Հա

Ազգային

09/06/2019 - 12:00

Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ

Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

Ակնյայտ է նաեւ՝ առանց պետութեան ուղղակի մասնակցութեան եւ ակտիւ պետական աջակցութեան անհնար է լիարժէք գործադրել առկայ այն ներուժը, որը կայուն զբաղւածութեան միջոցով ի զօրու է կրճատել աղքատ ընտանիքների թիւը, հետեւողականօրէն նաեւ՝ բարելաւել մարդկանց կեանքի որակն ու բարեկեցութիւնը:

Հետեւաբար, սոցիալական աջակցութեան պասիւ՝ նպաստի  քաղաքականութիւնից պէտք է կտրուկ անցում կատարել աղքատութեան յաղթահարման, զբաղւածութեան խթանման ակտիւ՝ արդիւնքի միտւած քաղաքականութեան: Իրականում պէտք է լիարժէք ապախթանւի ամէն գնով նպաստ ստանալու առկայ ձգտումները՝ ի հաշիւ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղւածութեան:

Նախ ամփոփ անրադառնանք կառավարութեան 2018 թւականի ծրագրին եւ դրա փաստացի կատարողականին:

 

Ի՞նչ էր խոստացել կառավարութիւնը իր ծրագրի «Աղքատութեան յաղթահարում, սոցիալական աջակցութիւն» բաժնում

Կառավարութեան համար գերակայ պէտք է լինէր բնակչութեան կենսամակարդակի էական բարելաւումը, զբաղւածութեան շարունակական աճը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճը, բեւեռացման մեղմումը, աղքատութիւն  ծնող ռիսկերի դէմ կանխարգելիչ գործունէութիւնը։ Էականօրէն պէտք է վերանայւէին կենսաթոշակային համակարգի սկզբունքները, այդ թւում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակայարմարութիւնը։ Կառավարութիւնը ծնելիութեան խրախուսման եւ բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման համար պէտք է իրականացնէր արագ եւ արդիւնաւէտ միջոցառումներ:

 

Փաստացի ի՞նչ է արւել

Սոցիալական խորացող խնդիրները օրւայ իշխանութիւնների յորդորներով ու բարի ցանկութիւններով չեն լուծւում:

 

Զբաղւածութիւն

Կառավարութեան 2018 թւականի ծրագրի կատարողականի զեկոյցում զբաղւածութեան աջակցութեան պետական ծրագրերի ամփոփ արդիւնքները սահուն կերպով անտեսւած էին, քանի որ իրականում դրանք վերջին տարիների համեմատ որեւէ կերպ չեն բարելււել եւ հետեւաբար՝ յուսադրող չեն: Նախորդ տարւայ համեմատ՝ 2019 թւականի պետական բիւջէում զբաղւածութեան ոլորտին յատկացւող միջոցները մնացել են նոյնը՝ ընդամենը 1.7  մլրդ դրամ: Հաշմանդամութիւն ունեցող անձանց զբաղւածութեան ծրագրերին ուղղւող ֆինանսական միջոցներն էլ կրճատւել են աւելի քան 2 անգամ, շահառուների թիւը՝ աւելի քան 4 անգամ: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն 2019 թւականի յունւարին՝ նախորդ տարւայ յունւարի համեմատ, գրանցւած աշխատողների թւի աճը կազմել է շուրջ 50652: Գործող իշխանութիւններն էլ շտապեցին աճի այս ցուցանիշը նախ գնահատել՝ որպէս աննախադէպ, յետոյ էլ՝ ամբողջութեամբ վերագրեցին իրենց: Սակայն այս աճը հիմնականում պայմանաւորւած է եղել աշխատանքի շուկայում ստւերի կրճատմամբ: Ոչ ֆորմալ զբաղւածութեան կրճատման այս գործընթացն իրականում չի ազդել գործազրկության եւ միջին աշխատավարձի ցուցանիշնների վրայ: Գործազրկութեան մակարդակը 2018 թւականի յունւար-դեկտեմբեր ամիսներին մնացել է գրեթէ ամփոփոխ՝ 20,6 տոկոս, իսկ գործազուրկների թիւը նւազել է ընդամենը 4500-ով կամ շուրջ 2 տոկոսով: Դրականն այն է, որ օրինականացւում են աշխատանքային յարաբերութիւնները:

Այստեղ յատկանշական է նաեւ մէկ այլ փաստ, որը չի բարձրաձայնւում գործող իշխանութիւնների կողմից: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ գրանցւած աշխատողների թւի աճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրւել է նախորդ իշխանութիւնների օրոք՝ 2018 թւականի առաջին չորս ամիսներին: 2018 թւականի յունվար-ապրիլ ամիսներին գրանցւած աշխատողների թիւը 509934-ից հասել է 538317, այսինքն՝ աշխատողների թիւն աճել է 28383-ով, որը կազմել է 2018 թւականի ընթացքում արձանագրւած ընդհանուր աճի 56 տոկոսը: Ընդ որում՝ աշխատողների թիւը 2019 թւականի յունւարին՝ նախորդ ամսւայ համեմատ նվազել է 24766-ով կամ 4.2 տոկոսով:

 

Աշխատավարձ եւ եկամտային հարկ

Նւազագոյն ամսական աշխատավարձի չափը շարունակում է շուրջ 10 տոկոսվ ցածր մնալ նոյնիսկ 1 անձի հաշւով կենսապահովման նւազագոյն զամբիւղի աւելացող արժէքից: Ընդ որում՝ 2019 թւականին եւս նւազագոյն աշխատավարձի բարձրացում նախատեսւած չէ: Իսկ միջին աշխատավարձը նախորդ մէկ տարւայ ընթացքում մեր երկրի տնտեսութիւնում ունեցել է աննշան աճ՝ շուրջ 2 տոկոս:

Պետական հատւածում աշխատողների աշխատավարձերը գրեթէ նոյն մակարդակի վրայ են մնացել, չնայած, որ արդէն մեկնարկել է աշխատատեղերի կրճատումների գործընթացը: Յատկանշական է, որ պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ 2018 թւականի ընթացքում գնաճի տեմպը աւելի բարձր է եղել, քան պետական հատւածի աշխատողների միջին անւանական աշխատավարձի աճի տեմպը, այսինքն՝ պետական աշխատողների կենսամակարդակը նւազել է: 2019 թւականին եւս պետական հատւածի աշխատավարձերի համատարած բարձրացում նախատեսւած չի: Ողջունելի է, որ կառավարութիւնը որոշեց միջինը 10 տոկոսով, այս տարւայ կէսից բարձրացնել ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձերը: Միաժամանակ, մտահոգիչ եւ անընդունելի են ուսուցիչների թւի կտրուկ նւազեցման իշխող ուժի մօտեցումները:

Ի հակառակ օրւայ իշխանութիւնների հաստատած ծրագրի եւ նախընտրական խոստումների (արժանապատիւ աշխատանքի խթանում եւ ցածր եկամուտների առաջանցիկ աճի ապահովում)՝ ՀՀ կառավարութիւնը նախատեսել է համահարթեցնել եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը եւ սահմանել եկամտային հարկի միասնական մէկ դրոյքաչափ: Համեմատաբար ցածր վարձատրութեամբ (մինչեւ 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող) աշխատողների եկամտային հարկի բեռը մնալու է նոյնը՝ 23 տոկոս: Այս աշխատողների թիւը կազմում է վարձու աշխատողների ընդհանուրի (2019 թւականի փետրւարի դրութեամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 տոկոսը (շուրջ 370 հազար մարդ): Փոխարէնը՝ էապէս նւազելու են բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրոյքաչափերը՝ 28 եւ 36 տոկոսից դառնալով 23 տոկոս: Նախատեսւած չէ նաեւ եկամուտի չհարկւող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նւազագոյն զամբիւղի արժէքի չափով:

Եւ սա այն դէպքում, երբ ընդհանուր բնակչութեան 30 տոկոսն աղքատ է, աշխատողների շրջանում աղքատ է շուրջ 25 տոկոսը, իսկ աշխատողների 35 տոկոսը (շուրջ 200 հազար մարդ) շարունակում է ստանալ նւազագոյն աշխատավարձ:

Այս փոփոխութեան հիմքում ընկած է բացառապէս շուկայական կարգաւորմանն ապաւինելու մօտեցումը, որն էլ անխուսափելիօրէն պէտք է ապահովի իրական եկամուտների ձեւաւորումը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով: Սա բարեփոխում է միայն բարձր եկամուտ ունեցողների՝ հարուստների համար: Ընդ որում՝ պաշտօնական տւեալներով՝ նւազագույն աշխատավարձից 10 անգամ ավելի աշխատավարձ են ստանում շուրջ 40 հազար աշխատողներ, որոնք հիմնականում աշխատում են ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներում եւ հիմնականում զբաղեցնում են պատասխանատու պաշտօններ: Հարկ է նկատել, որ համահարթեցման արդիւնքում ՝ էապէս նւազելու է հէնց այս աշխատողների եկամտային հարկի բեռը:

Այնինչ, օբեկտիւօրէն ենթադրւում էր, որ արժանապատիւ աշխատանքի պայմաններ ապահովելու, աշխատանքը խթանելու եւ աղքատութիւնը նւազեցնելու կառավարութեան ծրագրային նպատակադրումների ներքոյ՝ հարկային, աշխատանքի եւ զբաղւածութեան ոլորտների օրէնսդրական փոփոխութիւնները պէտք է լինէին միաժամանակեայ, փոխլրացնող եւ միտւած՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը:

 

Աշխատանքային օրէնսդրութիւն

Աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան խնդիրներն ընդհանրապէս դուրս են մղւած գործող իշխանութիւնների օրակարգից: ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակն իրականացրել է այս ոլորտում շարունակւող բազմաթիւ խնդիրներին եւ դրանց հաւաքական լուծումներին վերաբերող ուսումնասիրութիւն, որի ամփոփ արդիւնքները հրապարակւել են 2019 թւականի մայիսի 1-ին (յղումը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2019/05/labor_rights-final-3.pdf):

Այնուհետեւ, անսալով նաեւ մեր բազմաթիւ յորդորներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրէնսգրքի փոփոխութիւնների այն նոյն նախագիծը, որը 2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ անհասկանալիօրէն հանւել էր շրջանառութիւնից: Թերեւս, մէկ տարի ուշացումով աշխատանքի քաղաքականութեան պատասխանատուները հասկացան այդ փոփոխութիւնների առարկայական կարեւորութիւնը: Առաջարկւող այս փոփոխութիւնները ներառում են մեր կողմից վեր հանւած խնդիրների ընդամէնը մի մասի լուծումները՝ «խտրականութիւն», «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» հասկացութիւնների սահմանումներ, աշխատատեղերի կրճատման դէպքում զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար որոշակի արտօնութիւնների նախատեսում, արձակուրդի իրաւունքի իրացման պայմանների բարելաւում եւ այլն:

 

Կենսաթոշակ

2018 թւականի ընթացքում այս իշխանութիւնների օրոք ամբողջ ծաւալով ներդրւեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: Միաժամանակ, իշխանութիւնները խոստացան 2 ամիս յետոյ սկսել հանրային եւ մասնագիտական քննարկումներ: Այս խոստումը եւս մոռացութեան մատնւեց եւ իշխանութեան կողմից կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի արմատական փոփոխութիւնների գործընթաց չնախատեսւեց: Արդիւնքում՝ հանրային վստահութիւնն ու վերահսկողութիւնը այս համակարգի նկատմամբ շարունակում է մնալ ցածր մակարդակի վրայ:

Տեխնիկական խնդիրների պատճառով պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների 2018 թւականի յուլիս եւ օգոստոս ամիսների գումարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին փոխանցւեցին հոկտեմբերին: Վնաս կրեցին այս բաղադրիչի մասնակից շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացիներ՝ որպէս չստացւած օգուտ:

Ոչ համակարգւած աշխատանքի արդիւնքում 2018 թւականին կառավարութիւնը 1 տարով յետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարեւոր բարեփոխումներից մէկը՝ աշխատանքային գրքոյկների թւայնացումը: Մինչդեռ, առանց աշխատանքային գրքոյկների թւայնացման անհնար կը լինի վերացնել կեղծ աշխատանքային ստաժի յաւելագրման արատաւոր պրակտիկան, որն, ի դէպ, շարունակւում է նաեւ այսօր: Ընդ որում, աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրաւունքի եւ չափի որոշման հիմքերից է: Ակնյայտ է նաեւ, որ միայն իրաւապահ մարմինների պայքարը կենսաթոշակային ոլորտում կոռուպցիա ծնող այս արատաւոր երեւոյթի դէմ չի կարող լիարժէք արդիւնք ապահովել: Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով աւել վճարւող կենսաթոշակի գումարները կարող էին ծառայել կենսաթոշակների գործող չափերի բարձրացմանը:

Կառավարութեան 2018 թւականի ծրագրի կատարողականի զեկոյցում կարեւորւել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացւած փոփոխութիւնը: Մասնաւորապէս, 2018 թւականի յուլիսի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակցից պահւող պարտադիր սոցիալական վճարի դրոյքաչափը 5 տոկոսից ժամանակաւորապէս նւազեցւել եւ սահմանւել է 2.5 տոկոս: Իբրեւ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էակարօրէն նւազել է: Իրականում ցածր եկամուտ (ասենք օրինակ՝ մինչեւ 150 հազար դրամ) ունեցողների համար այն նւազել է ոչ թէ էապէս, այլ ընդամէնը 3 հազար դրամով: Առաջիկայում նախատեսւող հարկային փոփոխութիւնների փաթեթով էլ կառավարութիւնն առաջարկում է այդ 2.5 տոկոս դրոյքաչափը նորից բարձրացնել եւ սահմանել 5 տոկոս: Այսինքն՝ նոյնիսկ այդ աննշան դրական փոփոխութիւնն է վերացւելու:

Փոխարէնը՝ նախատեսւող փոփոխութիւններով կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչն առաւել արմատաւորւում է՝ շարունակաբար աւելացնելով այս ուղղութեամբ պետութեան անարդիւնաւէտ ծախսերը: Ընդ որում, 2019 թւականի պետական բիւջէով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսաւորման համար յատկացւելու է 56 մլրդ դրամ, որը նախորդ տարւայ համեմատ աւելացել է 12 մլրդ դրամով: Սա էլ այն դէպքում, երբ այդ գումարը կարող էր ծառայել կենսաթոշակների գործող չափերի բարձրացմանը կամ պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Ի դէպ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նախկինում դէմ էր նաեւ ներկայումս իշխանութեան եկած քաղաքական ուժը:

Կատարողականի զեկոյցում նշւած էր նաեւ, որ շուրջ 85 հազար անձանց համար տարբեր տեսակի կենսաթոշակների եւ նպաստների նւազագոյն չափերը բարձրացւել եւ սահմանւել են 25500 դրամ: Իրականում այս չափը եւս շարունակում է էապէս ցածր մնալ կենսապահովման նւազագոյն զամբիւղի աւելացող արժէքից՝ մէկ անձի հաշւով 60 հազար դրամ: Աւելին՝ այս չափից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի միայն 14 տոկոսը եւ նրանց զգալի մասն աղքատ չէ: Դրանից բարձր ստացողների մէջ կան մեծ թւով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի բարձրացւել: Այս փոփոխութիւնը խնդրայարոյց է նաեւ սոցիալական արդարութեան տեսանկիւնից՝ կենսաթոշակի չափի վրայ աշխատանքային ստաժի ազդեցութեան բաղադրիչն էապէս նւազեցւում եւ վերացւում է:

Փաստօրէն, կենսաթոշակային ոլորտում ներկայ իշխանութիւնների կողմից խոստացւած համակարգային բարեփոխումները յետաձգւում են՝ անընդունելի հիմնաւորումներով: Փոխարէնը՝ արմատաւորւում է պարտադիր կուտակային բաղադրիչը՝ իր խնդրայարոյց բոլոր կողմերով:

 

Սոցիալական այլ բնագաւառներ

Կառավարութիւնն իր 2018 թւականի ծրագրի կատարողականով փաստում էր նաեւ, որ ծնելիութեան խրախուսման նպատակով եռապատկւել է երկրորդ երեխայի ծննդեան միանւագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից այն դարձել է 150 հազար դրամ: Այս փոփոխութիւնը դրւած նպատակի իրացման տեսանկիւնից առաջացնում է առարկայական մի շարք հարցեր, որոնք էդպէս էլ պատասխանատուները թողեցին անպատասխան: Հարիւր հազար դրամ է՞ր պակասում, որ ընտանիքներում ծնւեն երկրորդ երեխաները: Գնահատւա՞ծ է այս փոփոխութեան իրական ազդեցութիւնը ծնելիութեան ցուցանիշի աւելացման վրայ, թէ՞ սա կը դառնայ պետական բիւջէից կատարւող անարդիւնաւէտ հերթական ծախսը:

Յատկանշական է նաեւ, որ ինչպէս կառավարութեան ծրագրի կատարողականի զեկոյցում, այնպէս էլ 2019 թւականին հաստատւած կառավարութեան հնգամեայ նոր ծրագրում ոչ մի խօսք չկայ բազմազաւակ ընտանիքներին պետական աջակցութեան մասին: Սա, ի դէպ, ՀՀ Սահմանադրութեան պահանջն է եւ ժողովրդագրական զարգացման առումով ունի օբեկտիւ անհրաժեշտութիւն: Իսկ օրւայ իշխանութիւնն իր նախընտրական ծրագրով խոստանում էր՝ 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչութեան թիւը:

Նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրութիւններից յետոյ գործող իշխանութիւնները լայն թափով սկսեցին պայքարել փողոցային առեւտրի դէմ՝ «կառքը ձիերից առաջ դնելու» որդեգրւած մօտեցմամբ: Սակայն այստեղ եւս պէտք է որոշիչը լինէր սոցիալական պետութեանը յարիր հետեւեալ մօտեցումը. անընդունելի է փողոցային առեւտրով զբաղւող եւ սեփական քրտինքով գոյատեւող որեւէ անձի եւ նրա ընտանիքին զրկել այդ միակ կենսական հնարաւորութիւնից՝ առանց  իւրաքանչիւր դէպքում պետութեան կողմից իրական այլընտրանք առաջարկելու: Հետեւաբար՝ փողոցային անօրինական առեւտրի բարդ ու բազմաբնոյթ խնդիրները հնարաւոր է վերջնական եւ առանց սոցիալական մեծ ցնցումների յանգուցալուծել, եթէ պետութեան կողմից ցուցաբերւի անհրաժեշտ աջակցութիւն փողոցային առեւտրով զբաղւողներին՝ առնւազն համարժէք եկամտով այլընտրանքային գործունէութեամբ զբաղւելու համար:

 

Ի՞նչ խոստումներ են ներառւած կառավարութեան նոր ծրագրում

2018 թւականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ձեւաւորւած կառավարութեան ծրագիրը, բնականաբար, սոցիալական ոլորտում ներառում է լայն հանրութեան համար խիստ սպասւած ու ականջահաճոյ նպատակադրումներ՝ աղքատութեան կրճատում, ծայրայեղ աղքատութեան վերացում, գործազրկութեան մակարդակի էական կրճատում, աշխատանքի խթանում եւ ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առաջանցիկ աճի ապահովում եւ այլն:

Սակայն որքան էլ զարմանալի թւայ, այն չունի չափելի բաւարար թիրախներ, որոնք թոյլ կը տան գնահատել դրա ընթացքն ու վերջնարդիւնքը: Հետեւաբար, ձեւական է դառնում ծրագրում հռչակւած պետական քաղաքականութեան արդիւնաւէտութեան գնահատման համընդհանուր շղթան՝ «բարեփոխում, պատասխանատու պետական մարմին, ժամկէտներ, արդիւնք, գնահատական»: Հնարաւոր չի լինելու սոցիալական ոլորտում ստացւող արդիւնքները լիարժէք համեմատել այդ ծրագրին՝ նւազագոյն անհրաժեշտ, չափելի թիրախների բացակայութեամբ պայմանաւորւած:

 

Ի՞նչ է արւում եւ փաստացի ի՞նչ արդիւնքներ են արձանագրւում

Այս անորոշ մօտեցման ֆոնին յետաձգւում են սոցիալական ոլորտի իրական խնդիրների լուծումները՝ սոցիալական կոնկրետ ծրագրերն ու դրանց առարկայական արդիւնքները: Իսկ ճառը շարունակւում է եւ «զանգ կախելու» ժամանակն՝ անցնում:

Փաստօրէն, իշխող քաղաքական ուժն անխոցելի լինելու նպատակադրմամբ՝ ի սկզբանէ բացառել է սոցիալական խնդիրների համար իր հասցէատեր լինելը: Իշխանութիւնների որդեգրած այս տրամաբանութեամբ՝ իրենք միայն ցանկութիւններ յայտնողն են ու որոշողը: Մէկ էլ՝ չեն խանգարելու, եթէ մարդիկ ինքնուրոյնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Իսկ հանրային կեանքի մի շարք ոլորտներում խօսքի ու գործի խորացող խզումների համար օրւայ իշխանութիւնը արմատաւորում է իրենից դուրս մեղաւորներ գտնելու անհեռատես գործելաոճը՝ պոպուլիստական լիակատար գործիքաւորմամբ: Մեղաւոր են մնում իշխանութեան այն թեւերը, հասարակական ու քաղաքական ինստիտուտները, որոնք դեռեւս լիարժէք չեն անցել իշխող քաղաքական ուժի ենթակայութեանը:

Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին «մեղաւորներին» մատնացոյց անելու համար նաեւ հասարակութիւնն է քայլ առ քայլ պառակտւում եւ առաջանում են արհեստական նոր շերտեր՝ սեւեր եւ սպիտակներ, իշխանութեան անվերապահ աջակիցներ ու որեւէ քննադատական խօսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող, սուրճ խմող» ստորին ու միջին օղակներում պաշտօններ զբաղեցնող հին չինովնիկներ եւ օրւայ իշխանութիւնների հետ եկած բարձրաստիճան նոր չինովնիկներ, ի վերջոյ՝ «աղքատութիւնը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչեւ իրենց վաստակած վերջին դրամը պատրաստ են հարկ վճարել եւ «աղքատութիւնը սեփական գլխում պահած» ծոյլեր:

Ցաւօք, այս դրսեւորումներին եւ դրանց կոնկրետ դէպքերին ականատես ենք լինում պարբերաբար: Օրինակները շատ են: Դրանց մի մասը վերը ներկայացւած են: Յատկանշական են նաեւ հանրային հնչեղութիւն ստացած այլ օրինակներ:

Շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների այս տարւայ մարտին սոցիալական նպաստների վճարման ուշացման արդիւնքում առաջ եկան սոցիալական կոնկրետ բացասական հետեւանքներ:

Նորից՝ առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն աւարտելու, կառավարութիւնը որոշել էր 2019 թւականի սկզբից անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման: Արդիւնքում՝ տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում պետական-մասնաւոր գործընկերութեամբ, տարիներ շարունակ արդիւնաւէտ գործող եւ սոցիալական էական ազդեցութիւն ունեցող մի շարք ծրագրեր կանգնեցին ֆինանսաւորման ուշացման խնդրի առաջ: Խնդիրը լուծելու համար էլ վերադարձան նախկին կարգաւորումներին՝ յետաձգելով իրենց նախատեսած համակարգային բարեփոխումները: Խօսքը վերաբերում է՝ Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում գործող «Արմաթ» լաբորատորիաների, «Տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայութիւնների», «Գիւմրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունէութեան իրականացում», «2019 թւականին Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» ծրագրերին եւ այլն: Եւ սա այն դէպքում, երբ կառավարութեան ծրագրով կարեւորւում է պետական-մասնաւոր գործընկերութիւնը, իսկ տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտը համարւում է տնտեսութեան զարգացման եւ բարձր եկամուտներով նոր աշխատատեղերի ստեղծման հիմնական գերակայութիւն:

Կառավարութեան ղեկավարն այցելեց աւտոմեքենաների մաքսազերծման ծառայութիւն եւ արձանագրեց մեր երկրի պետական դրօշի ոչ պատշաճ պահպանմանը, տարածքի մաքրութեանը վերաբերող խնդիրներ: Արդիւնքում՝ առանց անհրաժեշտ ծառայողական քննութեան, անօրինական հիմքով աշխատանքից ազատւեց մաքսային շարքային ծառայող:

Կառավարութեան ծրագրում յստակ ամրագրւած է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրութեան ոլորտում պէտք է էապէս նւազեցւի հարկային բեռը եւ խթանւի աշխատանքը՝ յատկապէս փոքր ձեռնարկատիրութեան զարգացման ճանապարհով: Ակնյայտ փաստ է, որ ՓՄՁ ոլորտն ունի սոցիալական ամենամեծ ազդեցութիւնը եւ այս ոլորտում հարկային բեռը շարունակում է էապէս բարձր մնալ եւ անհամատեղելի է նւազագոյն շահոյթ ապահովող տնտեսվարման հետ: Սակայն կառավարութիւնը, առանց խթանիչ հարկային համակարգ ապահովելու, իրականում մեղադրում է փոքր ու միջին ձեռնարկատերերին ու ֆերմերներին, որոնք լաւ չեն աշխատում, միջազգային շուկաներ դուրս չեն գալիս եւ չեն խոշորանում, հետեւաբար՝ սնանկանում են եւ իրենք ու իրենց աշխատողները համալրում են աղքատների բանակը:

Բերւած կոնկրետ օրինակներում առաջացած խնդիրների համար պետական բարձրաստիճան ոչ մի պաշտօնեայ այդպէս էլ պատասխանատւութեան չի ենթարկւել, ինչն օբեկտիւօրէն ենթադրւում էր, քանի որ նրանք նաեւ այս խնդիրները պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձեր ու պարգեւատրումներ:

 

Իրականում ի՞նչ է ստացւում

Փաստօրէն, գործող կառավարութիւնը եւ դրա մասը կազմող սոցիալական ոլորտի պատասխանատուները սոցիալական խորացող խնդիրների պատասխանատւութիւնից իրենց այլեւս ապահովագրել են, իսկ դրանց համընդհանուր լուծումների համար հետեւողականօրէն սպասում են «հրաշքների», որոնք պիտի տեղի ունենան տնտեսական յեղափոխութիւնից յետոյ՝ այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կանի:

Սոցիալական պաշտպանութեան քաղաքականութեանը եւ իրավիճակին վերաբերող մեր ուսումնասիրութիւններն ու առարկայական գնահատումները լինելու են պարբերական՝ ընդհանուր ոլորտային եւ ըստ առանձին բնագաւառների: Դրանք միտւած կը լինեն առկայ կոնկրետ խնդիրների ու դրանց պատճառների համակողմանի հատկորոշմանը, հնարաւոր այլընտրանքային լուծումների ներկայացմանը:

Հ. Յ. Դաշնակցութեան  ՄՈՀ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։