Հա

Ազգային

16/07/2019 - 10:30

«Ազատութիւն յանուն ինչի՞». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբութեան էջում գրել է. «Օրեր առաջ, խուսափելով իրաւական գնահատական տալուց եւ այն թողնելով սահմանադրագէտներին, տարակուսանքս էի յայտնել Վահէ Գրիգորեանի ինքնահռչակման պահւածքի, նրա արկածախնդրութիւնը նախադէպային դարձնելու վտանգաւորութեան եւ, առհասարակ, այսպէս մտածելու որակների ու գործողութիւնների շուրջ։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբութեան էջում գրել է. «Օրեր առաջ, խուսափելով իրաւական գնահատական տալուց եւ այն թողնելով սահմանադրագէտներին, տարակուսանքս էի յայտնել Վահէ Գրիգորեանի ինքնահռչակման պահւածքի, նրա արկածախնդրութիւնը նախադէպային դարձնելու վտանգաւորութեան եւ, առհասարակ, այսպէս մտածելու որակների ու գործողութիւնների շուրջ։

ՔՊ-ն՝ քաղաքական մեծամասնութիւնը, ըստ էութեան ոչ միայն չկանխեց ընթացքը, այլեւ ընթացք տւեց, իսկ որոշ ՔՊ-ական «մասնագէտ» պատգանաւորներ այնքան ոգեւորւեցին իրենց «ձիու քայլով», որ շտապեցին խորհուրդ տալ ՍԴ գործող նախագահին` աշխատանքի չգնալ։

Անզուսպ մտասեւեռումը, ներքին զսպանակների բացակայութիւնը, պետութիւն չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը կամ «շատ»-ի էյֆորիան բազմաէջանոց նամակ ծնեց․․․

Չեմ թաքցնում` իմ մտահոգութեան առարկան անձերը չեն, այլ ինստիտուտները, որոնք պետութիւն են ձեւաւորում, աւանդոյթներ, սովորութային նորմեր՝ գրաւոր եւ անգիր․․․

Տրւեցին իրաւական գնահատականներ, մեկնաբանութիւններ, բայց յեղափոխական աղմուկի մէջ չի լսւում կամ ցոյց է տրւում, թէ չի լսւում քաղաքական այլ ուժերի եւ պրոֆեսիոնալների ձայնը։ Չի լսւում, որովհետեւ չափանիշը նեղ շահն է, վրէժխնդրութիւնը, իսկ թանձրացող բաժանարարները խլացրել են բանականութիւնը։

Եւ ահա վրայ է հասնում Վենետիկի յանձնաժողովի դիրքորոշումը վեթինգի եւ Վահէ Գրիգորեանի իրաւաքաղաքական յայտարարությեան մասին. «Վերանայւած սահմանադրութեան 213 յօդւածը, այդուհանդերձ, ՅՍՏԱԿ եւ ԱՆԵՐԿԲԱՅ սահմանում է, որ մինչեւ սահմանադրական փոփոխութիւնները ուժի մէջ մտնելը նշանակւած ՍԴ նախագահը եւ անդամները պէտք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՕՆԱՎԱՐԵԼ մինչեւ 2005 թւականի սահմանադրութեամբ նշւած իրենց լիազօրութիւնների ժամկէտի աւարտը:

Անհանգստացնող է, որ դատաւորի այս յայտարարութիւնը ողջունւել է խորհրդարանի կողմից եւ կայ գործող դատաւորների մանդատների նկատմամբ միջատութեան վտանգ»։

Նաեւ` իշխանութեան հետ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ է ձեռք բերւել, որ բոլոր պաշտօնավարող դատաւորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կը լինի: Փոխարէնը պէտք է ամրապնդւեն կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծւի կապ եկամուտների յայտարարագրման համակարգի հետ»։

Կարելի է եւ ուրախանալ` միջազգային կառոյցի ջանքով կանխւում է երկիրը ցնցումների տանող անհաւասառակշիռ մի քայլ։ Բայց ինձ տխրեցնում է դրսից եկած ճշմարտութեանն անսալը, աւաղ, չունենք քաղաքական հասունութեան ու պետական մտածողութեան այն մակարդակը, որ թիմային շահերն ու մանիպուլեացիաները չդառնան քաղաքական վարքագիծ ու օրակարգ։

Համոզւած չեմ, որ մէկ այլ առիթով դարձեալ գլուխ չի բարձրացնի թայֆայական մօտաւորապէսութիւնն ու ամբարտաւան մաքսիմալիզմը։

Սա է՞ «նոր Հայաստանը», ուր դեռ շարունակւում է Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագաւորին նամակ գրելու աւանդոյթը...

Մէկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատութիւնը, որին հետեւում է ամենակարեւոր հարցը՝ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՅԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞...»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։