Հա

Ազգային

14/07/2019 - 09:20

«Մեր ամբողջ ջանքն այն է, որ եթէ սիրիահայերը մեկնեն Լիբանանից, Հայաստան մեկնեն». Յակոբ Բագրատունի

Լիբանանահայ համայնքի կեանքի, դժւարութիւնների, Հայաստան-Լիբանան յարաբերութիւնների եւ յարակից այլ հարցերի շուրջ «Yerkir.am»-ը եւ «Շանթ» ՀԸ-ն զրուցել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական բլոկի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունու հետ:

«alikonline.ir» - Լիբանանահայ համայնքի կեանքի, դժւարութիւնների, Հայաստան-Լիբանան յարաբերութիւնների եւ յարակից այլ հարցերի շուրջ «Yerkir.am»-ը եւ «Շանթ» ՀԸ-ն զրուցել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական բլոկի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունու հետ:

 

- Ինչքա՞ն հայ է ապրում ներկայումս Լիբանանում:

- Լիբանանում ամենադժւար բանը թիւ տալն է, բայց մեր հաշւարկով` 120-140 հազար: Բնականաբար, լիբանանահայերի մեծ թիւ կայ, որ Լիբանանից դուրս է ապրում: Հայեր ունենք` հային ճշտորոշող` ազգանւան «եան» վերջաւորութիւնը չունեն, ինչը երբեմն դժւարացնում է հաշւարկել` ինչքան հայ կայ Լիբանանում:

 

- Խառնամասնութիւննե՞րը շատ են:

- Դժբախտաբար, այո, ու վերջին տարիներին այդ թիւը մեծանում է: Հայերն իրենց զաւակներին յաճախ նախընտրում են ոչ հայկական վարժարաններ ուղարկել: Եթէ նախկինում հայերը բաշխւած էին մէկ-երկու մեծ հայկական թաղամասերում, բայց երկրի զարգացմամբ ու տնտեսական վիճակով պայմանաւորւած, մարդկանց կենսամակարդակի լաւացմանը զուգընթաց, նրանք նախընտրեցին այդ շրջաններից հեռանալ եւ աւելի հանգիստ շրջաններում բնակւել, որտեղ, ցաւօք, հայկական դպրոց ու եկեղեցի չկայ: Դա էլ պատճառ դարձաւ, որ հայութեան նահանջ ու արտագաղթ լինի: Այստեղի հայ համայնքն ունի 4 ֆոնդ, ու ամէն մի հայ զոյգի պսակադրութեան ծախսերը հոգում ենք այդ ֆոնդի միջոցով, մկրտութեան համար մենք ենք վճարում, եթէ երրորդ զաւակն են ունենում, նիւթական պարգեւ ենք տրամադրում: Օգնում ենք նաեւ հայկական վարժարաններն աւարտած ու ուսանող դարձած երիտասարդներին՝ կրթաթոշակի տեսքով: Սրանք գուցէ փոքր քայլեր են, բայց արտայայտում են այն հաւատը, որ հայը պէտք է հայ մնայ այս երկրի մէջ թէ՛ համայնքային իրաւունքների, թէ՛ համահայկական իմաստով:

Լիբանանը միակ երկիրն է աշխարհում, որ Սահմանադրութեամբ երաշխաւորում է հայութեան իրաւունքները: Մենք ներկայութիւն ունենք այստեղի խորհրդարանում ու կառավարութիւնում: Իբրեւ հայութեան ներկայացուցիչներ` մեր համայնքի շահերը պարտաւոր ենք լաւագոյնս ներկայացնել, որովհետեւ, վերջին հաշւով, Լիբանանը համայնքային երկիր է, համայնքային հաւասարակշռութեան երկիր է, ու իւրաքանչիւր համայնք իր իրաւունքներն է պաշտպանում: Մեր իրաւունքներն, իհարկէ, նոյնքան չեն, ինչպէս աւելի մեծ համայնքներինը: Անկախ հանգամանքից, թէ որքանով ենք մասնակցում լիբանանեան քաղաքական ու տնտեսական օրակարգերին, մենք ունենք մեզ օգտաւետ օրէնքների մշակման անհրաժեշտութիւնը, ու, բնականաբար, հայութեան ինքնութեան պահպանման հարցը` կրօնական, կրթական, մշակութային եւ այլ առումներով: Մենք այստեղ շէնացնող համայնք ենք, ու մեր պարագայում, ի տարբերութիւն միւս համայնքների, կրօնական հարցերին վերաբերող յատուկ օրէնքների կարիք չկայ: Մեր ջանքերով դեռեւս 2000-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչեց թուրքական պատասխանատւութիւնը Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ ու պահանջեց, որ Թուրքիան ճանաչի իր գործած ոճիրը: Դա մինչեւ այսօր ամենաառաջադէմ պահանջն է: Բացի այդ` Հայաստանի անկախութեան օրը պետական տօն է Լիբանանում: Ներկայումս աշխատում ենք այնպէս անել, որ ապրիլի 24-ը դառնայ Ցեղասպանութեան ոգեկոչման ու յիշատակի օր, ու, բնականաբար, աշխատում ենք ոչ միայն լիբանանցի քաղաքական դէմքերի հետ: Յիշեցնում ենք՝ ինչպէս Առաջին աշխարհամարտի օրերին Լիբանանը նոյնպէս սովի էր մատնւել, ու օսմանեան լծի տակ լինելու ու սովի հետեւանքով մահացաւ Լիբանանի ժողովրդի մէկ երրորդը:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստան- Լիբանան յարաբերութիւնները:

- Հայաստանի խորհրդարանի հետ աշխատող խորհրդարանական յանձնաժողով ունենք այստեղ: Բացառիկ են յարաբերութիւնները թէ՛ խորհրդարանի նախագահի, թէ՛ նախագահի, թէ՛ վարչապետի հետ, սերտ գործակցութեան մէջ ենք Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ: Հայաստանի ժողովուրդը բացառիկ յարգանք է վայելում լիբանանցիների շրջանում: Լիբանանի կամ Հայաստանի նախագահների փոխադարձ այցերի ժամանակ միշտ է ասւել, որ Լիբանանն ու Հայաստանը նոյն տեսակի երկրներ են՝ իրենց դիմագրւած դժւարութիւններում, ինչպէս նաեւ հիւրընկալ, ձեռներեց, արժէքներ հաստատող յատկանիշներով:

Վերջին տասնամեակում թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, թէ՛ այլ տեսակի յարաբերութիւնները մեծապէս բարելաււել են, որոնց մէջ նաեւ մենք ենք դերակատար՝ բնականաբար, ՀՀ դեսպանատան հետ մէկտեղ: Բայց միանշանակ չենք կարող ասել, թէ յարաբերութիւնները բացառիկ են: Միշտ պէտք է ճգնել, աշխատել, որ շատ աւելի լաւ յարաբերութիւններ ունենանք, որովհետեւ, իսկապէս, Հայաստանը նման է Լիբանանին, ու հակառակը: Մեծ է թիւը լիբանանցի զբօսաշրջիկների, որոնք Հայաստան են այցելում՝ տեսնելու քրիստոնէութեան հիմնադիր պետութիւնը, որը թանգարան է բաց երկնքի տակ:

 

- Իսկ տնտեսական համագործակցութեա՞ն ինչ հեռանկարներ կան:

- Թէեւ կան համագործակցութեան հեռանկարներ ու համաձայնագրեր, բայց, անկեղծ ասած, թէ՛ Լիբանանի դիմագրաւած դժւարութիւնները, թէ՛ Հայաստանի ո՛չ խանդաւառ գործակցութիւնը լաւ տեղում չեն: Անհրաժեշտ է, որ յարաբերութիւնները, այս իմաստով, բարելաււեն: Թէեւ մեծ դեր են խաղում նաեւ Լիբանանի աշխարհաքաղաքական դիրքն ու արտաքին ազդեցութիւնները: Յստակ կարող եմ նշել՝ Լիբանանի ժողովուրդն` ամբողջութեամբ, Իսրայէլը որպէս թշնամի ու բռնագրաւող երկիր է համարում: Սիրիայի պարագայում կարծիքները տարբեր են: Իրանի ազդեցութիւնն այստեղ նոյնպէս կայ, բնականաբար, կայ Պարսից ծոցի երկրների ազդեցութիւնը, դեռ չասած` արեւմտեանը: Այս բոլոր պետութիւններն ազդում են Լիբանանի թէ՛ տնտեսութէան, թէ՛ քաղաքական ներքին համակարտութիւնների ու դրանց սաստկացումների վրայ: Այժմեան մեր հիմնական խնդիրները կապւած են տնտեսական-ֆինանսական դժւարութիւնների հետ: Լիբանանի՝ տարիներ շարունակ կուտակած պարտքերը վճարելու ժամանակը հասել է այլեւս: Ու երկրի տնտեսութիւնը, դժբախտաբար, այնքան լաւ վիճակում չէ, օրինակ` ներդրումներ ապահովելու համար: Սակայն մենք հաւատում ենք, որ առաջիկայ տարիներին իրավիճակն այսպէս չի մնայ: Սիրիայի խնդիրը ուշ կամ շուտ պէտք է լուծւի: Սիրիայում իրականացւելիք շինարարութիւնը պէտք է նպաստի նաեւ լիբանանեան կեանքի աշխուժացմանը: Բացի այդ՝ ծովում բնական գազի ու նաւթի գոյութիւնը յոյս է տալիս, որ առաջիկայ 4-5 տարիներին Լիբանանի տնտեսութիւնն էապէս կը բարելաււի: Մեր ամբողջ ջանքն այսօր այն է, որ եթէ սիրիահայերը մեկնեն Լիբանանից, ապա կա՛մ իրենց ծննդավայր՝ Սիրիա, կա՛մ Հայրենիք՝ Հայաստան մեկնեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։