՅԴ-ն դատապարտում է բռնութիւնները:

 

- Դատապարտում է եւ միաժամանակ յայտարարում՝ ես եմ ծեծե՞լ:

- «Ես եմ ծեծել» արտայայտութիւնը տւեալ դէպքում ոչ թէ քրէաիրաւական կոնտեքստով նայէք, այլ քաղաքական ըմբռնումով: Նպատակը մէկն էր. կանխել հրապարակային հնչող ատելութիւնը, թշնամանքը, վիրաւորանքը. հայ մարդու համար ամենախոր վիրաւորանքը հայհոյանքն է:

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին
    Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին

    Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

  • Իշխանութիւնների որդեգրած կադրային «քաղաքականութիւնն» անխուսափելիօրէն յանգեցնելու է կառավարման ճգնաժամի
    Իշխանութիւնների որդեգրած կադրային «քաղաքականութիւնն» անխուսափելիօրէն յանգեցնելու է կառավարման ճգնաժամի

    Իշխանափոխութիւնից յետոյ նոր ձեւաւորւած կառավարութիւնը շտապեց հռչակել նաեւ «նոր» Հայաստանում քաղաքացու յաջողութեան հասնելու՝ իրենց կողմից խոստացւող բանաձեւը.

  • Պարզւում է կոռուպցիան չի վերացել
    Պարզւում է կոռուպցիան չի վերացել

    Գրեթէ ամէն օր լրատւական աղբիւրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր Վարչապետը: Աւելին, հրապարակւող փաստերը վկայում են ընդամենը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

  • «Քաղաքական իշխանութիւնն ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն». Արծւիկ Մինասեան
    «Քաղաքական իշխանութիւնն ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն». Արծւիկ Մինասեան

    Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացւած խորհրդատւական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս` դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • «Իշխանութիւնների շահարկման հերթական թիրախը»․ «168 Ժամ»
    «Իշխանութիւնների շահարկման հերթական թիրախը»․ «168 Ժամ»

    «168 Ժամ» գրում է․ «Հայ իրականութեան եւ պատմութեան մէջ յաճախ ենք հանդիպում մասնատւածութեան եւ երկատւածութեան օրինակների, երբ յաճախ երկրի եւ պետականութեան համար առանցքային իրավիճակներում սկսել ենք փնտրել արհեստական ներքին թշնամինների ու դաւաճանների։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։