Հա

Ազգային

28/08/2019 - 12:20

Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

«Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

Յիշեցրինք, թէ Ամուլսարի վերաբերեալ ՀՅԴ յայտարարութիւնից յետոյ ոմանք մեղադրեցին Դաշնակցութեանը՝ յիշեցնելով, թէ նախարար եղած ժամանակ Արծւիկ Մինասեանն ինչ յայտարարութիւններ էր անում: Մեր հարցին՝ նոյն կարծիքի՞ն է մնացել, որ ինչպէս ինքն էր նախարարի պաշտօնում յայտարարել՝ Ամուլսարի շահագործման իրաւական գործընթացները համապատասխանում են օրէնսդրական կարգաւորումներին, որ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան կողմից իրականացւած փորձաքննութեան արդիւնքներով Ամուլսարի հանքավայրում օրէնքի խախտումներ չեն արձանագրւել եւ այլն, Արծւիկ Մինասեանն արձագանքեց, որ ընկալելի է համարում, երբ ՀՅԴ յայտարարութիւնը նման քննարկման առարկայ է դառնում եւ յաւելեց. «Թող ամպագոռգոռ չհնչի, բաց ամենահիմնաւոր մօտեցումը հէնց Դաշնակցութիւնն է յայտնել. դրա համար շատերը, որոնք ի սկզբանէ փորձում են Դաշնակցութեան գործողութիւններում կամ մօտեցումներում հակասութիւններ տեսնել, ուզում են փորձել հարւածել Դաշնակցութեանը կամ նրան տեսնում են այն հիմնական այլընտրանքային ուժը, որն այսօրւայ իշխանութեան կամ քաղաքական ուժերի մրցակիցն է: Դրա համար նրանք փորձում են չակերտաւոր հակասութիւններ գտնել Դաշնակցութեան յայտարարութիւնների մէջ»:

Նա պնդեց, որ իրենց մօտեցումներում ոչ թէ հակասութիւն, այլ հետեւողականութիւն կայ: Այնուհետեւ նշեց՝ դեռեւս 2005-2006-ին ՀՀ կառավարութիւնը գործող օրէնսդրութեան շրջանակում տւել է հանքի ուսումնասիրութեան թոյլտւութիւն: Հետագայում ուսումնասիրութեան արդիւնքներով, դրանք հաստատւել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան կողմից: Ըստ գործող օրէնսդրութեան՝ թոյլտւութեան տրամադրման իրաւասութիւնը վերապահւած է եղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեանը:

Ըստ Արծւիկ Մինասեանի՝ բնապահպանութեան նախարարութիւնը եղել է այս շղթայի մի օղակ, որը պատասխանատու է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան գնահատման՝ օրէնսդրութեամբ նախատեսւած ընթացակարգերը պահպանելու հարցում. «Ամբողջական թոյլտւութիւնը տրւել է 2014-ին, երբ ոչ միայն Դաշնակցութիւնը ընդդիմութիւն էր, այլեւ մենք յամառ կերպով պնդում ու պահանջում էինք, որ օրէնքի դրոյթները պահպանւեն: Հետագայում բարելաււած շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան կամ ՇՄԱԳ փաթեթը ներկայացւել է բնապահպանութեան նախարարութիւն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան միջնորդութեամբ եւ վերանայւել ու դրական եզրակացութիւն տրւել է այս ծրագրին 2016-ի ապրիլին: Ես որպէս բնապահպանութեան նախարար նշանակւել եմ 2016-ի սեպտեմբերի 27-ին:

Ակնյայտ է, որ ինձնից առաջ բոլոր այս գործընթացները իրականացւել են»: Արծւիկ Մինասեանը թւարկեց, թէ ինչ գործողութիւններ է իրականացրել, երբ նշանակւել է նախարար. «Ստեղծել ենք ներքին աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է արդեօք շրջակայ միջավայրի ազդեցութեան վրայ փորձաքննութեան գնահատման իրականացումը եւ դրական եզրակացութեան տրամադրումը եղե՞լ է գործող օրէնսդրութեան պահանջներին համապատասխա՞ն, թէ՞ ոչ: Ուսումնասիրութիւններով՝ այստեղ խախտումներ չենք յայտնաբերել: Հրաւիրել եմ նախարարութիւն քննարկումների բոլոր կողմերին, նախարարին կից հասարակական խորհրդում մի քանի անգամ Ամուլսարի թեման քննարկւել է: Նոյն ժամանակահատւածում Յարութ Բրոնոզեանը, որը հանդէս էր գալիս ընդդէմ Ամուլսարի շահագործման, իր միջոցներով հրաւիրել էր միջազգային փորձագէտների, որոնք այս փաթեթի հիման վրայ տւել էին եզրակացութիւն: Այս եզրակացութիւնը, որը հակադրւում էր «Լիդիան»-ի կողմից իրականացւած հետազօտութեանը, դրա համար հրաւիրեցինք մեզ մօտ քննարկման երկու փորձագէտների: Սակայն պարոն Բրոնոզեանը առողջական խնդիրների պատճառով հրաժարւեց իր փորձագէտներին հրաւիրել Հայաստան»:

Ըստ Արծւիկ Մինասեանի՝ 2018-ի յայտնի քաղաքական իրադարձութիւններից պատճառով բոլոր իրենց պայմանաւորւածութիւնները մնացին օդից կախւած: Արծւիկ Մինասեանը նշեց, որ դեռ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած կառավարութեան անդամ լինելով՝ զգուշացրել է, որ չի կարելի տուրք տալ էմոցիաներին, ձգձգել որոշման կայացումը: Կրկին անդրադառնալով իր եւ ՀՅԴ-ի հասցէին հնչող քննադատութիւններին՝ Արծւիկ Մինասեանն ասաց. «Այսքանից յետոյ մարդիկ կանխամտածւած կամ թիւրիմացաբար փորձում են մեղադրել մեզ, իբր փոխել ենք մեր տեսակէտները: Ի՞նչ տեղի ունեցաւ անցեալ տարւայ ամպագոռգոռ յայտարարութիւններից յետոյ, երբ գործող կառավարութիւնը ձեւաւորեց հսկայական սպասումներ հասարակութեան տարբեր շերտերի մօտ. մարդիկ աշխարհացունց բացայայտումների էին սպասում, բայց տեսանք, որ «Էլարդի» հրապարակումից յետոյ դժգոհութիւնը ոչ միայն չմարեց, այլեւ վարչապետի «լայւից» յետոյ էլ աւելի թէժացաւ այս թեման»:

Ըստ Արծւիկ Մինասեանի՝ անհրաժեշտ է այս հարցը վճռահատել հանրաքւէի միջոցով: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն հանրաքւէի մասին չէր ակնարկում, երբ Դուք նախարար էիք, Արծւիկ Մինասեանը պատասխանեց. «Այն ժամանակ մենք մեր ներքին աշխատանքի միջոցով փորձում էինք յստակութիւն մտցնել ներկայիս ռիսկերի մէջ: Մենք որեւէ անգամ չենք բացառել, որ ժամանակի ցանկացած պահին, եթէ բացասական է շեղումը, սա հիմք է եզրակացութեան անվաւեր ճանաչելու համար: Այսօր փոխւել է ուղղութիւնը: Այսօր հասարակութիւնը, այդ թւում ՀԱԿ ակտիւիստները, որոնց օրօք է սկսել ՀՀ ներքին եւ արտաքին հարստութեան կազմաքանդումը, յանկարծ դարձել են հրեշտակներ ու մարդկանց փորձում են մեղադրանքներ ներկայացնել: Առաջին մեղադրանքը իրենց պէտք է հնչեցնել: Իրենց ժամանակւայ օրէնսդրութեան պատճառով է, որ այս վիճակն է ստեղծւել»:

Պատասխանելով այն պնդումներին, թէ մարդիկ մասնագէտներ չեն, որ հանրաքւէի միջոցով հանքի շահագործման հարց որոշեն, Արծւիկ Մինասեանը նկատեց. «Սահմանադրական հանրաքւէի ժամանակ բոլորը իրաւագէտնե՞ր են կամ ցանկացած հարց, որը հանրաքւէ է դրւում, բոլորը ընկալում ու ըմբռնո՞ւմ են ինչ հարց է դրւած հանրաքւէի: Սա սնանկ փաստարկ է: Այն պատգամաւորները, որոնք դէմ են արտայայտւում հանրաքւէին, ակնյայտօրէն փորձում են խուսափել այս հարցով յստակ դիրքորոշում յայտնել, քանի որ իրենք պէտք է քւէարկեն»:

Մեր հակադարձմանը՝ նշում էք, որ հանրաքւէին դէմ պատգամաւորները խուսափում են յստակ դիրքորոշում յայտնելուց, բայց ժամանակին Դուք էլ յստակ պատասխան չտւեցիք հարցին՝ արդեօք թոյլատրելի՞ է Ջերմուկի առողջարանի կողքին հանք շահագործելը, Արծւիկ Մինասեանն արձագանքեց. «Իսկ Դուք ի՞նչ էիք կարծում՝ բնապահպանութեան նախարարը, որ նշանակւած է եղել թոյլտւութիւնից յետոյ, եթէ ասում է՝ դէմ եմ, տրամաբանութիւնը ո՞րն է: Նոյն կառավարութեան մէջ եղած նա պէտք է առնւազն կամ հրաժարական տար, որ ասէր դէմ եմ, կամ ներսից ինչ-որ ձեւով քայլեր իրականացներ այդ բոլոր հնարաւոր ռիսկերը բացայայտելու համար: Ես գնացել եմ երկրորդ տարբերակով: Եւ այս ամէնից յետոյ փորձել քաւութեան նոխազ գտնել ի դէմս ինձ կամ Դաշնակցութեանը, առնւազն այդ մարդիկ կամ կոյր են կամ կանխամտածւած փորձում են սեւով ներկայացնել ճերմակ էջերը»:

Արծւիկ Մինասեանը շեշտեց՝ ես չեմ էլ պաշտպանել ամբողջ շահագործումը. «Նոյնիսկ լինելով էկոնոմիկայի նախարար՝ ես մշտապէս կարեւորել եմ այդ հարցը, քանի որ ինձ համար պարզ ու յստակ էր առանց շրջակայ միջավայրի վրայ բացասական ազդեցութեան նւազեցման կամ չէզոքացման, մարդկանց կեանքի ու առողջ սպառնալիքները վերացնելու հնարաւոր չէ ունենալ տնտեսական զարգացում եւ առաջընթաց: Ես սովոր եմ եւ իմ սկզբունքն է առաջնորդւել գործող օրէնսդրական պահանջների խստիւ պահպանմամբ եւ երբեք Հռոմի պապից աւելի կաթոլիկ չլինել»: Այս օրերին նաեւ յիշեցնում են, թէ 2016-ի դեկտեմբերին «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրութիւնների յուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանութեան նախարար Արծւիկ Մինասեանը եւ «Լիդիան Արմենիա» ընկերութեան գործադիր տնօրէն Հայկ Ալոյեանը:

Հարցին՝ չի՞ փոշմանել, Արծւիկ Մինասեանը պատասխանեց. «Իհարկէ չեմ փոշմանել, այլ բան, որ չիրականացաւ, քանի որ կազմալուծւել է աշխատանքը: Ազգային պարկ ստեղծելու նախաձեռնութեան համար փոշմանե՞լ է պէտք: Մի քանիսը վեր կացել, հրապարակել են, թէ իբր ես այդ 5.7 միլիոն դոլարի ծրագրում անձնական շահ եմ ունեցել»: Արծւիկ Մինասեանը պնդում է, որ եթէ անգամ որոշում կայացւի Ամուլսարի շահագործման համար, ապահովագրական ամբողջական փաթեթը պէտք է լինի, մոնիտորինգի, վերահսկողական համակարգերը լիարժէք պէտք է աշխատեն: Հասարակութիւնն իր այոն կամ ոչը պէտք է ասի:

Ըստ Արծւիկ Մինասեանի՝ փոխանակ այս հարցերի շուրջ բանավիճելու, փորձում են անհասկանալի քաւութեան նոխազների մեխանիզմներ գտնել, մինչդեռ ինքն էլ պնդում է. «Ամուլսարի հարցում ամենաքիչը կարող են այսօր մեղադրել ինձ կամ Դաշնակցութեանը ի տարբերութիւն այն մարդկանց, որոնք այսօր մեծ-մեծ խօսում են, ներառեալ ՀԱԿ ակտիւիստներից շատերի, ներառեալ այն մարդկանց, որոնք ոչ միայն ժամանակին իրենք են խրախուսել Հայաստանի հարստութեան ոչնչացումը, աւարտւած նրանցով, որոնք նոյն ժամանակահատւածում եղել են խորհրդարանում եւ ջուրը բերաններն առած՝ ձեն չեն հանել: Այս մարդիկ չգիտես ինչու այսօր դարձել են բլբուլ, սոխակ: Նոյն ՀԱԿ-ի պատգամաւորներից շատերը, այսօրւայ կառավարութեան անդամները, որոնք եղել են նաեւ խորհրդարանում՝ ի տարբերութիւն մեզ, որ փորձել ենք ինչ-որ քայլեր իրականացնել ռիսկերը բացայայտելու, նւազեցնելու ուղղութեամբ, կառավարութիւնում կռիւ ենք տւել՝ իրենք ձայն չեն հանել: Դաշնակցութիւնն իր հետեւողականութիւնը մշտապէս պահել է եւ հիմա էլ ենք ասում՝ այսպիսի պայմաններում հարցի վճռահատումը ժողովրդի վստահութեամբ պէտք է կատարւի, դրա լաւագոյն տարբերակը հանրաքւէն է: Սա այն նւազագոյն հնարաւորութիւնը կարող է տալ հարցին, թէ իբր միջազգային արբիտրաժ… ՀՀ-ի միջազգային ներդրումային հեղինակութիւնն արդէն վտանգւել է: «Լիդիան»-ը որեւէ ձեւով չի կարողանում մասնակցել, ինչն արդէն մէկ տարի բացասական ազդեցութիւն է թողնում: Փոխանակ սրա մասին մարդիկ մտածեն, մտածում են՝ ինչպէս գտնել քաւութեան նոխազներ: Վստահաբար նոյնիսկ եթէ փորձեն գտնել, այնտեղ մենք չկանք»:

 

Տաթեւ Յարութիւնեան

Յարակից լուրեր

  • Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն
    Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն

    Տեղի է ունեցել ոչ թէ զբաղւածութեան ընդլայնում, այլ ընդհակառակը` նւազել են աշխատանքային ռեսուրսները: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնաժողովների համակարգող Արծւիկ Մինասեանը՝ ակնարկելով, որ գործազուրկների թիւը նւազել է արտագաղթի հետեւանքով:

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

  • Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք
    Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

    Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

  • Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը
    Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

    Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։