Հա

Ազգային

20/07/2019 - 10:30

Պարզւում է կոռուպցիան չի վերացել

Գրեթէ ամէն օր լրատւական աղբիւրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր Վարչապետը: Աւելին, հրապարակւող փաստերը վկայում են ընդամենը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Գրեթէ ամէն օր լրատւական աղբիւրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր Վարչապետը: Աւելին, հրապարակւող փաստերը վկայում են ընդամենը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

Մանաւանդ, որ իշխանափոխութիւնից եւ նոր իշխանութեան «սահմռկեցուցիչ» սպառնալիքներից յետոյ, տրամաբանական կը լինէր, որ այս բնոյթի յանցագործութիւնների մէջ ներգրաււողները գործէին շատ աւելի զգուշօրէն: Չնայած դրան պարբերաբար լսում ենք նմանաբնոյթ յանցագործութիւնների բացայայտումների մասին:

Յուլիսի 17-ին, օրինակ, տեղեկատւութիւն հրապարակւեց այն մասին, որ սոյն թւականի առաջին կիսամեակում, Սիւնիքի մարզում, հարուցւել է կոռուպցիոն բնոյթի 18 քրէական գործ: Մէկ մարզի օրինակն, իհարկէ, որպէս վիճակագրական օրինաչափութիւն չի կարող դիտարկւել ողջ երկրի համար, սակայն որոշակի միտումներ բացայայտում է եւ արժէ հպանցիկ անդրադառնալ դրանց:

Տեղեկատւութիւնից պարզւում է, որ 18 յանցագործութիւններից 11-ը իրականացւել են պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերում, մնացածից 4-ը սոցիալական ապահովութեան, մէկական՝ կրթութեան, անտառների պահպանութեան եւ ջրօգտագործման զգայուն եւ, աւանդաբար կոռուպցիոն յանցագործութիւնների ռիսկեր պարունակող, ոլորտներում: Դարձեալ խուսափելով նախորդող նոյն ժամանակահատւածի յանցագործութիւնների հետ քանակական համեմատութիւնից արձանագրենք, որ դրանց բնոյթը կարծես թէ մնացել է նախկինը:

Քանակական համեմատութեան հնարաւորութիւն ունենք աւելի ներքեւում՝ ընթերցելով, որ. «նոյն ժամանակահատւածում քրէական հետապնդման մարմինների վարոյթում քննւել են կոռուպցիոն բնոյթի 38 քրէական գործեր՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի 31-ի փոխարէն»: Այս թւերը մեզ յուշում են, որ նախորդ իշխանութեան օրօք էլ եղել է որոշակի պայքար կոռուպցիայի դէմ, որի արդիւնքները նոյնպէս լայնօրէն լուսաբանւում էին, բայց դրանք, աւելի շուտ քարոզչական արժէք ունէին, քան թէ հետապնդում էին երեւոյթը արմատախիլ անելու նպատակ: Այդպիսին լինելու համար պատժիչ գործողութիւնները պէտք է ուղեկցւէին համալիր միջոցառումներով եւ համակարգային բարեփոխումներով, որոնք կընդգրկէին իրաւական, սոցիալական, տնտեսական եւ այլ ոլորտներ, միտում ունենալով հարւածելու քաղցկեղի պէս հասարակական-պետական կեանքը շոշափուկների մէջ առած երեւոյթի արմատներին: Նոյնը կարելի է հաստատել նոր իշխանութեան դէպքում: Ի դէպ այս պայքարի անկեղծութեան ու վճռականութեան մասին է վկայում նաեւ այն փաստը, թէ յանցագործութիւնների բացայայտման գործընթացը որքանով վեր կը բարձրանայ ու կը թակի բարձրագոյն իշխանութեան դռները, որոնց յետեւում տրամաբանօրէն ու օրինաչափօրէն սկսում են «հոտել ձկների գլուխները»:

Բայց անցնենք առաջ:

Հիմա փորձենք հասկանալ ինչի վրայ էր հիմնւած Վարչապետի վերոնշեալ պատասխանատու յայտարարութիւնը եւ որքանով էր այն հիմնաւորւած: Ինչի վրայ էր հիմնւած՝ կարծես թէ պարզ է մանաւանդ՝ գրեթէ մէկ տարի անց: Պարոն Վարչապետը խոստանում էր, որ իր թիմը ազնիւ է աշխատելու եւ սպառնում էր, թէ մեղանչողներին կը փռի ասֆալտին ու կը ծեփի պատերին:

Չեմ հաշւել քանիսին է այդպէս դաժանօրէն պատժել, բայց փաստ է, որ կոռուպցիան վերացած չէ եւ աւելին՝ դրա մէջ թաթախւած լինելու կասկածներ կան նաեւ բարձրագոյն պաշտօնեաների վերաբերեալ:

Իսկ այն միջոցառումներն ու գործընթացները, որոնք պէտք է իրապէս վերացնէին երեւոյթը ծնող պատճառները եւ որոնց մասին նշւեց վերեւում իհարկէ չեն իրականացւել եւ տեղի չեն ունեցել: Եւ այս փաստը անհրաժեշտ է մատնանշել ոչ թէ պարզպէս արձանագրելու համար Վարչապետի բազմաթիւ պատասխանատու յայտարարութիւններից եւս մէկի անհիմն լինելու իրողութիւնը այլ, փաստելու համար, որ պատճառը վերացնելու փոխարէն մարդիկ ընկած են հետեւանքների յետեւից: Ընդ որում ընտրովիութեան սկզբունքով: Ակնյայտ է, որ նոր իշխանութիւնը գայթակղւած է որքան կարելի է շատ դատական գործեր հարուցելու կրքով, բայց երբ պէտք է նոյնքան եռանդով լծւի, օրինակ, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխմամբ, երկրի ներքին մթնոլորտի առողջացմամբ առանց որի տապալւած են ներդրումների մասին նախընտրական շռայլ խոստումները՝ տեսանելի չէ:

Կոռուպցիա երեւոյթի պարզ ու մատչելի բացատրութիւններից մէկը բանաձեւում է. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձեւերով արտայայտւած (գործողութեամբ կամ անգործութեամբ) ի պաշտօնէ տրւած իշխանական լիազօրութիւնների չարաշահումն է։ Կոռուպցիան, որպէս վստահւած իշխանութեան չարաշահում, ունի մի շարք դրսեւորումներ եւ բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերութիւնը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդութիւնը, կաշառքի շորթումը, հովանաւորչութիւնը, պաշտօնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտօնական լիազօրութիւնները չարաշահելը կամ անցնելը, պաշտօնական կեղծիքը, պաշտօնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականութեան իւրացումն ու վատնումը, ինչպէս նաեւ պաշտօնեական այլ չարաշահումները»։

Հիմա անդրադառնանք, թէ արդեօ՞ք ամէն օր չենք լսում տարբեր փաստերի մասին, որոնք կոռուպցիայի դրսեւորումներ են ըստ վերաբերեալ իրաւական որակումների: Պարոն Վարչապետը իր շուջը չի՞ նկատում օրինակ երեւոյթներ, որոնք այլ բան չեն քան հովանաւորչութիւնը, պաշտօնական լիազօրութիւնների, դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտօնական կեղծիքը եւ այլն:
թեմային առնչւող եւս մէկ հարցի մասին:

Կոռուպցիայի, պետական սեփականութեան իւրացումների ու թալանի բացայայտումից յետոյ իշխանութիւնը իւրատեսակ մէկ մօտեցում է դրսեւորում երբեմն՝ պատժական տնօրինումների փոխարէն մեղաւորներին պարտադրել (կամ առաջարկել) իւրացւած, անօրինական ճանապարհով ձեռք բերւած գումարները վերադարձնել բիւջէ եւ ազատւել պատասխանատւութիւնից: Ի դէպ Վարչապետի տիկինը ժամանակին մէկ այլ առաջարկ արեց՝ դրանք փոխանցել իր տնօրինած բարեգործական հիմնադրամին:

Եթէ սա պատժի ձեւ է, ապա իւրօրինակ ձեւ, որը նաեւ փողերի լւացում է յիշեցնում: Գուցէ նաեւ ոմանց համար խրախուսիչ ելք նկատւի՝ կարելի է օրինակ գողանալ, իւրացնել, իսկ բռնւելու պարագայում յետ վերադարձնել:

Քրիստոսի թւարկութեան առաջին դարի հռոմէացի կայսր Վեսպասիանը հարկ էր սահմանել հասարակական զուգարանների վրայ եւ հիմնաւորել էր, թէ. «Փողերը հոտ չեն արձակում»: Թեւաւոր խօսքի վերածւած այս արտայայտութիւնը չէ՞ որդեգրւած այս դէպքում՝ որպէս գործելակերպ:

Կրկին վերադառնալով հիմնական թեմային անդրադառնանք գլխաւոր հետեւութեանը՝ եթէ ցանկանում ես արմատական ու համակարգային բարեփոխումներ իրականացնել երկրում, ապա անհրաժեշտ է կատարել համարժէք արմատական ու համակարգային քայլեր, այլապէս այսրոպէական քարոզչական էֆեկտներ առաջացնող միջոցառումները, զգայացունց յայտարարութիւնները, վաղ թէ ուշ, բացայայտելու են իրենց սնանկութիւնը, ինչպէս օճառի հոդս ցնդող պղպջակներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։