Հա

Ազգային

02/07/2019 - 13:40

Պայքարելու ենք, որ այս Սահմանադրութիւնն ամբողջովին փոխւի

Արցախում կադրային վերադասաւորումները շարունակվում են։ Երէկ նախագահ Բակօ Սահակեանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտօնի։

«alikonline.ir» - Արցախում կադրային վերադասաւորումները շարունակվում են։ Երէկ նախագահ Բակօ Սահակեանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտօնի։

Իգոր Գրիգորեանն ազատւել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետութեան նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցչի պաշտօնից եւ նշանակւել Քննչական կոմիտէի ղեկավար։

Մենք օրերս գրել էինք, որ նման նշանակում է սպասւում։ Իգոր Գրիգորեանը նախկինում եղել է ոստիկանութեան քննչական վարչութեան պետը, ոստիկանապետ։ Աւելի վաղ Սահակեանի հրամանագրով Արշաւիր Ղարամեանը նշանակւեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լեւոն Մնացականեանը՝ ոստիկանապետ։

Նշւած երեք անուններն էլ Բակօ Սահակեանի ամենամտերիմ զինակիցներն են։ Օրերս նաեւ պաշտպանութեան բանակի հրամանատարի տեղակալ է նշանակւել Միքայէլ Արզումանեանը, որին մէկ տարի առաջ գլխաւոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտօնից ազատել էր Նիկոլ Փաշինեանը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Hraparak.am»-ը զրուցեցել է Արցախի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

 

- Պարոն Սարգսեան, նախագահական ընտրութիւններից առաջ, այն էլ հեռացող նախագահի այս նշանակումներն ինչպէ՞ս էք մեկնաբանում, յատկապէս, որ բոլոր նոր նշանակումներն էլ, այսպէս ասած, ի հեճուկս Նիկոլ Փաշինեանի ճաշակի են լինում, մենք անցած ամիսներին տեսել ենք Փաշինեանի՝ Բակօ Սահակեանի ու նրա մերձաւորների նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքը։

- Իմ հանդիպումներն այդ տպաւորութեանը չեն բերում, թէ ի հեճուկս են արւում, պարզապէս նախագահը մինչեւ վերջին օրը պէտք է լինի նախագահ եւ վարի կադրային քաղաքականութիւն։

Դրա հետ կարող ենք համաձայն լինել, կարող ենք չլինել՝ դա հարցի միւս կողմն է։ Բայց մտածենք, թէ նախագահին մի քանի ամիս է մնում պաշտօնավարել, ու չպէտք է ոչինչ անի՝ նշանակում է երկիրը կը սկսի թուլանալ։

 

- Բայց մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինեանի ոչ հրապարակային յորդորով Բակօ Սահակեանը կադրերից է ազատւում, Ձեր ո՞ր տպաւորութիւնների մասին էք խօսում։

- Պաշտօնապէս նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես նման կարծիք չեմ լսել, հետեւաբար, ենթադրութիւններով չեմ ուզում առաջնորդւել։

 

- Բակօ Սահակեանը մի կողմից յայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրութիւններին, միւս կողմից ուժեղացնում է ուժային կառոյցները, ՀՅԴ-ն կարծես յաւակնում է մասնակցել այդ ընտրութիւններին, այս համատեքստում է՞լ մտահոգւելու առիթ չեն տալիս նման նշանակումները․ գուցէ Բակօ Սահակեանն ակնկալիքներ ունի ընտրութիւններից, ու դրանով են պայմանաւորւած նրա քայլերը։

- Գիտէք, ամէն մէկը մտածում է իր ճիշտ լինելու մասին, կոնկրետ ՀՅԴ-ն կարծում է, որ ինքն է ճիշտ, եւ պատրաստւում ենք ապագայ ընտրութիւններին, որի վերջնական որոշումը կը կայացւի յուլիսի 6-7-ին՝ մեր շրջանային ժողովում կամ, ինչպէս ասում են՝ համագումարում։

Ամէն մէկը իւրովի է փորձում վերցնել պատասխանատւութիւնը, եւ սահմանափակումներ չկան։ Մենք կոնկրետ պատրաստւում ենք շրջանային ժողովին, որից յետոյ մեր կարծիքը կը ներկայացնենք տարբեր հարցերի վերաբերեալ։

Եւ յաւելեմ, որ ես Արցախի ժողովրդին շատ լաւ գիտեմ ու գիտեմ, որ հեռու է լինելու բոլոր ճնշումներից ու փոքր-ինչ չի շեղւելու իր ընտրութիւնից, շարունակելու է՝ հայ ժողովրդի հետ միասնականութեան իր տեսլականի իրագործման նպատակին հասնելու համար։

 

- ՀՅԴ-ն կուսակցական թեկնածուո՞վ է մասնակցելու։

- Հաւանականութիւնը շատ մեծ է, որ մենք թեկնածու ենք ունենալու, իսկ մնացած հարցերը կը քննարկենք ժողովում։

 

- Տեղեկութիւններ կան, որ չի բացառւում՝ աջակցէք նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանին։

- Մենք ունենալու ենք մեր թեկնածուն եւ այդ թեկնածուին երբ որոշենք, յայտարարելու է, որ ինքը Դաշնակցութեան կողմից առաջադրւած թեկնածու է, ես աւելին ասել չեմ կարող ու չեմ ուզում մտքի մարզանք անել, քանի դեռ որոշում չունենք։

 

- Սամուէլ Բաբայեանը ստորագրահաւաք է նախաձեռնել՝ սահմանադրական փոփոխութիւնների պահանջով, Ձեր կարծիքով՝ կը լինե՞ն փոփոխութիւններ։

- Գիտէք, եթէ Սահմանադրութեան մէջ կայ կէտ, որը ժողովուրդը պէտք է առաջարկի փոխել, ուրեմն տեսականօրէն ամէն ինչ հնարաւոր է։ Բայց մենք գտնում ենք, որ Սահմանադրութեան մի կէտով չի որոշւում, բոլոր կէտերը շաղկապւած են, եւ ժամանակին յստակ յայտարարել ենք ու յայտարարում ենք՝ ՀՅԴ-ն ամբողջութեամբ դէմ է այս Սահմանադրութեանը։ Մենք պայքարելու ենք, որ այն ամբողջովին փոխւի։ Եթէ, օրինակ, ՀՅԴ-ական նախագահ ընտրւի, ապա նրա առաջին կոչը ժողովրդին այն է լինելու, որ իր կառավարման տարիներին ամբողջովին փոխւելու է Սահմանադրութիւնը, եւ Ղարաբաղը նախագահական կառավարման համակարգից անցնելու է խորհրդարանականին։

 

- Հիմա կոնկրետ դրոյթի փոփոխութիւն է առաջարկւում՝ Արցախում 10 տարւայ մշտական բնակութեան կէտը նախագահի թեկնածուների համար չեղարկել, աջակցելո՞ւ էք։

- Քանի որ դեռեւս ընդհանուր որոշում չունենք, ես իմ կարծիքը կը յայտնեմ՝ ես չեմ գտնում, որ պէտք է մէկ դրոյթ կիսատ ներկայացնել։ Յետոյ՝ Ղարաբաղ-Հայաստան միացման համար մենք լուրջ մտածում ենք այդ ուղղութեամբ։ Դուք գիտէք, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքի կնքում, եւ չի բացառւում, որ մենք եւս ստորագրահաւաք նախաձեռնենք, որպէսզի այդ դաշինքի կնքման համար փոփոխութիւններ նախաձեռնենք։ Այդ դաշինքի կնքմամբ Արցախը դառնում է դէ իւրէ ՀՀ-ի կողմից ճանաչւած, 1992 թւականին ՀՅԴ-ն այդ հարցը բարձրացրել է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախութիւնը, հիմա ծիծաղելի կը լինի, որ այսքան տարի յետոյ մենք ճանաչենք, նշանակում է՝ չե՞նք ճանաչել։ Եւ մենք առաջարկում ենք դաշինքի կնքում, իսկ դաշինքը կնքում են նրա հետ, ում ճանաչել են, հետեւաբար, ինքնըստինքեան դառնում է նաեւ, որ Հայաստանը ճանաչել է Արցախի անկախութիւնը։ Մենք այժմ ճշգրտում ենք հետագայ քայլերը՝ այդ ծրագիրը կեանքի կոչելու համար։

 

- Ստորագրահաւաքը ե՞րբ էք նախաձեռնում։

- Դեռեւս չեմ կարող ասել։

 

- Իսկ ի՞նչ ընթացակարգ է նախատեսում դաշինքի կնքումը։

- Ստորագրութիւնները կը հաւաքեն, որպէսզի Արցախի եւ Հայաստանի ղեկավարութիւնը հաշւի նստեն դրանց հետ եւ կնքեն դաշինքը։

 

Լուսինէ Շահվերդեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։