Հա

Ազգային

21/07/2019 - 14:10

«Անընդունելի է, որ Ֆրանսիան կարողանայ զէնք վաճառել Ադրբեջանին, մենք այդ հարցում կոնֆլիկտ ունենք Ֆրանսիայի իշխանութիւնների հետ». Արա Թորանեան

Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի խօսքով՝ ֆրանսահայ համայնքը ակնկալում է, որ Ֆրանսիան աւելի շատ տնտեսական ներդրումներ կատարի Հայաստանում․ այդ տեսակէտից մեր յարաբերութիւնները թոյլ են:

«alikonline.ir» - Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի խօսքով՝ ֆրանսահայ համայնքը ակնկալում է, որ Ֆրանսիան աւելի շատ տնտեսական ներդրումներ կատարի Հայաստանում․ այդ տեսակէտից մեր յարաբերութիւնները թոյլ են:

«Tert.am»-ի հետ զրոյցում Թորանեանը նկատեց, որ այս հարցում նոյն իրավիճակը չէ, ինչը որ Հայաստանի եւ Ռուսաստանի կամ Հայաստանի եւ Գերմանիայի դէպքում է:

«Հայաստանի հետ տնտեսական համագործակցութեան ցուցակում Ֆրանսիան յետեւի շարքում է: Երբ հաշւի ենք առնում այն ներուժը, որ ունի Ֆրանսիայում հայ համայնքը, նկատում ենք, որ եղած տնտեսական կապերը տկար են»,- ասաց նա:

Արա Թորանեանի խօսքով՝ Ֆրանսիայում հայ համայնքը իսկապէս քաղաքական մեծ ներկայութիւն է: «Մենք Ապրիլի 24-ին ցոյցեր ենք իրականացնում Ֆրանսիայում, եւ դա աջակցութեան է արժանանում Ֆրանսիայի իշխանութիւնների կողմից: Գիտէք, որ Ապրիլի 24-ը հռչակւել է որպէս Ֆրանսիայի Հանրապետութեան ազգային օր: Նախագահ Մակրոնը, ինչպէս նաեւ իրեն նախորդող Ֆրանսուա Օլանդը, ներկայ են լինում հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի կազմակերպած տարեկան ընթրիքին: Այդ առիթով մենք կարծիքներ ենք փոխանակում նրանց հետ եւ ասում ենք՝ ինչ ենք սպասում նրանցից»,- ասաց նա:

Արա Թորանեանն անդրադարձաւ ֆրանսահայ համայնքի մտահոգութեանն արժանացած ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցութեանը: Նրա խօսքով՝ Ադրբեջանին զէնքի վաճառքը իսկապէս կասկածի տակ է դնում Ֆրանսիայի չէզոքութիւնը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

«Ֆրանսիան միակ համանախագահող երկիրը չէ, որ զէնք է վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ է զէնք վաճառում, բայց Ռուսաստանը Հայաստանին էլ է զէնք վաճառում: Անընդունելի է, որ Ֆրանսիան կարողանայ զէնք վաճառել Ադրբեջանին: Այս հարցում մենք կոնֆլիկտ ունենք Ֆրանսիայի իշխանութիւնների հետ. Էմանուէլ Մակրոնը մեզ խոստացել է, որ Ադրբեջանին չեն վաճառի զէնք, որը կօգտագործւի Արցախի դէմ, հայ սպանելու համար»,- ասաց նա:

Հիմա, ըստ նրա, իրենց գործն է, որ վստահ լինեն, որ այս խոստումը կը յարգւի: «Տեղեկատւութեան բոլոր աղբիւրներն օգտագործում ենք, որ հետեւենք գործընթացին, մանաւանդ, որ այն ռազմական գաղտնիքի մաս է կազմում: Պէտք է աշխատենք, որ Էմանուէլ Մակրոնի խոստումն իրական դառնայ»,- ասաց Արա Թորանեանը՝ նշելով, որ իրենք պարզապէս ապշած են այդ հնարաւոր գործարքի պատճառով, չէր կարող այդպէս լինել. «Ապշած ենք այս անբարոյական առեւտրի պատճառով, որը Ֆրանսիայի չէզոքութիւնն է հարցականի տակ դնում»:

Միեւնոյն ժամանակ, Արա Թորանեանի կարծիքով, հարցը դեռ փակւած չէ:

«Ես կարծում եմ եւ ուզում եմ մտածել, որ Էմանուէլ Մակրոնը շատ հայամէտ է եւ մեծ համակրանք ունի մեր՝ հայ համայնքի նկատմամբ: Մտածում եմ, որ նա իսկապէս դեմոկրատ նախագահ է: Մենք էլ ամէն ինչ կանենք, որ այս հարցի շուրջ քաղաքական երկխօսութիւնը նորից վերսկսենք բարեկամական եւ թափանցիկ մօտեցումներով՝ այն յոյսով, որ ողջամիտ լուծման հասնենք՝ թէ՛ Ֆրանսիայի, թէ՛ Հայաստանի համար, որը կը համապատասխանի նաեւ Ֆրանսիայի դերին որպէս խաղաղութեան պաշտպան»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։