Հա

Ազգային

17/06/2019 - 14:20

Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիւ փուլ են նախանշում

Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցութեան համաձայնագրերն անվաւեր յայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանութիւններով արձագանքելը քաղաքականօրէն կարող է ճիշտ ընկալման համարժէք չլինել։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

 

Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցութեան համաձայնագրերն անվաւեր յայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանութիւններով արձագանքելը քաղաքականօրէն կարող է ճիշտ ընկալման համարժէք չլինել։

Նախ, իհարկէ, սկզբունքով ֆրանսիական արդարադատութիւնը անջատ է քաղաքական տիրոյթից եւ, հետեւաբար անկախ է նաեւ՝ գործադիր իշխանութիւնից։ Հետեւաբար` շեշտել, որ պաշտօնական Փարիզը քաղաքական ազդակ է ուղարկում Բաքւին տնտեսական յարաբերութիւններին նոր թափ տալու օրակարգով, այնքան էլ բացարձակ ընկալում կարող է չունենալ։

Նման մեկնաբանութեան հիմք կարող է ծառայած լինել նախագահ Մակրոնի կողմից Ապրիլի 24-ը պաշտօնական օրացոյցում Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր հռչակման որոշման ընթացքում կամ գրեթէ համաժամանակ՝ Բաքւի հետ նոր զինատեսակների վաճառքի գործարքների յայտարարութիւնը։

Պարզ է, որ հակառակորդի,աւելի ճիշտ, հակառակորդների կողմից քաղաքական աշխատանք է իրականացւում, բողոքարկելու եւ պահանջելու նման համաձայնագրերի չեղարկումը։ Բաքւի կողմից Փարիզին յղւած բողոքագրերը սկսել էին արդէն ազդել ֆրանսիական քաղաքների քաղաքային խուրհուրդների վրայ. նրանք քոյր քաղաքների հռչակման փոխարէն այլ եզրաբանութիւն էին որոնում բնութագրելու համար երկու քաղաքների միջեւ համագործակցութեան յուշագրեր ստորագրելու ակտերը։

Յստակ է, որ Բաքուն այս պայքարում առանձին չէ։ Անկարան իբրեւ փորձառու գլխաւոր եւ աւագ գործընկեր եւրոպական դաշտում օգնում է իր եղբօրը՝ իրաւական հողի վրայ բարձրացնելու համար բողոքները, եւ դրանց առընթեր քաղաքական շանտաժային վարքագծի որդեգրման յուշումներ կատարելով կառավարում՝ Բաքւի անունից կիրառւող խաղը։ Անկարան շանտաժային քաղաքականութեան հսկայ փորձ ունի, որից պէտք է օգտւի կրտսեր գործընկերը։

Այս շրջածիրում պէտք է ընկալել նաեւ Անկարայի հեգնանքը ուղղւած Փարիզին՝ Անկարա-Բաքու քոյր քաղաքների հռչակման առաջադրանքի բարձրաձայնմամբ յատկանշւող։

Ճիշտ է, որ Բաքուն առաւել է արձանագրում այս ուղղութեամբ։ Ֆրանսիական քաղաքների հետագայ նախաձեռնութիւնները առնւազն կը դանդաղեն, եթէ ոչ՝ կը սառեցւեն կամ կառկախւեն։ Մինչ, եւրոպական այլ քաղաքների վրայ չի բացառւում, որ որոշակի ազդեցութիւն ունենայ ֆրանսիական նախադէպը։

Միայն ֆրանսիական քաղաքները չեն, որ քոյր քաղաքների ձեւաչափով որոշումներ են կայացրել եւ դրանց ուղղութեամբ նաեւ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ում ծայր է առել նահանգային մակարդակի վրայ Արցախի Հանրապետութեան ճանաչման գործընթաց. նոյնը՝ Աւստրալիայում։

Հիմա, եթէ բողոքարկումների իրաւական հիմքը Ֆրանսիայի պարագային այն է, որ տւեալ երկրի կողմից ճանաչում չստացած պետութեան քաղաքների հետ ինչպէ՞ս կարող է  համաձայնագրեր ստորագրել, ապա այստեղ եւս տրամաբանութիւնը միեւնոյնն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Աւստրալիան պաշտօնապէս չեն ճանաչել Արցախի Հանրապետութիւնը, սակայն դա արգելք չի եղել, որ երկու երկրների նահանգները ճանաչեն Արցախը։

Այս առումով, ուրեմն Ֆրանսիայի դատական համակարգի կայացրած որոշումները իրաւականօրէն կարող են դիւրաբեկ լինել, եթէ վաղը դրանք բեկանելու համար վերատեսութեան դիմումներ յղւեն համապատասխան ատեաններին։ Բայց սա արդէն իրաւական ընթացակարգի այլ խնդիր է։

Քաղաքական դիտարկումն այս բոլորի մէջ ինքն իրեն զգալի է դարձնում։ Թւում է, որ նահանգային եւ քաղաքային մակարդակների վրայ ճանաչման արշաւն ու Ստեփանակերտի հետ համագործակցութիւնը, որ որոշակի ճանապարհ է անցել արդէն, հիմա արժանանում են իրաւաքաղաքական հակազդեցութիւնների։ Սա ինքնին ցուցանիշ է, որ Բաքւի ժխտողականութիւնը Անկարայի հովանաւորչութեամբ պիտի շարունակի հակազդել։

Իսկ այս գործընթացներն աւելի համընդհանուր հայացքով նախանշում են, որ արցախեան հիմնահարցը վերածւել է ճանաչում-ժխտման առանցքային թեմայի, ինչը որ համահայկական աշխատանքների եւ պետութիւն-սփիւռքի կազմակերպություններ համագործակցութեան նոր ռազմավարութեան մշակման հրամայական են ընդգծում։ Սա ենթադրում է նաեւ, որ Արցախի ճանաչումը միջազգային հարթութեան վրայ նոր ակտիւ փուլ է թեւակոխում:

 

«Ազդակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։