Հա

Ազգային

11/07/2019 - 10:20

Քաղաքական ուժերը պէտք է զերծ մնան կուսակցական նեղ շահերով առաջնորդւելուց

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցչի պաշտօնում վերընտրւած Դաւիթ Իշխանեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Շրջանային ժողովի արդիւնքների, Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւնների, ներքաղաքական իրավիճակի եւ 2020-ին կայանալիք համապետական ընտրութիւններին Դաշնակցութեան մասնակցութեան հարցերի շուրջ:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցչի պաշտօնում վերընտրւած Դաւիթ Իշխանեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Շրջանային ժողովի արդիւնքների, Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւնների, ներքաղաքական իրավիճակի եւ 2020-ին կայանալիք համապետական ընտրութիւններին Դաշնակցութեան մասնակցութեան հարցերի շուրջ:

 

- Յուլիսի 6-7-ը կայացել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը: Ժողովն ինչպէ՞ս է գնահատել շրջանաւարտ Կենտրոնական կոմիտէի գործունէութիւնը:

- Դաշնակցութեան ժողովներն ընդհանրապէս հետաքրքիր մթնոլորտում են ընթանում: Այդ առումով՝ առաւել հետաքրքրական է լինում քննադատութիւնը եւ բացթողումների ուղղութեամբ ծաւալւած քննարկումները, յատկապէս՝ քաղաքական երեւոյթների շուրջ: ՀՅԴ Արցախի կառոյցի բարձրագոյն ժողովն անմասն չէր այն ընդհանուր քննարկումներից, գնահատականներից ու քննադատութիւններից, որոնք իւրայատուկ են Դաշնակցութեանը:

Անցած մէկուկէս տարւայ գործունէութեան ընթացքում ՀՅԴ Արցախի կառոյցի պատասխանատու մարմինը՝ Կենտրոնական կոմիտէն, բավականին դժւար ժամանակահատւածում է գործել, եւ այդ դժւարութիւնները բխում էին ստեղծւած այն կացութիւնից եւ մարտահրաւէրներից, որոնց յաղթահարման ուղղութեամբ լուրջ ճիգեր է գործադրել Դաշնակցութեան Արցախի պատասխանատու մարմինը:

Ընդհանուր առմամբ՝ բաւարարւած եմ ժողովի ընթացքում հնչած գնահատականներից եւ քննադատութիւններից, որովհետեւ հէնց այդ քննարկումների արդիւնքում է ծնւել առաջիկայ երկամեակի համար առաջարկների, որոշումների եւ ընդունւած բանաձեւերի փաթեթը, որը եւ հանդիսանալու է նորընտիր Կենտրոնական կոմիտէի կողմնորոշիչը քաղաքական օրակարգ եւ ուղեգիծ ձեւաւորելու համար:

 

- Ինչպէ՞ս որակւեցին անցած ժամանակաշրջանում Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւնները:

- Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւնների հարցը օրակարգի առանցքային կէտերից էր: Պէտք է արձանագրենք, որ 2007 թւականին Դաշնակցութիւն-իշխանութիւն յարաբերութիւնները առ այսօր էական փոփոխութիւններ չեն գրանցւել: Առ այդ՝ այս կէտի շուրջ քննարկումները ծաւալւել են ոչ թէ ԿԿ-ի անցած երկու տարիների, այլ վերջին 10-12 տարիներին կառոյցի որդեգրած քաղաքական ուղեգծի շուրջ:

Պէտք է ասել, որ Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւնները որոշ առումներով չեն բաւարարել կառոյցի զանազան շրջանակներին: Ժողովին մասնակից պատւիրակները ներկայացրել են այդ մօտեցումներն ու լուրջ քննադատութեան արժանացրել յատկապէս Դաշնակցութեան ներկայացուցիչների ներկայութիւնը իշխանական օղակներում եւ, ընդհանրապէս, Դաշնակցութեան ներկայութիւնը կառավարման ոլորտում: Սակայն քիչ չէին նաեւ Դաշնակցութիւն-իշխանութիւն փոխյարաբերութիւններում մատնանշւած յաջողութիւնները: Համահայկական մասշտաբով Դաշնակցութեան կառոյցների, ՀՅԴ Արցախի կառոյցի եւ Արցախի իշխանութիւնների համատեղ ջանքերով Արցախի արտաքին քաղաքականութեան ոլորտում գրանցւել են ակնառու յաջողութիւններ: Վերաբնակեցման ոլորտում եւս Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցների ջանքերով եւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջնորդութեամբ իրականացւում են լայնածաւալ ծրագրեր: Արցախի իշխանութիւնների եւ Դաշնակցութեան դիրքորոշումները համահայկական խնդիրների վերաբերեալ համահունչ են: Այդ առումով, ինչպէս միշտ ասւել է, Արցախն ու Դաշնակցութիւնը ռազմավարական դաշնակիցներ են:

 

- Ժողովի կողմից հրապարակած յայտարարութեան մէջ անդրադարձ է եղել նաեւ Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին: Ի՞նչ մտահոգիչ երեւոյթներ է նկատում Դաշնակցութիւնը:

- Դաշնակցութեան համար միշտ էլ գերակայ է եղել պետական եւ ազգային շահը: Մենք միշտ առաջնորդւել ենք այդ սկզբունքով, գործել ենք ազգային եւ պետական շահի չխաթարման ուղղութեամբ՝ անկախ այն բանից, որ այդ պահին վերելք կամ անկում կունենայ կուսակցութեան վարկանիշը: Այդ իսկ առումով՝ Դաշնակցութիւնը կարեւորում է ներքաղաքական կայուն եւ համերաշխ մթնոլորտի պահպանումը, ինչն արձանագրւել է նաեւ Շրջանային ժողովում եւ արտացոլւել ժողովի կողմից հրապարակւած յայտարարութեան մէջ: Պէտք է արձանագրել, որ վերջին մէկ տարւայ ընթացքում տարբեր քաղաքական խմբաւորումների, ինչպէս նաեւ քաղաքական անհատ գործիչների մօտ նկատելի է կայունութիւնը խաթարող գործունէութեան ծաւալում, որը չի բխում մեր ընդհանուր ազգային եւ պետական շահերից:

Կուսակցական շինարարութեան անւան տակ քաղաքական գործիչներ եւ որոշ ուժեր ժամանակից շուտ սկսել են 2020 թւականին կայանալիք համապետական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքները եւ քարոզարշաւը: Մենք անցեալում առիթ ենք ունեցել յայտարարելու, որ Արցախի Հանրապետութիւնում վաղօրօք մեկնարկած քաղաքական զարգացումներն իրենց մէջ պարունակում են վտանգաւոր երեւոյթներ, որոնք կարող են խաթարել եւ լուրջ հարւած հասցնել մեր ընդհանուր միասնութեանը:

Մասնաւորապէս ուզում եմ անդրադառնալ Սամուէլ Բաբայեանի եւ նրա թիմակիցների կողմից ծաւալած խաբուսիկ քաղաքական գործընթացներին, որոնք սահմանադրական բարեփոխումների նախաձեռնութեան, օրէնսդրական առաջարկների ներկայացման եւ հանրաքւէի անցկացման միջոցով միտում ունեն խաթարելու մեր ներքին քաղաքական միասնութիւնը: Այդ գործընթացը խաթարում է նաեւ Հայաստան-Արցախ միասնութիւնը:

Սամուէլ Բաբայեանի ու նրա թիմակիցների կողմից այդ վտանգաւոր մտադրութիւնները ներկայացւում են որպէս Արցախը Հայաստանին միաւորելու, այսպէս ասած՝ նոր մօտեցում, սակայն խորքում նրանց կողմից որդեգրած գործընթացը լուրջ վտանգներ է պարունակում՝ անկախ պետականութեան հաստատման եւ Մայր հայրենիքին՝ Հայաստանին վերամիաւորւելուն ուղղւած ռազմավարութեանն ու մարտավարութեանը:

Այստեղ նկատելի է նաեւ քաղաքական տարբեր բանսարկութիւններով ժողովրդի զանազան շրջանակներին կեղծ օրակարգ առաջարկելու, այլ ոչ թե ճշմարիտ մօտեցումներով հանրութեանը համապատասխան տեսակէտների եւ քաղաքական մօտեցումների շուրջ համախմբելու իրողութիւնը:

Այդ ամէնին մենք ուշի-ուշով հետեւում ենք, եւ այդ հարցերին անդրադարձել ենք նաեւ մեր բարձրագոյն ժողովում՝ ընդգծելով, որ հիմնական հարցերի շուրջ միասնութեան ու ներքին համախոհութեան մթնոլորտի առկայութիւնը մեզ համար գերակայ է: Այդ առումով՝ Դաշնակցութեան Արցախի կառոյցն իր բոլոր ջանքերն ուղղելու է միասնական օրակարգի ձեւաւորմանը եւ ներքաղաքական դաշտում կայունութեան ապահովմանը:

 

- Ժողովը յանձնարարել է նորընտիր Կենտրոնական կոմիտէին՝ բազմակողմանի բանակցութիւններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրայ նախագահի համաձայնեցւած թեկնածու առաջադրելու շուրջ: Ի՞նչ պատկերացումներ ունի Դաշնակցութիւնը միասնական օրակարգ ասելով:

- Իւրաքանչիւր քաղաքական ուժ պէտք է ունենայ ազգային միասնական օրակարգի իր տեսլականը եւ այդ ուղղութեամբ որդեգրած վարքագիծ: Գնահատելով Արցախի ներքին կացութիւնը, արտաքին մարտահրաւէրներն ու աշխարհաքաղաքական զարգացումները, մեզ համար հրամայական է դառնում պետական եւ ազգային շահերի գերակայութեամբ միասնական օրակարգի ճշտումը: Այդ դիտանկիւնից հարցին նայելով՝ իշխանութեան լծակներին տիրանալու մոլուցքով տարւած քաղաքական ուժերը պէտք է մտածեն, թէ այդ մոլուցքն ուր կարող է հասցնել մեր հասարակութեանը:

Մենք դէմ չենք մրցակցային պայքարին, սակայն կան պահեր, երբ պայքարի ընթացքում կորուստների չափն այնքան մեծ է լինում, որից յետոյ ձեռք բերւած յաջողութիւնը արժեզրկւում է: Մենք տեսնում ենք տրոհման, համախոհութեան եւ միասնական մթնոլորտի խաթարման վտանգ: Այդ իսկ պատճառով՝ Շրջանային ժողովը, ճշտելով միասնական օրակարգի սահմանները, յանձնարարել է Կենտրոնական կոմիտէին՝ ազգային միասնական օրակարգի շուրջ ստեղծւած համախոհութեան հիման վրայ առաջադրել նախագահի համաձայնեցւած թեկնածու:

Առաջիկայ ամիսներին մենք բանակցութիւններ կը վարենք Արցախի տարբեր քաղաքական ուժերի հետ՝ նախ համաձայնեցնելու միասնական օրակարգը, ապա քննարկելու նախագահի համաձայնեցւած, միասնական թեկնածուի հարցը: Փուլ առ փուլ մենք կը ներկայացնենք բանակցութիւնների արդիւնքները: Իսկ բանակցութիւնների արդիւնքների հիման վրայ աշնանը կը հրաւիրւի արտահերթ Շրջանային ժողով՝ ՀՅ Դաշնակցութեան կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը որոշելու համար:

 

- Առաջիկայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ինչպիսի՞ն է լինելու Դաշնակցութեան մասնակցութիւնն այդ ընտրութիւններին:

- Առաջիկայ ՏԻՄ ընտրութիւնները մենք համարում ենք 2020 թւականին կայանալիք համապետական ընտրութիւնների առաջին փուլ, նախերգանք: Մենք այն համոզմանն ենք, որ քաղաքական ուժերը պէտք է զերծ մնան կուսակցական նեղ շահերով առաջնորդւելուց: Քաղաքական ուժերը պէտք է ունենան այն միտումը, որ գալիք ընտրութիւններից յետոյ Արցախի Հանրապետութիւնն աւելի ուժեղացած եւ ամրապնդւած քաղաքական համակարգով է օժտւած լինելու: Իսկ ժողովուրդը պէտք է համոզւած լինի, որ իւրաքանչիւր ընտրութեան արդիւնքում մենք աւելի հեշտութեամբ եւ պատրաստակամութեամբ կը կարողանանք յաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները: Թէ՛ ՏԻՄ, թէ՛ նախագահական եւ թէ՛ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում պէտք է շահի պետութիւնը, պէտք է շահի երկիրը եւ ժողովուրդը: Դաշնակցութիւնն ամէն պարագայում մասնակցելու է իւրաքանչիւր համապետական ընտրութիւնների. այդ ուղղութեամբ թող փարատւեն բոլոր կասկածներն ու երկմտութիւնները: Մենք՝ որպէս Արցախի ներքաղաքական կեանքում ազդեցիկ եւ գործունեայ քաղաքական ուժ, մեր ասելիքն ունենք: Այդ հարցում թող ոչ ոք կասկածներ չունենայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։