Հա

Ազգային

07/09/2019 - 12:10

Վահրամ Բալայեան. «Ձգտում ենք ունենալ համաձայնեցւած, համախորհուրդ ընտրւած թեկնածու»

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի հետ «Ապառաժ»-ի զրոյցը նախորդ ամսւայ ընթացքում ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյցի կատարած աշխատանքների եւ առաջիկայ անելիքների մասին է:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի հետ «Ապառաժ»-ի զրոյցը նախորդ ամսւայ ընթացքում ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյցի կատարած աշխատանքների եւ առաջիկայ անելիքների մասին է:

 

- Պարոն Բալայեան, ի՞նչով է առանձնացել օգոստոս ամիսը ՀՅԴ Արցախի կառոյցի համար:

- Չնայած այն հանգամանքին, որ ամառային ամիսները որոշակի աշխատանքային պասիւութեան շրջան են, այնուամենայնիւ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն շարունակել է իր աշխատանքը, ինչ-որ տեղ միգուցէ աւելի ակտիւ ձեւով՝ փորձելով լուծել տարբեր ոլորտների հետ կապւած հարցեր:

Մասնաւորապէս խօսքը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին: Դաշնակցութիւնը մշտապէս կարեւորել է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիների ընտրութիւնները, այլեւ այդ կառոյցի իրաւասութիւնների մեծացման հետ կապւած հարցերի լուծումը ինստիտուցիոնալ ձեւով: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բնակչի հետ անմիջական կապ ունենում է տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչը եւ որպէս խմբակցութիւն ու կուսակցութիւն փորձում ենք հնարաւորինս օրէնսդրական տեսանկիւնից, գործնականօրէն ընդլայնել ՏԻՄ իրաւասութիւնները: Այսպէս, 2019 թ. յունւարից սկսած ՏԻՄ-ին տրւեց բնակարանների շինարարութեան, վերանորոգման աշխատանքների հետ կապւած հարցերը լուծելու իրաւասութիւնը:

Մենք ակտիւութիւն ենք ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում, պաշտպանում ենք թէ կուսակցական թեկնածուների, թէ անկուսակցականների: Ի դէպ, մեզ համար կարեւոր է, որ ՏԻՄ համակարգում աշխատողները լինեն բաւականաչափ գիտակ մարդիկ, որոնք ի վիճակի կը լինեն հարցերին լուծումներ տալ եւ որոնց հետ մենք համագործակցաբար կարող ենք աշխատել: Դաշնակցութիւնն ամբողջ Արցախի տարածքում պաշտպանում է համայնքի ղեկավարի եւ աւագանու անդամների աւելի քան 80 թեկնածուների:

Նաեւ աւանդոյթ են դարձել ամէն տարի պատանիների համար կազմակերպւող ճամբարները, որտեղ ոչ միայն երեխաները հանգստանում են, այլ նաեւ ստանում են որոշակի գիտելիքներ՝ կապւած քաղաքական գործընթացների, հասարակական զարգացումների հետ: Մի խօսքով՝ վաղւայ քաղաքացու պատրաստման գործում մենք որոշակի ներդրում ենք փորձում ունենալ: Այս մօտեցումը վարակիչ է. միւս կուսակցութիւնները նոյնպէս վերջին տարիներին ձգտում են նման ճամբարներ կազմակերպել: Մենք ողջունում ենք, որ այդ լաւ օրինակը տարածւում է: Ես կը ցանկանայի, որ միւս ասպարէզներում եւս մեր գործունէութեան լաւ օրինակները վարակիչ դառնան միւս կուսակցութիւնների՝ յատկապէս նոր կազմաւորւածների համար:

Մենք նաեւ նախորդ ամիսներին փորձել ենք մեր կուսակցական հնարաւորութիւններն օգտագործել Արցախի Հանրապետութեան կապերի ընդլայնման տեսանկիւնից: Դրանիցից, կարծում եմ յիշակատութեան արժանի է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի եւ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի այցը Աւստրալիա, որտեղ տարբեր պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեցին Արցախ-Աւստրալիա կապերի ամրապնդման տեսանկիւնից: Գնահատելի է այն փաստը, որ ստեղծւել է Արցախի հետ բարեկամութեան շրջանակ: Նման խումբ Արցախում ձեւաւորելը կը նպաստի երկու երկրների փոխյարաբերութիւնները նոր մակարդակի հասցնելուն:

Վերջերս՝ օգոստոսի 26-29-ը, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի աջակցութեամբ կազմակերպւել է Եւրոխորհրդարանի պատգամաւոր Մարտին Զոնեբորնի գլխաւորած պատւիրակութեան այցը Արցախ: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ փորձում ենք քաղաքական յարաբերութիւնները դնել գործնական հիմքի վրայ: Պատւիրակութեան մէջ ընդգրկւած էին նաեւ զբօսաշրջութեան մասնագէտներ, համալսարանի դասախօսներ, լրագրողներ: Մենք պէտք է փորձենք ամրապնդել հասարակական տարբեր կառոյցների միջեւ կապը, զարգացնել տնտեսական ոլորտը, մասնաւորապէս՝ զբօսաշրջութիւնը:

 

- ՀՅԴ Արցախի կառույցը վերջերս յայտարարութիւն է տարածել ԱՀ նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցութիւններ սկսելու մասին: Ինչո՞վ է պայմանաւորւած այդ յայտարարութիւնը:

- Մենք որոշակի աշխատանքներ ենք կատարել՝ կապւած 2020 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների հետ: Մենք ձգտում ենք ունենալ համաձայնեցւած, համախորհուրդ ընտրւած թեկնածու, որը կը ներկայացնի հասարակութեան լայն շերտերին, միւս կողմից՝ նաեւ կը լուծի մեր պետութեան ու ժողովրդի համար արդիական խնդիրները: Այդ տեսանկիւնից՝ մենք հանդէս ենք եկել համապատասխան յայտարարութեամբ եւ սեպտեմբերի 10-ին բանակցութիւններ կը սկսւեն թէ հաւանական թեկնածուների, թէ քաղաքական տարբեր ուժերի հետ:

 

Տաթեւիկ Աղաջանեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։