Հա

Ազգային

07/07/2019 - 09:10

Ովքեր եւ ինչպէս են գծում մեր ուր գնալու քարտէզը կամ ինչպէս ենք նահանջում միջազգային հարթակներում

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գրեթէ մէկ տարի մշակոյթի նախարարութիւն չունենալն, իսկ աւելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրութեան, անհեռատեսութեան ու դիլետանտիզմի ճիրաններում կաթւածահար անելն ու անգործութեան մատնելն իրեն երկար սպասել չտւեց։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գրեթէ մէկ տարի մշակոյթի նախարարութիւն չունենալն, իսկ աւելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրութեան, անհեռատեսութեան ու դիլետանտիզմի ճիրաններում կաթւածահար անելն ու անգործութեան մատնելն իրեն երկար սպասել չտւեց։

Օրերս Բաքւում մեկնարկեց ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 43-րդ նստաշրջանը։ Մենք կարող էինք այնտեղ լինել եւ ճիշտը ներկայ լինելն էր։ Եւ ոչ միայն այն բանի համար, որ վաւերացրել ենք եւ անդամակցում ենք ԻՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգութեան պաշտպանման կոնւենցիային», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցեալը քիչ թէ շատ արդիւնաւէտ աշխատել ենք ու արդիւնքներ գրանցել, այլեւ, նախեւառաջ, այն պատճառով, որ ԻՒՆԵՍԿՕ-ն եւ յատկապէս նրա տւեալ կոմիտէն լրջագոյն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայութեամբ, մեր մշակութային ինքնութեամբ եւ համաշխարհային քաղաքակրթութեանը տւած ահռելի ժառանգութեամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթութեան մէջ մեծերի հետ հաւասար խօսելու բնական եւ լուրջ հիմքեր, ի վերջոյ, մեր մշակութային իրաւունքներն ու շահերը, որոնք խորքի մէջ աւելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարաւորութիւն։

Բայց նախ՝ պէտք է գիտակցել ՄՇԱԿՈՅԹԻ քաղաքական գործօնը եւ յետոյ գնահատել ու համոզում ունենալ, թէ այն ինչ անփոխարինելի դիւանագիտական-քաղաքական կապիտալ է ներկայացնում։ Պէտք է․․․

Ցաւօք, այս գիտակցումը, քաղաքական այս արժեւորումը չունեցանք եւ շարունակում ենք չունենալ, այլապէս Մշակոյթի նախարարութիւնը չէին խոթի կրթութեան ու գիտությեան ու երիտասարդութեան ու սպորտի արդէն իսկ խցանւած հանրակացարանում եւ չէին փորձի ընդամենը երկու վարչութիւնների տիրոյթում ծրագրել ու կառավարել մշակոյթ հսկայական տնտեսութիւնը։

Իսկ Բաքւում ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք։ Չկանք, որովհետեւ մեկնարկից մէկ-երկու օր առաջ յանկարծ արթնացանք ու յիշեցինք, որ անվտանգութեան խնդիր կայ ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-Ն (կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւն-ԽՄԲ.) ուշացած, վերջին վայրկեանին գրւած նամակն ուղղւած ԻՒՆԵՍԿՕ-ին, հաւանաբար, տեղ հասաւ, երբ պատւիրակներն արդէն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատւած էին ամիսներ առաջ։ Այս ամէնը նախապէս չգիտակցելը, չհաշւարկելը պարզապէս արդարացում չունի։

Ի դէպ, ամիսներ առաջ, դարձեալ մեր անգործութեան կամ չիմացեալ անտարբերութեան պատճառով, ադրբեջանցիներին յաջողւեց «քոչարին» գրանցել ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում։

Իսկ Բաքւում, բնական է առիթը բաց չեն թողնում, բացում են «Ադրբեջանի մշակութային ժառանգութիւնը Լուվրում» ցուցադրութիւնը, որն ի դէպ Լուվրում գործելու է մինչեւ սեպտեմբեր՝ առանցքում ունենալով XVIII-XX դարերի ադրբեջանական գորգը, այո՝ XIII դարի «ադրբեջանական» գորգը։ Այս նախադասութիւնը տհաճութեամբ եմ գրում, ներքին վիրաւորանքով․նրանք անգամ գորգագործութեան զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակոյթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականութիւն կամ ռազմավարութիւն չենք կարողանում մշակել, պարզապէս չունենք։
Իսկ ֆրանսիական քաղաքները՝ դատարանների վճռով, մէկը միւսի ետեւից չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրութեան համաձայնագրերը․․․

Ի դէպ, 2018-ի դեկտեմբերին Մաւրիկիի Հանրապետութիւնում անցկացւող նստաշրջանում Հայաստանն ընտրւեց Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կոմիտէի փոխնախագահ, եւ մենք բոլոր հնարաւորութիւններն ունէինք յաջորդ նիստը Հայաստանում հրաւիրել։ Կարող էինք, բայց մեր առաջնահերթութիւններն այլ են կամ պարզապէս չկան, պարզապէս անգործութեան ու չիմացութեան իներցիայով կորցնում ենք հերթական միջազգային հնարաւորութիւնը, հարթակը։

Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքւում, շւարում, յանկարծ, մէկեն բացայայտւած մասսայական բռնարարի եւ նոյնքան էլ մասսայական բռնաբարւածի մեր հոգեկերտւածքից․․․ 

Իսկ նոյն պահին զուգահեռ Բաքուն զբաղւած է Շեքին համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, եւ խնդիրն այն է, որ փաթեթում ներառւած տարածաշրջանային քարտէզները, որ հրատարակւել են Բաքւում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ հայկական մի շարք տեղանուններ ներկայացւած են ադրբեջանական տարբերակներով։

Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժւար թէ լինի․․․

Ու ես դժւարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թէ որտեղ ենք մենք, ովքեր եւ որտեղ են գծում մեր ուր գնալու քարտէզը․ մեր արտաքին յարձակողական, հայանպաստ քաղաքականութիւնը փոխարինել ենք կոմպլիմենտար խեղճութեամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սեւուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում մեր իսկական տեսակից, որպէս պետութիւն հասկանալի եւ արժանապատիւ ուղեգիծ բռնելու ճանապարհից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։