Հա

Ազգային

17/07/2019 - 11:20

«Քաղաքական իշխանութիւնն ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն». Արծւիկ Մինասեան

Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացւած խորհրդատւական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս` դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Վենետիկի յանձնաժողովը, որը մասնագիտացւած խորհրդատւական մարմին է եւ, ըստ էութեան, Եւրոպայի խորհրդի պաշտօնական տեսակէտն արտայայտողը, հաստատեց այն պնդումները, որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ շատ այլ անձինք արել էին: Խօսքը դատարանների նկատմամբ ապօրինի գործողութիւնները, մասնաւորապէս` դատարանների շրջափակումը, քաղաքական իշխանութեան կողմից դատաւորների նկատմամբ ճնշումներն անթոյլատրելի համարելու մասին է: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

Յիշեցնենք, որ Վենետիկի յանձնաժողովի 119-րդ նստաշրջանում արձանագրութիւն է ընդունւել (յունիսի 21-22), որը յոյժ կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ։ 

- Երկրորդ պնդումն է, որ սահմանադրական արդարադատութեան մարմինը՝ Սահմանադրական դատարանը, չի կարող որեւէ ձեւով այս կամ այն մանիպուլեատիւ յայտարարութիւնների զոհը դառնալ: Մասնաւորապէս` խօսքը վերաբերում է ՍԴ դատաւորի եւ, ըստ էութեան, իշխանութեան վարքագիծը որդեգրած անձի յայտարարութեանն առ այն, որ ՍԴ-ն չունի իրաւազօր կազմ, եւ ինքը դատարանի նախագահն է: Վենետիկի յանձնաժողովը փաստեց, որ նման յայտարարութիւնները ոչ միայն չեն համապատասխանում իրաւունքի միջազգային սկզբունքներին, այլ նաեւ ՀՀ Սահմանադրութեանը: Յանձնաժողովն անթոյլատրելի համարեց նման վարքագիծը՝ աւելի շատ կենտրոնանալով այն հարցի վրայ, որ դատական համակարգը իսկապէս ենթակայ է բարեփոխումների՝ որպէս երրորդ կարեւոր ճիւղ, ուղղութիւն՝ պետութեան հաւասարակշիռ ընթացքն ապահովելու տեսակէտից, այն է՝ լրացնել եւ հակակշռել օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններին: Ակնկալւում է նաեւ, որ Վենետիկի յանձնաժողովը, իր այս գնահատականին զուգահեռ, պէտք է աշխատի նաեւ բարեփոխումների օրակարգի ուղղութեամբ: Ակնյայտ է, որ յանձնաժողովը չի ընդունել այն պնդումներն ու փաստարկները, որոնք իշխանութիւնները ներկայացրել են թէ՛ անցումային արդարադատութեան եւ թէ՛ դրա առանձին գործիքների կիրառման հարցում: 

 

- Անցումային արդարադատութեան իրականացման` իշխանութիւնների փորձերի մասին խօսելիս ՀՅԴ-ն ասում է՝ քաղաքական օրակարգ է բերւել մի գաղափար, որը չունի պատշաճ փաստաթղթաւորւած հայեցակարգ, մինչդեռ դրա բացակայութիւնը լի է անորոշութիւններով ու բարձր ռիսկերով: Արդարադատութեան համակարգի բարեփոխումների հետ կապւած հայեցակարգային ի՞նչ թեզիսներ էք դուք առաջարկում:

- ՀՅԴ ԳՄ-ն ստեղծել է ոլորտային, մասնագիտական յանձնախմբեր, եւ յանձնախմբերի գրասենեակը հրապարակեց դատարանների շուրջ ու անցումային արդարադատութեան վերաբերեալ իրաւական-քաղաքական վերլուծութիւն, որում նախ փաստեցինք, որ, այո, օրակարգ բերւած հասկացութիւնները, ինչպիսիք են՝ անցումային արդարադատութիւնը, վեթինգը, լիւստրացիան կամ գաղտնազերծումը, ճիշտ է, միջազգային փորձում կիրառւել են, բայց, ցաւօք, իշխանութօւնն այս հասկացութօւնները հրապարակ նետեց առանց որեւէ յստակ հայեցակարգային մօտեցումների ու պատշաճ վերլուծութիւնների: Մենք այս փաստաթղթի առաջին մասում վկայակոչել ենք այս բացը եւ անդրադարձել, թէ, ի վերջոյ, ՀՀ-ում ինչպիսի մօտեցումներ կան` առնւազն փաստաթղթաւորւած տեսքով: Բացառութեամբ մէկ-երկու դէպքի, չկայ խորքային վերլուծութիւն: Ստացւում է, որ օրակարգ են նետւել հարցեր, գաղափարներ՝ առանց հաշիւ տալու, թէ դրանք ինչ ակունքներ պէտք է ունեցած լինեն եւ ինչ հետեւանքների կարող են յանգեցնել, եթէ չկշռադատւած գործողութեան գնան: Անցումային արդարադատութիւնը, ինչպէս նաեւ վեթինգը, մնացեալ գործիքները, որպէս կանոն, կիրառւում են այն երկրներում, որտեղ հասարակութիւնը բախւել է կա՛մ պատերազմների, կա՛մ այնպիսի էթնիկ զտումների, որոնք մարդու իրաւունքների զանգւածային խախտումներն անչափելի մեծ են դարձրել, ուստի անհրաժեշտ է, որ այդ հասարակութիւններում վերահաստատւի սերունդների միջեւ համերաշխութիւն, եւ ներսերնդային թշնամանքը վերանայ: Բնականաբար, անցումային արդարադատութիւնն ունի որոշակի ժամկէտ եւ յստակ թիրախներ: Միջազգային փորձը վկայում է, որ այդ թիրախներն ու ժամկէտները որոշելիս չափազանց կարեւոր է, թէ հասարակութիւնը զարգացման ի՞նչ փուլում է գտնւում, որո՞նք են այդ հասարակութեան մարտահրաւէրները, արդեօ՞ք արդարադատութեան նկատմամբ ընկալումը համարժէք է այն գործիքներին, որոնք ներկայացւում են: Միջազգային փորձը հաստատում է, որ չկայ որեւէ երկիր, որտեղ անցումային արդարադատութիւնը եւ բոլոր գործիքակազմերը, որոնք կիրառւել են, ճշգրտօրէն արտայայտել են այն նպատակները, որոնց համար նախապէս մշակւել են: Անգամ եւրոպական երկրներում շեղումներն այն ծաւալների են եղել, որ ստիպւած են եղել առանձին դէպքերում նոյնիսկ դադարեցնել այդպիսի գործընթացները: Հիմա միջազգային` այսպիսի ոչ դրական փորձի պայմաններում ՀՀ-ում փորձ է արւում դրանք կիրառել: Մենք այս փաստաթղթի միւս բաժնում փորձել ենք ՀՀ-ում այս գաղափարն օրակարգ բերած անձանց մոտիւացիան հասկանալ: Նախորդ տարւայ ժողովրդային շարժման արդիւնքում գալով իշխանութեան` ներկայիս ղեկավարները յայտարարում էին, որ ժողովրդից թալանւածը պէտք է յետ բերւի, մարդկանց նկատմամբ անարդար վերաբերմունքը, խախտւած ընտրութիւնների բացասական հետեւանքները պէտք է վերանան եւ այլն, եւ այլն: Բայց իրականում այս յայտարարութիւնները, երբ նայում ենք օրակարգ նետւած գաղափարները, բացարձակապէս կապ չունեն իրար հետ մի քանի պատճառով. առաջին՝ ինչպէս ցոյց տւեց դատարանների նկատմամբ իշխանութեան յարձակումը, ընդամենը ցանկութիւն կայ ձեւաւորել սեփական իշխանութեան, քաղաքական սեփական շահերը սպասարկող դատական համակարգ, այլ ոչ թէ առհասարակ արդարադատութիւն երաշխաւորող, ուստի ցանկացած նման մեկնաբանութիւն յանգում է մէկ բանի՝ որքանով նախկինում թալանւած գումարները ծառայում են այսօրւայ քաղաքական իշխանութեան նպատակներին, այդքանով դրանք կը համարւեն արդար: Կամ` որքանով նախկին դատական համակարգում եղած անձինք պատրաստ են ծառայել այսօրւայ քաղաքական իշխանութեանը, այդքանով այդ դատաւորները կը համարւեն վեթինգի ենթարկւած, եւ այսպէս շարունակ: Այլ կերպ ասած՝ ՀՀ-ում անցումային արդարադատութեան մեխանիզմների կիրառման քաղաքական ենթատեքստն ակնյայտօրէն ապացուցում է մէկ բան՝ քաղաքական իշխանութիւնը պարզապէս ուզում է ձեւաւորել սեփական քիմքին համապատասխան դատական իշխանութիւն, ինչն անթոյլատրելի է եւ որեւէ ձևով չի կարող ծառայել ՀՀ-ի՝ աւելի իրաւական, ժողովրդավար եւ սոցիալական պետութիւն դառնալու` սահմանադրական ու համաժողովրդական նպատակներին:

Մէկ այլ բաժնում վերլուծել ենք նաեւ, թէ, այնուամենայնիւ, անցումային արդարադատութեան եւ դրա առանձին գործիքակազմերի՝ վեթինգի, լիւստրացիայի ներդրման դէպքում ինչ կարեւոր հարցերի պէտք է պատասխանել: Այստեղ թւարկւած են շուրջ երկու տասնեակից աւելի հարցեր, որոնց պատասխանները չկան, եւ սա` ոչ միայն հայեցակարգային կամ սկզբունքների մակարդակով, այլ նաեւ մեր գործող Սահմանադրութեամբ, օրէնսդրութեամբ, հետեւաբար՝ առանց նման հարցերի պատասխանների առնվազն արկածախնդրութիւն է գնալ վիրահատական կամ, ինչպէս իրենք սիրում են օգտագործել, հեքիմական, վիրաբուժական մեթոդների, որի արդիւնքն ակնյայտօրէն չի կարող լաւը լինել, քան այսօր կայ: Իհարկէ, այսօրւանը լաւը չէ, սա բոլորս հասկանում ենք: Այսօրւայ դատական համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխումների: Դրա համար մեր փաստաթղթի եզրափակիչ մասում մենք անդրադարձել ենք դատական համակարգի բարեփոխումների իրական օրակարգին՝ սկսած դատարանների անկախութեան երաշխաւորման մեխանիզմներից, աւարտւած դատարանների պատասխանատւութեան ամբողջական համակարգի գործադրմամբ, այդ թւում՝ դատաւորների մասնագիտական ունակութիւնների, գոյքային համարժէքութեան, դատական իշխանութեան ներսում նրանց պատասխանատւութեան ծնւելու եւ իրականացնելու մեխանիզմների առումով եւ այլն: Սա` ի տարբերութիւն այն մօտեցումների, որ առաջարկում են քաղաքական իշխանութիւնները, իսկ նրանք առաջարկում են՝ դատաւորը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի քաղաքական այս կամ այն ուժի ցանկութեամբ: Այս մօտեցումը մենք մերժում ենք, այն մերժւում է նաեւ միջազգային լաւագոյն փորձում: Դատական համակարգը պէտք է լինի քաղաքական իշխանութիւնից զերծ, ապաքաղաքական, եւ ինքը պէտք է ծնի իր մէջ թէ՛ պատասխանատւութեան, թէ՛ արդարադատութեան մեխանիզմների ինքնազարգացումը: Դրա համար դատական իշխանութիւնը՝ որպէս իշխանութեան երրորդ ճիւղ, ուղղութիւն, մշտապէս միջազգային մի շարք կազմակերպութիւնների կողմից համարւում է ինքնավար մարմինների ամբողջութիւն: Դատարանների անկախութիւնը ներքին եւ արտաքին ուղղւածութեամբ միտւած է կարեւոր ձեռքբերման՝ դատարանները պէտք է անկախութիւն ունենան ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Այսինքն՝ չպէտք է կախւածութեան եւ զսպման այնպիսի մեխանիզմ լինի, որ կաշկանդի դատաւորի կողմից արդարադատութեան իրականացումը, նաեւ արտաքին ազդեցութիւնից պէտք է զերծ լինի, որ կարողանայ ինքը՝ որպէս դատական ամբողջական համակարգ, ապահովել ՍԴ-ով իր վրայ դրւած պարտականութիւնների պատշաճ իրականացումը: Այս ամէնը ենթադրում է նաեւ, որ դատարանները պէտք է ունենան սոցիալական պաշտպանութեան լիարժէք եւ ամբողջական համակարգ՝ սկսած վարձատրութիւնից, առողջապահական ծառայութիւնների մատուցումից, նրանց ինքնակրթութեան եւ գիտելիքների ձեռք բերման հնարաւորութիւնից եւ աւարտւած նրանով, որ դատաւորը որեւէ ձեւով եւ որեւէ անգամ չպէտք է պատասխանատւութեան ենթարկւի իր կողմից կայացւած այնպիսի վճռի համար, որի հիմքում թէեւ օրէնքն է, իրաւունքի գերակայութիւնը, բայց, այնուամենայնիւ, իր ներքին համոզումն է եղել, որը ենթակայ չի եղել տարբեր ազդեցութիւնների՝ կաշառք, վարչական ճնշում, փողոցային արդարադատութիւն: Այս հարցերը պահանջում են դատական համակարգի հիմնարար բարեփոխումներ, եւ մենք կողմ ենք այս մօտեցմանը: Առաջարկել ենք եւ հրապարակել միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թւում՝ ՄԱԿ-ի, Եւրոպայի խորհրդի բարձրագոյն դատական կազմաւորումների հրապարակած սկզբունքները, որոնք վերաբերում են դատական համակարգի բարեփոխումներին եւ անկախ դատական իշխանութեան ձեւաւորմանը:

Այստեղ ուզում եմ կարեւորել ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած եւ միջազգային փորձում տեղ գտած ԲԴԽ-ի դերակատարութիւնը: Ի վերջոյ, բարեփոխումների շարժիչ ուժը եւ գեներացնողը հէնց ԲԴԽ-ն է, ինչպէս շատ երկրներում, մինչդեռ քաղաքական իշխանութիւնը եւ պալատական առանձին մասնագէտներ փորձում են ներկայացնել, թէ իբր քաղաքական իշխանութիւնն է գեներացնողը: Բացարձակ՝ ոչ, քաղաքական իշխանութիւնը կարող է առաջադրել արդարադատութեան իրականացման պահանջներ, բայց ոչ երբեք դառնալ գործադրողը կամ ճնշողը դատական համակարգի, որպէսզի այն լինի աւելի արդարամիտ ու արդարադատութիւն երաշխաւորող, ապահովող: ԲԴԽ-ի դերակատարութիւնը չափազանց կարեւոր է այս հարցում, եւ մեր կողմից ընդունելի չէ, որ քաղաքական իշխանութիւնը փորձ է անում, հէնց ԲԴԽ-ն նւաճելով, անցում կատարել ՍԴ-ի նւաճմանը, այնուհետեւ` նաեւ դատարանների՝ սեփական ճաշակին համապատասխան ձեւաւորմանը: 

 

- Կարելի՞ է ենթադրել, որ դատականից յետոյ անցում կը կատարւի նաեւ քաղաքական վեթինգին, երբ լիւստրացիայի կը ենթարկւեն քաղաքական ուժերը, առանձին գործիչներ:

- Պէտք է արձանագրել, որ իշխանութեան եկած քաղաքական ուժը անթաքոյց իր մօտեցումները հրապարակում է հասարակական-քաղաքական կեանքի բոլոր ուղղութիւններում, ուստի չի բացառւում, աւելին` առանձին դէպքեր նոյնիսկ հաստատում են այդ մտավախութիւնը, որ 4-րդ իշխանութեան վրայ է լինելու յարձակում, քաղաքական կուսակցութիւնների, գործիչների, եւ այսպէս շարունակ: Ի վերջոյ, սա աւտորիտար ռեժիմին բնորոշ վարքագիծ է, եւ եթէ ժամանակին չկասեցնենք այս ընթացքը եւ իշխանութեանը չվերադարձնենք իրաւական, ժողովրդավարական պետութեան կայացման հուն, իշխանութիւնը կարող է այլասերման մի այնպիսի աստիճանի հասնել, որ մի օր էլ հռչակի իշխանութեան եւ պետութեան նոյնականացում:

 

- Ի՞նչ ձեւով էք պատկերացնում այդ կասեցումը, մասնաւորապէս՝ ձեր ուժի կողմից:

- Կասեցման կարեւոր քայլերից մէկը պէտք է լինի յատկապէս հասարակութեան այն հատւածի համախմբումը, որը գիտակցում է ստեղծւած վիճակը եւ, առանց այս կամ այն քաղաքական ուժին համակրելու ու սատարելու, ընդունում է այն գաղափարներն ու մօտեցումները, որոնք հրապարակւում են եւ անհրաժեշտ են մեր պետականութեան ամրացման գործում: Մեր հաւատն այն մարդկանց եւ ուժերի վրայ է, որոնք գիտակցում են ներկայ պայմաններում ձեւաւորւող սպառնալիքները, համարում, որ օր առաջ դրանց դէմը պէտք է առնել:

 

- ՀՅԴ-ի՝ քաղաքական տարբեր ուժերի հետ պարբերաբար հանդիպումները ենթադրում են, որ համախոհութեան հարթա՞կ կայ:

-Այո, կայ այդպիսի հնարաւորութիւն, եւ շատ հնարաւոր է՝ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր գնահատականներն ու մօտեցումները, առնւազն ձեւաւորւի միասնական տեսակէտների բանաձեւում: Սա իրատեսական է, առաջիկայ օրերը ցոյց կը տան:

 

Զրուցեց՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ 

Յարակից լուրեր

  • Վրէժխնդրութիւնը երկիրը տանում է այլ դաշտ
    Վրէժխնդրութիւնը երկիրը տանում է այլ դաշտ

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մեղադրանքը մեր պետութեան խայտառակութիւնն է, այս մասին այսօր «Ազատութեան» հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը։

  • «Որեւէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթէ փորձաքննութիւնը վտանգներ պարզի». Արծւիկ Մինասեան
    «Որեւէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթէ փորձաքննութիւնը վտանգներ պարզի». Արծւիկ Մինասեան

    Առաջին հարւածը ստանալու է Որոտանը, այնուհետեւ ջրաղբիւրները՝ թէ՛ ստորգետնեայ, թէ՛ մակերեւութային, ինչու չէ՝ նաեւ Սեւանը. ELARD-ի այս մտավախութիւնները Yerkir.am-ի հետ հարցազրոյցում մէջբերեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին
    Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

    «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Համահարթ եկամտահարկը իր հետեւից բերելու է սոցիալական հսկայական բեռ
    Համահարթ եկամտահարկը իր հետեւից բերելու է սոցիալական հսկայական բեռ

    «Մենք գնահատում ենք, որ համահարթ եկամտահարկի այն ձեւը, որը դրւել է, ոչ միայն վնասակար է սոցիալական տեսակէտից, այլեւ խորացնելու է ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեր երկրում, ինչն իր հերթին իրաւական, տնտեսական, սոցիալական բացասական դրսեւորումների ակնառու օրինակ է»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը։

  • Սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է
    Սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է

    ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը կարծում է՝ երկրում սահմանադրական ճգնաժամ չկայ, դա արհեստածին երեւոյթ է, որ նետել են օրակարգ մարդիկ, խմբեր՝ փորձելով արժեւորել իրենց կամ իրենց նեղ քաղաքական խմբային շահերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։