Հա

Ազգային

11/09/2019 - 12:30

Վատնւած է հիմնական ներուժը

Տարիներ առաջ հեռուստատեսութեամբ հետեւում էի մի երկրում ընթացող յեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակւող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող, ամբոխը յիշեցնում էր մթագնած գիտակցութեամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամէն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցութեամբ եւ հասարակութեան անդամների ընդգծւած անհատականութեամբ ապահովագրւած է ամբոխի վերածւելու փորձութիւնից:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Տարիներ առաջ հեռուստատեսութեամբ հետեւում էի մի երկրում ընթացող յեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակւող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող, ամբոխը յիշեցնում էր մթագնած գիտակցութեամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամէն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցութեամբ եւ հասարակութեան անդամների ընդգծւած անհատականութեամբ ապահովագրւած է ամբոխի վերածւելու փորձութիւնից:

Սա այն ժողովուրդը չէ, որ քաղաքական, կրօնական, կամ այլ առաջնորդի ձեռքի շարժումով նետւի առաջ՝ կատարելու համար իր կուռքի ցանկութիւնները: 1988 թւականին տեղի ունեցածն իսկապէս ազգի քաղաքակրթական որակը բնորոշող ժողովրդային շարժում էր՝ կազմակերպւածութեամբ, մասնակիցների վերաբերմունքով միմեանց եւ ուրիշների հանդէպ, առաջ քաշած համազգային յստակ նպատակներով, եւ դրանց իրականացմանն ուղղւած միասնական ջանքով: Այն օրերին, օրինակ յանցագործները հաւաստիացրին Ազատութեան հրապարակում հաւաքւող հանրութեանը, որ նրանց բացակայութեան ժամերին բնակարաններից գողութիւններ չեն կատարւի: Հետագայ ժամանակները, սակայն ապացուցեցին, որ եւ հայ ժողովրդի միջից եւ քաղաքական-քաղաքակրթական հզօր հենք ունեցող աշխարհի ցանկացած ժողովրդից, համապատասխան հանգամանքներում, կարող է գոյանալ նպատակասեւեռ, ատելութեամբ լիցքաւորւած, անսանձելի, բայց առաջնորդներին հլու այն կրտիկական զանգւածը, որը եւ վերածւում է ամբոխի:

Ամբոխի մտածողութիւնը մակերեսային է՝ պատճառահետեւանքային կապերը որոշելու հարցում պարզունակ: Երբ զանգւածը վերածւում է ամբոխի այլեւս նրա «սնունդը» դառնում է գործողութիւնը, նա պահանջում է առաջնորդներից կոնկրետ յանձնարարականներ, որոնք կատարելով, կարճ ժամանակում, հնարաւոր կը լինի հասնել իր ձեւաւորման պատճառը հանդիսացած երեւոյթների վերացմանը: Ամբոխը բաղկացած է մէկը միւսի խանդավառութեամբ վարակւող եւ իր նմանների բազմաքանակութիւնը ընտրած ճանապարհի ճշմարտացիութեան գլխաւոր փաստարկ համարող միաւորների բազմութիւնից, որին մաս կարող են կազմել եւ չկրթւածը եւ կրթւածը, եւ գիւղացին ու մտաւորականը եւ բազմաշերտ հասարակութեան ցանկացած խաւի ներկայացուցիչ:

Եթէ նախկինում, առաջնորդողների հաւակնութիւն ունեցողները պէտք է կարողանային սեփական յատկութիւնների գնով հրապարակներում ժողովրդային զանգւածներ հաւաքել եւ պահել այնտեղ երկար ժամանակ, ապա ներկայիս տեղեկատւական հնարաւորութիւններին լաւ տիրապետելով կարելի է ազդել աշխատավայրում կամ տանը նստած մարդկանց վրայ՝ հեռահար կերպով եւ ինքն իր կապի միջոցի հետ ունեցած այդ ինտիմ շփման ժամանակ ստիպել ենթակային յանգելու ցանկալի տրամադրութիւնների եւ եզրայանգումների: Այդ պատճառով էլ յանկարծ ներհասարակական կեանքը փոթորկող առաջնահերթ խնդիրներ են դառնում այնպիսի հիմնահարցեր, որոնք նախկինում էլ գոյութիւն են ունեցել, բայց կամ չեն փոթորկել մարդկանց կամ վաղուց մոռացւած են եղել:

Ինչպէս յայտնի է նոր տեխնոլոգիաների հնարաւորութիւնները արդիւնաւէտօրէն իրացւեցին աշխարհում տեղի ունեցած գունաւոր յեղափոխութիւնների ժամանակ, իսկ Հայաստանում վերջինիս առաջին փորձարկումը տեղի ունեցաւ 2008 թւականի մարտի 1-ին ծաւալւած իրադարձութիւնների ընթացքում:

Այն ինչ տեղի ունեցաւ 2018 թւականին հայ ժողովրդի մէկ հատւածի հետ՝ Հայաստանում եւ ի սփիւռս աշխարհի, այլ բան չէր քան ամբոխային տրամաբանութեամբ ուղղորդւած թիրախային նպատակի իրականացում:

Եթէ արդարացւած կարելի էր համարել մարդկանց ընդվզումը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնոյթի կուտակւած հիմնահարցերի պատճառով, ապա անտրամաբանական էր սեփական ճակատագրի տնօրինումը յանձնելը մարդկանց, ում ողջ պատկերացումը ապագայի վերաբերեալ, այլ խօսքով քաղաքական պլատֆորմը, հետեւեալն էր՝ տապալել նախորդներին եւ տիրել նրանց իշխանութեանը: Խոստանալ պատժել նախկին բոլոր մեղաւորներին, չնեկայացնելով վաղւայ օրւայ անելիքը քաղաքական, տնտեսական եւ միւս բնագաւառներում:

Յոյզերով առաջնորդւող զանգւածները նախորդներին մերժելու եւ նորերին երկիրը յանձնելու անվերապահ նպատակամղմամբ բացարձակապէս չհետաքրքրւեցին այն հարցով, թէ երկիրն ինչպէս պէտք է ղեկավարի կադրային նոր կազմը, որը բացարձակապէս զուրկ է մասնագիտական եւ վարչական փորձառութիւնից:

Դժբախտաբար, անկախացման շրջանից սկսած, մեր հասարակութիւնը առաջնորդւել է «մերժելու նախընտրական ծրագրով»: Գլխաւոր հարցը դիտարկելով եղածից ազատւելը, քննարկման առարկայ չի դարձել այն խնդիրը, թէ ովքեր են նորերը եւ ինչ են խոստանում:

Սովորաբար պաշտօնեաները, ղեկավարման հարիւր օրը լրանալուց յետոյ, հանդէս են գալիս հաշւետւութեամբ: Եթէ հարիւր օրը քիչ է, արդիւնքներից խօսելու համար, ապա բաւարար է համարւում որպէսզի ներկայացւեն հայեցակարգերն ու ծրագրերը եւ ըստ դրանց ձեռնակւած աշխատանքների սկզբնական ընթացքը: Հայաստանի ներկայ իշխանութիւնը երկիրը փաստացի ղեկավարում է մէկ տարի եւ երեք ամիս:

Հակառակ շարունակւող շոուին, առաջընթացի փոխարէն զարգանում են անորոշութիւններն ու անհանգստութիւնները՝ արտաքին քաղաքականութեան եւ Արցախի հարցերում, ակնյայտ է արտաքին ճնշումների մեծացումը: Տեղի են ունենում նախկինից գործող կադրերի համատարած կրճատումներ, իսկ նրանց փոխարինող նորերը զուրկ են սեփական պարտականութիւնները գիտակցելու եւ իրականացնելու կարողութիւնից:

Երկրի տնտեսական զարգացման ուղենիշերին փոխարինում են պարզունակ կարգախօսերը, այս եւ այլ գործոններով պայմանաւորւած այդպէս էլ երկիր չհասան խոստացւած ներդրումները: Երկրում պետական մեքենան գործում է խիստ ցածր արդիւնաւէտութեամբ եւ հեռու չենք տարբեր ոլորտների կաթւածահարումը տեսնելու իրողութիւնից: Եթէ ինչ որ բան արւում է մեծ եռանդով ու հետեւողականութեամբ՝ քրէական հետապնդումներն ու դատավարութիւններն են: Այս եւ ոչ միայն այս գործընթացներում գիտակցաբար ու անգիտակցաբար ոտնահարւում են օրէնքն ու օրինականութիւնը: Այդ ամէնը փոխարինւած է մէկ անձի կամքով:

Հասարակութիւնը պառակտւած է, ներհասարակական մթնոլորտը լարւած է, ոտնահարւում են ազգային-բարոյական ու հոգեւոր արժէքները, հասարակաքաղաքական ընտրախաւի շարքերում զգալի թիւ է կազմում օտար ազդեցութիւններ կրողների ու կասկածելի ֆինանսական աղբիւրներից սնւողների, այլասերւածների ու ապազգայինների բանակը:

Օրինաչափօրէն իշխանութեան սոցիալական յենարանը կազմող մարդուժը հալւում է՝ արեւի տակ յայտնւած ձնագնդի արագութեամբ: Ամենուր աճում է դժգոհութիւնը, որը, ամենայն հաւանականութեամբ, համատարած հիասթափութեան կը վերածւի եւս մէկ դժւար աշուն ու ձմեռ յաղթահարելուց յետոյ:

Ի դէպ նրանց համար, ովքեր ապրել են Լեւոն տէր-պետրոսեանական թիմի կառավարման ժամանակներում ակնառու պէտք է լինի, որ այս իշխանութիւնը, ուղղակիօրէն նրա շարունակութիւնն է: Հաւանաբար այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ նոր շարժման առաջնորդը հին շարժման առաջնորդների միջավայրում է ձեւաւորւել, որպէս անհատ եւ քաղաքական գործիչ, 2008 թւականին Լեւոն Տէր-Պետրոսեանի պարտւողական պլատֆորմով մասնակցել է ընտրութիւնների եւ նոյն մարդու ղեկավարութեամբ սադրել է մարտի մէկն ու ժողովրդին տարել է բախման ոստիկանութեան հետ: Վերջապէս այսօր շրջապատւած է այդ թիմի աչքի ընկնող ներկայացուցիչներով ու հետեւորդներով: Իհարկէ առաւել ծանրակշիռ փաստարկը հոգեւոր-գաղափարական ժառանգորդութեան հարցն, որ նոյնպէս ակնյայտ է եղել ի սկզբանէ, այս զուգահեռները, սակայն չէի ցանկանայ առաւել մանրամասնել այստեղ, չուռճացնելու համար նիւթի ծաւալը:

Իշխանութեան աւելի ու աւելի կենտրոնացումը մէկ մարդու ձեռքում, իշխանութեան բոլոր թեւերի վրայ բացարձակ վերահսկողութիւն սահմանելու ջանքերը, անհանդուրժողութիւնը այլակարծութեան նկատմամբ, կոշտ արձագանքը ընդդիմադիր գործողութիւնների հանդէպ եւ ամէն օր դրսեւորւող այլ երեւոյթներ ցրում են այն պատրանքները, թէ Հայաստանում ժողովրդավարութիւնը պաշտպանւած է:

Ի դէպ սա «թաւշեայ, ժողովրդական» շարժման նկատմամբ եղած միակ պատրանքը չէր: Քաղաքացիական յեղափոխութեամբ խանդավառւած ինքնակոչ «տեսաբանները» այդպէս էլ մեզ չբացատրեցին, թէ ի՞նչ նկատի ունէին տեղի ունեցածը յեղափոխութիւն կոչելով՝ քաղաքական համակա՞րգը փոխւեց, փոխւեցին տնտեսական կացութաձեւը՝ գաղափարաբարոյական արժէքներն ու զարգացման ուղենիշե՞րը: Բացի իշխանական կադրերի յեղափոխական փոխանակումի՞ց այդ ինչ տեսան «նոր յեղափոխութեան» տեսաբանները, որ այդպէս էլ ժողովուրդը չի տեսնում:

Եթէ հարցը գեղեցիկ ճառերն են, ապա այդ ո՞վ է փորձել տգեղ ճառերով ժողովուրդ տանել իր յետեւից:

Անցած երեք տասնամեակում տեղի ունեցած ամէն ինչի բացարձակ մերժումը յեղափոխութի՞ւն է, հայրենասիրութի՞ւն՝, թէ՞ կուրութիւն կամ ինքնադրսեւորման միջոց: Նոյն, կամ մօտաւորապէս նոյն այս գիտակները, նախորդող տարիներին ողջունեցին Հայաստանում տեղի ունեցող իւրաքանչիւր ոճրագործութիւն, արկածախնդրութիւն ու անձերի կամքին ծառայեցւած ինքնանպատակ գործողութիւն, որի թերեւս միակ արժանիքն այն էր, որ ուղղւած էր իշխանութեան դէմ: Դրանք բոլորը, կարճ ժամանակ անց փաստեցին իրենց սնանկութիւնը, իսկ ո՞վ նեղութիւն քաշեց խոստովանելու որ սխալւել է սին ու վնասակար երեւոյթը գնահատելով որպէս հայրենափրկութեան փաստ: Նոյն մարդիկ արդեօ՞ք չխրատւեցին կամ չեն կարողանում այսօր գնահատել իրական պատկերը: Չեմ կարծում թէ չեն տեսնում, կամ չեն հասկանում, համոզւած եմ, որ այլ շահերով ու նպատակներով են առաջնորդւում, որոշներն էլ այլ ակունքից են ջուր խմում: Բայց այս դէպքում էլ նրանք յաջողութիւն չեն արձանագրելու, որովհետեւ ճիշտ կամ սխալ լինելը ոչ ճաշակի հարց է՝ ոչ տեսական վէճում առաւել խելօք լինելու, ոչ էլ այս կամ այն ճամբարի կողմից գործելու, այլ որովհետեւ գործ ունենք մի երեւոյթի հետ, որը հակառակ է հայ ժողովրդի բնական շահերին:

Սա շարժում է ընթացքին դէմ, որը եւ կամաց-կամաց յետ է շպրտելու հոսանքին հակառակ ընթացք պարտադրողներին: Ես չեմ կարող ասել, թէ դեռ որքան է նաւակի պէս ցնցելու, Հայաստանը այս ու այն կողմ նետելու նրա նոր ղեկավարութիւնը, բայց համոզւած եմ, որ նա արդէն դէպի իր վերջին տանող ճանապարհի վրայ է: Այս պետութիւնը չունի այն քաղաքական ու տնտեսական ներուժը, որը թոյլ կը տար փակել սահմաններն ու երկիրը երկար ժամանակով պահել, ինչ որ մէկի բռնիշխանական քմահաճութիւնների յորձանուտում: Իսկ գլխաւորն այն է, որ գրեթէ վատնւած է այս իշխանութեան հիմնական ներուժը՝ մարդկանց հաւատը եւ յոյսը:

Յարակից լուրեր

  • Զարիֆ. «Պարոն Պոմպէօ ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը»
    Զարիֆ. «Պարոն Պոմպէօ ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը»

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում գրել է. «Պարոն Պոմպէօ դուք ինչ գիտէք թէ որն է քաղաքակրթութիւնը:

  • Պարզւում է կոռուպցիան չի վերացել
    Պարզւում է կոռուպցիան չի վերացել

    Գրեթէ ամէն օր լրատւական աղբիւրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր Վարչապետը: Աւելին, հրապարակւող փաստերը վկայում են ընդամենը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

  • Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի
    Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

    Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

  • Գլխաւոր թշնամին
    Գլխաւոր թշնամին

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դէմքերը, դարձեալ խօսել էին թշնամիների, իրենց պատերազմ յայտարարածների, այլ խօսքով հակայեղափոխականների եւ նրանց դաւադրութիւնների մասին: Կասկած չկայ, որ այս թեման, եւ անցեալի ուրւականների հետ կռիւը լինելու է վերջիններիս գլխաւոր ասելիքն ու գործողութիւնների մղող մտայնութիւնը՝ մինչեւ իրենց իշխանութեան աւարտը:

  • «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»
    «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»

    «Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։