Հա

Ազգային

15/08/2019 - 10:40

«Համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը նոր չէ. նախկինում էլ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային». Յակոբ Բագրատունին՝ Փաշինեանի յայտարարութեան մասին

ՀՅԴ Լիբանաին Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրոյցում ասաց՝ Սփիւռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանաին Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրոյցում ասաց՝ Սփիւռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային:

Պատգամաւորի հետ Tert.am-ի հարցազրոյցը՝ ստորեւ:

 

- Պարո՛ն Բագրատունի, լիբանանահայ համայնքը հայկական սփիւռքի ողնաշարն է: Մօտաւոր հաշւարկներով՝ այսօր Լիբանանում բնակւում է շուրջ 140 հազար հայ, իհարկէ` թիւը զգալի կրճատւել է։ Ի՞նչ վիճակում է այսօր գտնւում Լիբանանի հայկական համայնքը՝ հաշւի առնելով աշխարհաքաղաքական դրութիւնը Մերձաւոր Արեւելքում:

- Բնականաբար, լիբանանահայութիւնը կղզիացած վիճակում չէ, երբեմն դրական, երբեմն բացասական ազդեցութիւններ են լինում լիբանանահայութեան վրայ: Լիբանանահայութիւնն այսօր ապրում է իր սովորական առօրռայով. գործում են ազգային, եկեղեցական, բարեսիրական, մարզական, մշակութային կառոյցները: Այսօր ունենք տնտեսական խնդիր, որի հետեւանքով էլ շատ լիբանանահայեր բռնում են հայրենադարձման ուղին. սրա համար մենք միայն ուրախ ենք:

Լիբանանում հայութիւնն ունի քաղաքական ներկայութիւն պետական համակարգում: Երկրի սահմանադրությեամբ սա ամրագրւած է, եւ մենք օգտւում ենք մեր իրաւունքներից: Լիբանանահայութիւնն ազատ է քաղաքական դիրքորոշում ունենալու առումով, սակայն որպէս Լիբանանի քաղաքացիներ՝ մենք ունենք պարտականութիւններ, որոնք պէտք է կատարենք այն խորը հաւատով, որ Լիբանանը պէտք է մնայ միասնական՝ հեռու լինի արտաքին միջամտութիւնից, պէտք է պահպանի տարածքային ամբողջականութիւնը, միջհամայնքային յարաբերութիւնները պէտք է խաղաղ լինեն: 

 

- Ասացիք, որ տնտեսական դրութեամբ պայմանաւորւած՝ լիբանանահայ համայնքը նոսրանում է: Առհասարակ ի՞նչ ռիսկեր էք տեսնում այսօր սրա հետ կապւած: Ինչի՞ կը յանգեցնի այն փաստը, որ Հայաստանը Մերձաւոր Արեւելքում քիչ-քիչ կորցնում է հարիւրամեայ իր համայնքը:

- Տասնամեակներ շարունակ ասել ենք, որ Սփիւռքը կառուցում ենք հայրենիքի համար եւ մի օր պէտք է Սփիւռքի ներուժն օգտագործել ի շահ Հայաստանի եւ Արցախի: Այսօր մենք այն իրավիճակում չենք, որ արհեստականօրէն հայրենադարձութիւն սկսենք: Անհրաժեշտ է, որ Սփիւռքի ներկայի վիճակը պահպանւի, աւելին՝ պէտք է այնպէս անել, որ Սփիւռքը հզօրանայ: Մենք այս պահին տեսնում ենք մէկ այլ առաջնային հարց. եթէ տնտեսական, սոցիալական եւ այլ պատճառներով արտագաղթ է տեղի ունենում Սփիւռքում, ապա դա պէտք է ուղղւի դէպի Հայաստան: Հակառակ պարագան ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ Սփիւռքի համար օգտակար չէ: Չի կարելի քանդել արդէն իսկ եղած համայնքները եւ ստեղծելը նոր համայնքներ, որոնք կունենան հայապահպանութեան, ինքնութեան պահպանման խնդիր: 

 

- Նշեցիք՝ Սփիւռքի ներուժը պէտք է օգտագործել ի շահ Հայաստանի: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ստեփանակերտեան իր ելոյթում խօսեց համահայկական օրակարգ ձեւաւորելու մասին: Իշխանութիւնների գործողութիւնների յաջորդականութիւնն արդեօ՞ք կը բերի նրան, որ իսկապէս ձեւաւորւի համահայկական օրակարգ: Դուք դրա միտումը տեսնու՞մ էք:

- Վարչապետ Փաշինեանի՝ համահայկական օրակարգ ստեղծելու առաջարկը, ձգտումը ողջունելի է, սակայն համահայկական օրակարգ ստեղծելու այս ձգտումը նոր բան չէ. նախկինում էլ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային: Մենք անվերապահօրէն աջակցում ենք այս գաղափարին: Սակայն երբ ասում ենք համահայկական օրակարգ, այդ բառն, ինքնստինքեան, պարտաւորեցնում է, այսինքն՝ այն իսկապէս պէտք է լինի համահայկական՝ Հայաստանի, Արցախի, Սփիւռքի բոլոր քաղաքական, հասարակական ու այլ ուժերի մասնակցութեամբ: Այս համատեքստում անպայմանօրեէն պէտք է նկատի առնւի Ցեղասպանութեան, Արցախի հարցը, Հայաստանի հզօրացման, անվտանգութեան պահպանման, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման հարցը: 

 

- Վարչապետ Փաշինեանը նշեց նաեւ հայկական կապիտալը Հայաստան բերելու մասին: Առհասարակ ի՞նչ տրամադրութիւններ կան Սփիւռքում նոր իշխանութիւնների նկատմամբ: Սփիւռքը պատրա՞ստ է կապիտալը Հայաստան բերելու:

- Ներդրումային առումով Սփիւռքում ապրող հայը մշտապէս պէտք է ազգային իր պարտականութիւնը կատարի, սակայն Լիբանանում ասացւածք կայ՝ «դրամագլուխը վախկոտ է»: Ներդրողի տեսանկիւնից՝ ներդրումները հայրենասիրութեան հետ կապելը ճիշտ չէ: Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանութիւններն առաւելագոյնն անեն՝ Հայաստանը վերածելու ներդրումային միջավայրի, որտեղ թէ՛ հայը, թէ՛ օտարերկրացին ներդրումներ կանեն ու կիմանան, որ կան անվտանգութեան երաշխիքներ, միջավայրն ապահով է, գործում են բոլոր օրէնքները: Մենք էլ պէտք է Սփիւռքում աշխատենք հայ ու ոչ հայ ներդրողներին ուղղորդել դէպի Հայաստան: Դրանից, մեծ հաշւով, օգտւում են բոլորը՝ թէ՛ հայաստանցիները, թէ՛ Սփիւռքում ապրող հայերը:

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

  • Պէտք չէ մսխուի անկախութեան ներուժը
    Պէտք չէ մսխուի անկախութեան ներուժը

    «21 սեպտեմբեր 1991»-ը հայոց նորագոյն պատմութեան մէջ Հայաստանի վերանկախացման խորհուրդի նշանակալից նուաճումն է, 1918-ի Հայաստանի Հանրապետութեան պատմականօրէն անգերազանցելի հռչակումին մերօրեայ նուիրագործումը, որուն մէջ մարմնացաւ Մայիսեան անկախութեան անկատար մնացած երազանքը ու հայ ժողովուրդի ազատ ու անկախ ապրելու, իր հայրենիքը պետականօրէն արմատաւորելու եւ քաղաքականօրէն ամրապնդելու հաստատ ու միակամ ձգտումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։