Հա

Ազգային

10/07/2019 - 11:40

Շահան Գանտահարեանը՝ ԵԱՀԿ ԽՎ հակահայ նախագծի մասին. «Tert.am»

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրւել իռլանդացի պատւիրակ Ալան Ֆարելի՝ Արցախեան հակամարտութեան վերաբերեալ հակահայկական բանաձեւը, որում կային «եօթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացւած տարածքների» վերաբերեալ ձեւակերպումներ:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրւել իռլանդացի պատւիրակ Ալան Ֆարելի՝ Արցախեան հակամարտութեան վերաբերեալ հակահայկական բանաձեւը, որում կային «եօթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացւած տարածքների» վերաբերեալ ձեւակերպումներ: Թեմայի շուրջ «Tert.am»-ը խօսել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ։

 

- Պարոն Գանտահարեան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրւել իռլանդացի պատւիրակ Ալան Ֆարելի՝ Արցախեան հակամարտութեան վերաբերեալ հակահայկական բանաձեւը, որում կային «եօթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացւած տարածքների» վերաբերեալ ձեւակերպումներ: Ի՞նչ խնդիրների կարող էր յանգեցնել այս բանաձեւը, ի՞նչ ռիսկեր է այս նախագիծը պարունակում:

- Զեկոյցում օգտագործւած եզրաբանութիւնը, բնականաբար, միակողմանի է եւ համահունչ չէ հաւասարակշռութիւն պահպանող միջնորդական առաքելութեան օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։ ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը, կարծում եմ, անպայման պէտք է նկատի ունենայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրոյթները իրավիճակի գնահատականը ձեւակերպելիս, ինչպէս նաեւ պէտք է որեւէ կերպ հակասութիւն չստեղծի միեւնոյն կառոյցի այն խմբի հետ, որը լիազորւել է միջնորդական առաքելութիւն իրականացնելու։

Չեմ կարծում՝ միակողմանի մօտեցում ունեցող զեկոյցը կարող է հիմք ծառայել բանակցութիւնների համար։ Գերակայ են այստեղ համանախագահների մօտեցումները, յայտարարութիւններն ու կոչերը։ Վերջին իրար յաջորդող հրապարակումներում նման եզրոյթներ չեն օգտագործւել։

 

- Արդեօք սա Ադրբեջանի «պատւէրով» զեկո՞յց էր՝ հաշւի առնելով, որ ԵԱՀԿ ադրբեջանական պատւիրակութեան անդամ Ազայ Գուլիեւն իր ելոյթում զեկոյցը հաւասարակշռւած համարեց եւ շնորհակալութիւն յայտնեց զեկուցողին:

- Չի բացառւում, որ ադրբեջանական գործօնն աշխատել է իրեն յատուկ միջոցներով. եւրոպական կառոյցները իրազեկ են այն մթնոլորտին, որը Բաքուն կիրառում է նման համագումարներում բանաձեւեր որսալու համար։ Այն փաստը, որ ադրբեջանական պատւիրակութեան անդամը նման զեկոյցը գնահատում է իբրեւ հաւասարակշռւած, խօսում է արդէն այդ մեթոդների մասին։

 

- Նախքան լիագումար նիստի օրակարգում ընդգրկւելը հարցերը յանձնաժողովների նիստերում են քննարկւում, եւ այս հարցը քննարկւել է քաղաքական յանձնաժողովում, ինչո՞ւ հէնց այդ ժամանակ ՀՀ պատւիրակութիւնը ջանքեր չներդրեց այս նախագիծն օրակարգ չմտցնելու համար, եւ միայն յետոյ նրանց ջանքերի միջոցով նախագծից դուրս եկան հակահայ եզրոյթները:

- Օրակարգ չբերելը, կարծում եմ, իրատեսական չեր լինի, սակայն նախածում փոփոխութիւններ անելն աւելի թիրախային աշխատանք է։ Կարծում եմ՝ հայկական կողմն աշխատել է, որ միակողմանի եզրոյթները դուրս հանւեն զեկոյցից։

Այնուամենայնիւ, ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, կայ շուրջ 350 պատգամաւոր, հետեւաբար բազմաթիւ ուղղութիւններով աշխատանք իրականացնելու խնդիր կայ։ ԵԱՀԿ ԽՎ-ի վարկին եւ հեղինակութեան պահպանման համար անհրաժեշտ է հաւասարակշիռ պահւածք ու դրա համապատասխան բանաձեւ։ Մի դիտարկում-տեղեկութիւն այս առիթով. 2013-ին Ալան Ֆարելը սոցցանցում անյարմար գրառում էր արել մի երգիչի մասին, յետոյ իր էջում ներողութիւն էր խնդրել։

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձեւակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրաւունքների կոմիտէն ողջունում էր Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ Ֆրանսիայի կողմից «Ապրիլի 24-ի» սահմանումը՝ որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: Հայկական կողմը առաւելութիւններ է արձանագրում թէ՛ Անկարայի եւ թէ՛ Բաքւի ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։