Հա

Ազգային

04/08/2019 - 11:40

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

Անկախացումից ի վեր Հայաստանը մշտապէս փորձել է խորացնել Իրանի հետ բարեկամական, գործընկերային յարաբերութիւնները, որոնք ձգտում են ռազմավարականի: Զուգահեռաբար, Հայաստանը փորձել է սերտ, ինչ-որ տեղ գործընկերային յարաբերութիւններ ձեւաւորել եւ ընդլայնել նաեւ ԱՄՆ-ի հետ:

Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական այնպիսի պայմաններում, որոնցում գտնւում է Հայաստանը, Իրանի հետ յարաբերութիւնները կենսական նշանակութիւն ունեն երկրի համար: Ըստ էութեան, Իրանի հետ յարաբերութիւններն այլընտրանք չեն կարող ունենալ: Երեւանում բոլորն են գիտակցում այդ յարաբերութիւնների պահպանման, շարունակականութեան եւ զարգացման անհրաժեշտութիւնը: Այդ պատճառով էլ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանն իրաւացիօրէն փորձել է խուսափել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների երկընտրանքից: Սա ամբողջովին արդարացւած քաղաքականութիւն է, քանի որ որեւէ պետութիւն առաջին հերթին առաջնորդւում է սեփական շահերով, այլ ոչ թէ այլոց շահերի հակադրման ճանապարհով:

Տարիներ շարունակ Հայաստանի այս քաղաքականութիւնը միջազգային հանրութեան, այդ թւում՝ ԱՄՆ-ի համար ընդունելի եւ ընկալելի է եղել: Նախկինում, յատկապէս՝ Բարաք Օբամայի նախագահութեան շրջանում, Վաշինգտոնը հաշւի է առել Հայաստանի բացառիկ աշխարհաքաղաքական պայմանները եւ, ինչպէս ընդունւած է ասել, մատների արանքով է նայել Երեւան-Թեհրան յարաբերութիւններին:

Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխւեց այն բանից յետոյ, երբ նախագահ Թրամփի վարչակազմը որոշեց դուրս գալ Իրանի հետ Միջուկային համաձայնագրից: Իրան-ԱՄՆ շահերի բեւեռացման ֆոնին` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի այցը Հարաւային Կովկաս տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու՝ ԱՄՆ վարչակազմի առաջին ակնյայտ փորձն էր:

Հայաստանի կտրւածքով Վաշինգտոնին մտահոգում են յատկապէս Իրանի հետ ֆինանսաբանկային եւ սահմանային առեւտրատնտեսական յարաբերութիւնները, որոնք կարող են մարտահրաւէրի վերածւել ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների միջոցով` Իրանի վրայ առաւելագոյն ճնշում գործադրելու քաղաքականութեան համար: Ակնյայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է Երեւանին «կա՛մ, կա՛մ» ընտրության առջեւ կանգնեցնել, որը միանշանակ հակասում է Հայաստանի անմիջական շահերին:

Այս բարդ պայմաններում Հայաստանը դեռեւս խուսափում է յստակ կողմնորոշումից: Ներկայ դրութեամբ սա, իհարկէ, ինչ-որ տեղ կարող է արդարացւած քաղաքականութիւն թւալ: Բայց, միեւնոյն ժամանակ, ակնյայտ է, որ դա ցաւազրկող դեղամիջոցների բնոյթ կրող, իրավիճակային լուծում է, որը, սակայն, պարզ չէ, թէ ինչքանով է կարող պահպանել իր արդիւնաւէտութիւնը, եւ ինչ ժամանակով է հնարաւոր այն շարունակել:

Չպէտք է մոռանալ, որ Իրանի հետ առնչւող աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապւած որեւէ խնդիր ուղղակիօրէն ազդում է նաեւ Հայաստանի վրայ: Այլ խօսքով՝ դրանք կենսական նշանակութիւն ունեն Հայաստանի համար` հաշւի առնելով մանաւանդ դրանց բաղադրիչները, որոնց հիմնական մասն անվտանգութեան բնոյթի են եւ անմիջականօրէն ազդում են Հայաստանի անվտանգային մթնոլորտի վրայ: Հետեւաբար, ոչ միայն անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանն ակնդետ հետեւի Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան զարգացման ամբողջ ընթացքին եւ տրամաբանութեանը, այլ նաեւ պէտք է յստակ հասկացնի, որ չի պատրաստւում ակտիւ դեր ստանձնել հնարաւոր հակամարտութեան դէպքում, կողմերից մէկի շահերից ելնելով` չի պատրաստւում մեկուսացնել միւսին: Աշխարհաքաղաքական առումով, սա բխում է Հայաստանի անմիջական եւ կենսական շահերից:

Երեւի անհրաժեշտութիւն չկայ յուշելու, որ Իրան-ԱՄՆ հնարաւոր ռազմական առճակատումն ինչպիսի բարձր ռիսկային իրավիճակ եւ մարտահրաւէրներ կարող է ստեղծել Հարաւային Կովկասի համար՝ ընդհանրապէս, իսկ Հայաստանի համար՝ յատկապէս: Նման պայմաններում իրավիճակը միանշանակօրէն կարող է առաւել աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, եթէ, իհարկէ, Երեւանը թոյլ տայ աններելի սայթաքում, տրւի սադրանքին եւ ուղղակի կամ անուղղակի ներքաշւի հակամարտութիւնում կողմերից մէկի դիրքերից:

Վստահ եմ, որ բոլորը կռահում են, թէ խօսքը յատկապէս որ կողմի մասին է: Մեր յիշողութեան մէջ դեռեւս թարմ են 2008 թւականի ռուս-վրացական հակամարտութեան հետեւանքները Վրաստանի համար, որոնք այն օրերի վրացական իշխանութիւնների` վերացական խոստումներին հաւատալու եւ սադրանքին տրւելու՝ աշխարհաքաղաքական սխալ հաշւարկի արդիւնքն էին:

 

Արամ Շահնազարեան

Alikonline-ի պատասխանատու-խմբագիր

յատուկ «ԵՐԿԻՐ»-ի համար

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։