Հա

Ազգային

03/07/2019 - 12:30

Գերակշիռ է այն տեսակէտը, որ Դաշնակցութիւնը հանդէս գայ առանձին թեկնածուով

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը։

«alikonline,ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը։

 

- Պարոն Սարգսեան, մամուլում կան տեղեկութիւններ, որ Դաշնակցութիւնն Արցախի նախագահական ընտրութիւններում սատարելու է նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանի թեկնածութիւնը։ Որքանո՞վ են այդ տեղեկութիւնները համապատասխանում իրականութեանը։

- Մենք որեւէ որոշում չունենք։ Յուլիսի սկզբներին լինելու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի կառոյցի Շրջանային ժողովը, այսինքն՝ համագումարը։ Ամբողջ Ղարաբաղի շրջանները համագումար են անելու՝ քննարկելու մեր օրակարգը, տարբեր հարցերի շուրջ ստեղծւած իրավիճակը՝ այդ թւում եւ նախագահական ընտրութիւնները։ Վերջնական որոշումը լինելու է յուլիսի սկզբին, երբ տեղի ունենայ այդ ժողովը։ Այսօր մեր ընկերների զրոյցներում ու առաջարկութիւններում գերակշիռ մաս է կազմում այն տեսակէտը, որ Դաշնակցութիւնը պէտք է հանդէս գայ առանձին թեկնածուով։

 

- Իսկ Ձեր պատկերացումներում կա՞յ արդէն ինչ-որ մէկը։

- Որոշում չկայ, որոշումը լինելու է Շրջանային ժողովում։ Կարծես միտումն այն է, որ մի քանի օր էլ սպասենք, նոր որոշումն ասենք, որ լինելու է առանձին թեկնածու։ Ոչ թէ սիրուն բառերի համար եմ ասում, այլ ընդհանրապէս ասեմ՝ անձը քիչ նշանակութիւն ունի։ Մենք ծրագիր ու թիմ ունենք, եւ մեր տարբերութիւնը միւս կուսակցութիւններից հէնց սրանով է պայմանաւորւած։ Շրջանային ժողովը կորոշի ոչ թէ անձը, այլ իր ռազմավարութիւնը։ Կենտրոնական կոմիտէն, մեր համապատասխան կանոնադրութեան համաձայն, իր որոշումը կը կայացնի։ Ի դէպ, նշեմ, որ կարող է լինել ոչ կուսակցական անձ, բայց առաջադրւած Դաշնակցութեան կողմից։ Դրա համար պէտք է սպասել Շրջանային ժողովի որոշմանը։

 

- Տեղեակ էք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը ստորագրահաւաք է անցկացնում Արցախում, արդէն անհրաժեշտ քանակութեամբ ստորագրութիւն հաւաքւել է, եւ չի բացառւում, որ առաջիկայում փողոցային զարգացումներ լինեն։ Ի դէպ, նշւում է, որ հէնց նման հեռանկարների պատճառով է, որ Բակօ Սահակեանը ուժեղացնում է ուժային կառոյցները։ Դաշնակցութեան դիրքաւորումն այս գործընթացներում ինչպիսի՞ն է լինելու։

- Մեր դիրքաւորումը, ռազմավարութիւնն այդ ասպարէզում հետեւեալն է. Արցախը պէտք է վեր կանգնի կուսակցական բոլոր հարցերից ու պահի միասնութիւն, որովհետեւ մեր խնդիրները ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին հարցերում չափից դուրս շատ են։ Պէտք է փորձել միասնական ուժերով կարողանալ յաղթահարել։ Այն, ինչը չի հակասում Սահմանադրութեանը, մենք դրա կողմնակիցն ենք։ Իսկ այն, ինչը հակասում է, բնական է, որ մենք կողմնակից չենք։ Բայց խնդիրն այն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ամբողջովին դէմ է եղել այս Սահմանադրութեանը, ոչ թէ մի կէտին, այլ ամբողջութեամբ։ Բոլոր կէտերը մէկը միւսից կախւած են։ Եթէ 2020 թւականի ընտրութիւններում յաղթի Դաշնակցութեան թեկնածուն, եւ մենք ունենանք դաշնակցական նախագահ, ապա այդ դաշնակցական նախագահի առաջին յայտարարութիւններից մէկն այն է լինելու, որ ստեղծւի համապատասխան մարմին, որն աշխատելու է նոր Սահմանադրութիւն ընդունելու ուղղութեամբ։ Այդ Սահմանադրութեան մէջ վերացւելու է նախագահի պաշտօնը, եւ մենք լինելու ենք խորհրդարանական պետութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Հայաստանը։ Այսինքն՝ նա լինելու է Արցախի Հանրապետութեան վերջին նախագահը, մենք ամբողջութեամբ դեմ ենք այս Սահմանադրութեանը։ Քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, ժողովրդի կողմից՝ բնական է, որ մենք հակասահմանադրական քայլերին կողմ չենք կարող լինել, կողմ ենք մարդու ազատ կամքի արտայայտմանը, բայց Սահմանադրութեան դէմ գործունէութիւններ չպէտք է ծաւալել։ Սա անձի հետ կապւած չէ, մենք երեւոյթի հետ կապւած ահա այսպիսի դիրքորոշում ունենք։ Իսկ մեր հզօրութեան հիմքը միանշանակ պէտք է արդարութիւնը լինի։ Արցախի Հանրապետութեան ճանաչման ամենակարճ ճանապարհը ժողովրդավարութեան հաստատումն է, դրա համար էլ մեզ պէտք են սահմանադրական փոփոխութիւններ։ Մեր կարծիքով՝ խորհրդարանական մոդելը շատ աւելի ժողովրդավար է։

 

- Նշեցիք, որ Ձեր թեկնածուն կարող է լինել ոչ Դաշնակցութեան անդամ, բայց առաջադրւի Դաշնակցութեան կողմից։ Խօսւում է Ռ. Քոչարեանի հնարաւոր մասնակցութեան մասին, դա տեսականօրէն հնարաւո՞ր տարբերակ է։

- Իսկ այս Սահմանադրութեամբ կարելի՞ է։

 

- Ոչ, նկատի ունեմ Բաբայեանի կողմից իրականացւող փոփոխութիւններից յետոյ։

- Մենք ասել ենք, որ այն, ինչ սահմանադրական է, մենք դրա կողմնակիցն ենք լինելու։ Կրկնում եմ՝ որոշում չկայ, շեշտում եմ՝ լինելու է յուլիսի սկզբի Շրջանային ժողովում։ Մտքի մարզանք չանենք, բայց հաւանականութիւնը մեծ է, որ լինի Դաշնակցութեան կողմից առաջադրւած թեկնածու։ Անուն, բնականաբար, չկայ։ Ես անկեղծ պատասխան տւեցի, ոչ թէ քաղաքական գնահատական։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։