Հա

Ազգային

14/09/2019 - 10:50

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործւել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ շրջակայ միջավայրի մասնագիտական ոլորտային յանձնախմբի տեսակէտը

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնւում է ՀՀ Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերի սահմանագլխին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիս, հիւսիսարեւմտեան ճիւղաւորումների ջրբաժանի հատւածում:

Ներածական

1. Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնւում է ՀՀ Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերի սահմանագլխին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիս, հիւսիսարեւմտեան ճիւղաւորումների ջրբաժանի հատւածում:

2. 2014 թ.-ին ՀՀ կառավարութեան կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին (այսուհետեւ՝ «Լիդիան») տրւել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրաւունքը եւ շինարարութեան համար բնապահպանական թոյլատւութիւնը:

3. 2015 թ.-ին «Լիդիան»-ը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցութեան գնահատականը, իսկ դրա թարմացւած տարբերակը՝ 2016 թ.-ին: 2016 թւականի ապրիլի 29-ին Ամուլսարի ծրագրի՝ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննութիւնն ստացել է դրական եզրակացութիւն:

4. Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսւած է իրականացնել կոյտային տարրալւացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառւելու Հայաստանում: Ըստ «Լիդիան»-ի ներկայացրած ծրագրի՝ հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսւում է արդիւնահանել մօտ 2.6 մլրդ. ԱՄՆ դոլարի ոսկի: Առաջին երկու տարիների ընթացքում նախատեսւել է կատարել շուրջ 426 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բիւջէ վճարւող հարկերի ու ռոյալթիների միջոցով ընդհանուր մուտքերը կը կազմեն մոտ 635 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի շինարարական փուլում մօտաւորապէս 1300 մարդ կապահովւի աշխատանքով, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ:

5. Կանխատեսւում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցութիւնը ՀՆԱ-ում միջինը կը կազմի մօտ 185 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1.4%: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդիւնքում տարեկան միջին արտահանումը կը կազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծաւալի 6.5%-ը:

 

Ծրագրի վերաբերեալ տարակարծութիւնները

6. Թէեւ «Լիդիան»-ը պարտաւորւել է կառուցել եւ շահագործել Ամուլսարի հանքը՝ հանքարդիւնաբերութեան լաւագոյն փորձին համապատասխան, որի ներքոյ նախագծել եւ ձեւաւորել է Հայաստանում նախադէպը չունեցող մետաղական հանքարդիւնահաման ծրագիր, այնուամենայնիւ, մասնագիտական եւ հանրային (այդ թւում՝ բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծութիւնը հանքի շահագործման թոյլատրելիութեան վերաբերեալ:

7. Մտահոգութիւնների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդիւնքում առաջանալիք ռիսկերի անկառավարելիութիւնը: Խնդիրն առաւել է բարդանում՝ պայմանաւորւած Ամուլսարի աշխարհագրական դիրքով եւ կենսական նշանակութիւն ունեցող ջրային պաշարների ձեւաւորման առումով: Այն պահանջում է գիտականորեն գերճշգրիտ հիմնաւորում եւ միջազգային լաւագոյն փորձի վրայ հիմնւած անկախ եւ օբիեկտիւ փորձաքննութիւն:

8. Չնայած այն հանգամանքին, որ, ՀՀ օրէնսդրութեամբ սահմանւած կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թոյլտւութիւնը երկարատեւ եւ բազմամակարդակ գործընթաց է, այնուամենայնիւ, ներկայ պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեանը:

9. Թէեւ, ՀՀ օրէնսդրութեամբ սահմանւած պարտաւորութիւն չունենալու պայմաններում, «Լիդիան»-ը նախաձեռնել է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատում՝ միջազգային փորձագէտների ներգրաւմամբ, սակայն դա եւս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակայարմարութեան հարցում բաւարար համոզւածութիւն չի ձեւաւորել: Դա պայմանաւորւած է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան հետազօտութիւնների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագէտները ընտրւել եւ վճարւել են «Լիդիան»-ի կողմից: Միւս կողմից՝ ՀՀ կառավարութիւնը՝ ի դէմս բնապահպանութեան նախարարութեան, չի ունեցել (եւ չունի) օրէնսդրական պարտաւորութիւն եւ ֆինանսական հնարաւորութիւն՝ ներկայացւած ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննութիւն իրականացնելու համար: Որպէս հետեւանք՝ տեղական եւ միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերեալ «Լիդիան»-ի հաւաստիացումներին:

10. Բնապահպանական միաւորումները, ներգրաւելով հասարակութեան առաւել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդիւնքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին աւելացաւ նաեւ քաղաքականը:

11. Յենւելով վերջինիս վրայ եւ ձեւաւորելով հանրային մեծ սպասելիքներ՝ օրւայ քաղաքական իշխանութիւնը անբացատրելի կերպով երկարացրեց հարցի հանգուցալուծումը, կոռուպցիոն հնարաւոր չարաշահումների պատճառաբանութեամբ նախաձեռնեց քրէական գործի հարուցում, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպութիւնների միջոցով (Elard եւ TRC, այսուհետեւ՝ ԷԼԱՐԴ) անկախ փորձաքննութիւն իրականացնելու նպատակով պետական բիւջէից յատկացրեց 400 հազար ԱՄՆ դոլար: Արդիւնքում՝ հանքավայրի շահագործման թոյլատրելիութեան հարցում մասնագիտական հանրոյթը այդպէս էլ չի ձեւաւորել միակարծութիւն, իսկ հանրութեան լայն շրջանակները լսում են իշխանութեան անընդհատ փոփոխւող տեսակէտները, ինչն իր հերթին ազդում երկրի միջազգային հեղինակութիւնը վրայ:

12. Այս ամէնը, սակայն, չի կարող շարունակական լինել, գերակտիւացւած քաղաքական բաղադրիչն իր տեղը պէտք է զիջի կշռադատւած, մասնագիտօրէն հիմնաւորւած եւ հասարակութեան ճնշող մեծամասնութեան կողմից ընդունելի որոշմանը: Նշւած ընթացքն ապահովելու համար չափազանց կարեւոր է մասնագիտական մօտեցումների յստակեցումը, տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական հաւասարակշռւած տեսակէտների ամբողջացումը եւ, ի վերջոյ, համապետական հանրաքւէի միջոցով Ամուլսարի վերաբերեալ վերջական որոշման կայացումը:

 

Ծրագրի մասնագիտական մտահոգութիւնները

13. Վերը նշւածի ներքոյ սկզբունքային նշանակութիւն են ստանում տեղական ու համաշխարհային ճանաչում ունեցող մասնագէտների կողմից բարձրացւած հարցադրումները, որոնք, ընդհանուր առմամբ, իրենց արտացոլումն են ստացել փաստաթղթային աուդիտ իրականացրած ԷԼԱՐԴ-ի եզրակացութիւնում (զեկոյցում):

14. ՀՅԴ շրջակայ միջավայրի մասնագիտական ոլորտային յանձնախումբը՝ ուսումնասիրելով եւ վերլուծելով ԷԼԱՐԴ-ի զեկոյցը, արձանագրում է, որ այն անդրադառնում է չորս ոլորտների՝ ջրային ռեսուրսներ, երկրաբանութիւն, կենսաբազմազանութիւն եւ օդի որակ: Զեկոյցում նշւում է, որ «Լիդիան»-ը բաւարար կերպով ներկայացրել է կենսաբազմազանութեանը վերաբերող հարցեր, բայց կարող էին բարելաւել դրանք, եթէ ներառւէին լրացուցիչ տեղեկութիւններ, օրինակ՝ քարտէզներ:

15. ԷԼԱՐԴ-ը քննադատում է օդի որակի գնահատման համար Raduga մոդելի օգտագործումը: Նրանք եզրակացնում են, որ այս հին մոդելը համարժէք չէ Ամուլսարի նման նախագծին: Զեկոյցում նաեւ բացայայտւում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետւող փոշու մանր մասնիկների եւ որոշակի գազերի ազդեցութեան գնահատման որոշ թերութիւններ: Այնուամենայնիւ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ «Լիդիան»-ի կողմից օդի որակի վերահսկողութեան համար ներկայացւած մոնիտորինգի պլանը տեղին է եւ ընդունելի, բայց պէտք է ներառել լրացուցիչ եօթ գործօններ:

16. Ի տարբերութիւն վերը նշւածի, ծայրաստիճան քննադատւում է ջրային ռեսուրսների եւ երկրաբանական ազդեցութեան վերլուծութիւնը, որոնց բացասական արդիւնքները ոչ ամբողջութեամբ են տեղ գտել ԷԼԱՐԴ-ի կողմից ներկայացւած մեմորանդումի մէջ՝ ապակողմնորոշելով վերջնական եզրահանգումը: Մինչդեռ՝

16.1. Ըստ զեկոյցի՝ «Լիդիան»-ի պատրաստած 3-D երկրաբանական մոդելի լայնակի հատոյթները ցոյց են տալիս երկրաբանական յարաբերութիւնները միայն բացահանքերի տարածքի անմիջական հարեւանութեամբ: Այս թերութիւնը ստորերկրեայ ջրերի աղտոտիչ աղբիւրների եւ կլանիչների միջեւ թոյլ կապի հետեւանք է: Էկոլոգիապէս զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցւածքային եւ ստրատեգրաֆիկ յարաբերութիւնների վերաբերեալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար գնահատւում է որպէս մոդելի լուրջ թերութիւն: Երկրաբանական այս մոդելը իր հերթին հիմք է այլ մոդելների համար, որոնք թւայնացւած ներկայացնում են ստորերկրեայ ջրերի եւ աղտոտիչների հոսքը (տրանսպորտը):

16.2. Զեկոյցը շարունակում է պնդել, որ տեղական երկրաբանութեան նկարագրութիւնն անկազմակերպ, թերի եւ անհասկանալի է: Տեքստից այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ «Լիդիան»-ը լիարժէք չի հասկացել կառուցւածքային եւ ստրատեգրաֆիկ յարաբերութիւնները, փոփոխութիւնների տեսակների պատճառներն ու բաշխումը եւ ժայռերի տարբեր տեսակների ստեղծման ժամանակ իրադարձութիւնների յաջորդականութիւնը: Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկւածքներ, որոնք կարող են լինել ստորգետնեայ ջրերի հոսքի խոչընդոտներ եւ/կամ ուղիներ։ Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ նախագծի ազդեցութեան տարածքում առկայ բեկւածքները չեն դիտարկւում «Լիդիան»-ի կողմից երկրաբանական հետեւանքների մոդելաւորման մէջ: Աւելին՝ ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ հրաբխային ժայռերը փխրուն են՝ կոտրւածքների լայն թափանցելիութեամբ: Այս բնութագրերն ազդում են ստորերկրեայ ջրերի հոսքի եւ փոխադրման տեմպերի վրայ: Չի կարելի ենթադրել, որ ժայռերը համասեռ կաւէ գօտի են, կոտրւածքների առկայութիւնից զուրկ, ինչպէս դա անում է «Լիդիան»-ը:

16.3. Ստորերկրեայ ջրերի հոսքի եւ ջրալույծ նիւթերի փոխադրման ճիշտ թւային մոդելաւորումը բացահանքերից եւ ծրագրի տարածքից դէպի ընդունիչներ (գետեր եւ աղբիւրներ) կախւած են ժայռի կառուցւածքից եւ բնութագրերից` հոսքի եւ փոխադրման (տրանսպորտային) ուղիների ամբողջ երկայնքով: Զեկոյցը եզրակացնում է, որ սխալ է պնդել, թէ հանքը չի կարող ազդել նախագծի տեղամասերին յարակից շրջանների (ներառեալ՝ քաղցրահամ աղբիւրների) վրայ:

16.4. ԷԼԱՐԴ-ը շեշտում է, որ փոփոխւած «Սոբեկ» (Modified Sobek) մեթոդը, որն օգտագործւել է նախագծի թթւային-բազայի հաշւառման (ABA) համար (որը որոշում է հաւանական թթւայնութիւնը) հիմնւած է միայն սուլֆիդային ծծմբի վրայ: Մինչդեռ այս մօտեցումը յստակ սխալ է, քանի որ բացահանքերի տարածքներից գրեթէ բոլոր նմուշներն ունեն թթւային pH արժէքներ, ինչը վկայում է թթւային սուլֆատային աղերի մասին: ԷԼԱՐԴ-ը գտնում է, որ սուլֆատի վերլուծւած տոկոսը պէտք է ներառւած լիներ թթւայնութեան հաւանական հաշւարկի մէջ:

16.5. Թէեւ ՇՄԱԳ-ում նշւում է, որ վերին հրաբխային ժայռի շերտը թթու չի առաջացնում, սակայն ԷԼԱՐԴ-ը նշում է, որ ՇՄԱԳ-ի յաւելւածում ներկայացւած տւեալները ցույց են տալիս, որ առկայ են զգալի թւով պիրիտ ծծմբով հարուստ բազմաթիւ նմուշներ: Սուլֆիդի աւելի բարձր տոկոսները տալիս են աւելի շատ ապացոյցներ այն մասին, որ վերին հրաբխային շերտը համասեռ չէ եւ պէտք է բաժանւի ենթախմբի՝ ըստ յստակ ժայռերի ենթատեսակների:

16.6. Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ Ամուլսարի ժայռերում թթւային ապարների դրենաժի (ARD) ռեակցիաների՝ «Լիդիան»-ի գնահատումը ապակողմնորոշիչ է, քանի որ վերլուծութիւնը չի ներառում երկաթի օքսիդացման կարեւորութիւնը: Օգտագործելով այս մօտեցումը, թերագնահատւում են թթւային ապարների դրենաժ գոյացումը եւ յարակից ջրերի որակի, շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան, ինչպէս նաեւ ջրի մաքրման պահանջների կարեւորութիւնը:

16.7. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ «Լիդիան»-ի կողմից պոմպային թեստի ոչ մի փորձարկում չի իրականացւել, ինչը լուրջ բացթողում է նախագծի մերձակայքում հիդրաւլիկ յատկութիւնների բնութագրման գործում: Պոմպային թեստերը հիդրաւլիկ բնութագրման ստանդարտ ընթացակարգ են եւ անփոխարինելի են կոտրւած ժայռի համար: Հաշւի առնելով էկոլոգիապէս զգայուն կարգաւորումը՝ հիդրաւլիկ թեստերի սահմանափակ բաշխումը եւ պոմպային թեստերի բացակայութիւնը, ԷԼԱՐԴ-ն անբաւարար է գնահատում դրանք՝ ստորերկրեայ ջրերի ուսումնասիրութեան տարածքում հիդրաւլիկ յատկութիւնները բնութագրելու համար: Ըստ այդմ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ հանքավայրի ջրհանքներից եւ օբիեկտներից մինչեւ գետերն ու ջրամբարները տեղակայւած տարածքները նկարագրւած չեն, եւ չի կարելի ենթադրել, որ դրանք նոյն հիդրաւլիկ յատկութիւններն ունեն, ինչ փորձարկւած տարածքները:

16.8. Համաձայն ԷԼԱՐԴ-ի՝ կտրտւած քարերի առկայութեան պայմաններում աղտոտւած ստորերկրեայ ջրերի հոսքն արագ է, հետեւաբար, տեղափոխւող աղտոտւած ջրի ծաւալն աւելի մեծ է: Կտրւածքների ու ճեղքւածքների միացման չափը որոշում է, թէ ինչպէս է տեղի ունենում ստորգետնեայ ջրի արագ հոսքը եւ տեղափոխումը: Միայն պոմպային փորձարկումների եւ ստորգետնեայ ջրերի հետքերով, ինչպէս նաեւ փորձարկումների անցկացման միջոցով կարելի է գնահատել կտրտւածքների կապը, որը «Լիդիան»-ի կողմից արւած չէ:

16.9. Վերանայելով «Լիդիան»-ի իրականացրած՝ բացահանքերի ներծծւող ջրերի ուսումնասիրութիւնը, ընդունելով, որ օգտագործված մոդելները ճիշտ են, ԷԼԱՐԴ-ն արձանագրել է, որ մոդելների արդիւնքները սխալ են, քանի որ մոդելաւորման համար ենթադրւում է անիրատեսական մեծ քանակութեամբ գոլորշիացում բաց ժայռերից եւ յետին լցոնումներից: Այլ խօսքով՝ «Լիդիան»-ը պնդում է, որ անձրեւի ու ձնհալքի ջրերի մեծ տոկոս գոլորշիանալու են եւ գետին չեն ներծծւելու, մինչդեռ յայտնի է, որ տեղումների եւ ձնհալքի մեծ մասը ծակոտիների միջոցով արագօրէն ներթափանցում է գետին: Բացի այդ՝ ԷԼԱՐԴ-ը համոզւած կերպով պնդում է, որ «Լիդիան»-ն օգտագործում է բացահանքերի պատերի համար ջրի հոսքի ոչ ճիշտ գործակիցներ: Դրանք կարեւոր են, քանի որ, «Լիդիան»-ի պնդմամբ, աւելի քիչ ջուր է անցնելու գետին: ԷԼԱՐԴ-ը ենթադրում է, որ սիմուլեացիաներում շատ աւելի քիչ գոլորշիացում պէտք է տեղի ունենայ, եւ պնդում է, որ բացահանքերի հոսքի մոդելաւորումներից ջրի հոսքերը ճիշտ չեն հաշւարկւած: Ստորերկրեայ ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ սխալ հոսքերի օգտագործումը յանգեցնում է ստորերկրեայ ջրերի մակարդակների եւ աղբիւրների ազդեցութեան սխալ գնահատման: Բացի այդ՝ լուծւող նիւթերի փոխադրման սիմուլեացիաները խիստ թերագնահատում են թթւային դրենաժի ազդեցութիւնը ստորերկրեայ ջրերի եւ աղբիւրների վրայ: Առ այդ, գոլորշիացումը գերագնահատելու եւ ջրի հոսքը թերագնահատելու պատճառով ԷԼԱՐԴ-ի եզրայանգումն է՝ պասիվ մաքրման համակարգին հաղորդւող ջուրը եւ զանգւածային հոսքերը թերագնահատւած են, իսկ մաքուր ջրի պահանջարկը՝ գերագնահատւած:

16.10. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ հաշւարկւած ջրի ծաւալային հոսքերը, որոնք ընթանում են դատարկ ապարների լցակոյտի (BRSF) կայանից, մեծապէս թերագնահատւած են սխալ մոդելի պարամետրացման պատճառով: Թերագնահատւած ջրի հոսքերի պատճառով նաեւ թերագնահատւած են զանգւածային հոսքերը, որոնք կապւած են թթւացնող ժայռերի եւ ներծծւող ջրի շփման հետ: Այս թերագնահատումը բացասաբար է ազդում ընդհանուր ջրի հոսքերի հաշւարկների վրայ, որոնք առաջանում են թթւային դրենաժի աղբիւրներից եւ դատարկ ապարների լցակոյտի տակից։

16.11. Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ բացահանքերի տարածքներում երկրաբանութիւնը վատ է ներկայացւած: Ներքեւի մակերեսի պարզունակ թւային ներկայացումը գործող մոդելում անբաւարար է քանակական կանխատեսումներ անելու համար: Չնայած այս անբաւարարութեանը` արւել են բազմաթիւ քանակական կանխատեսումներ, որոնք յուսալի չեն: ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ անցումային սիմուլեացիաներ են իրականացւել բացահանքերի ներհոսքերը գնահատելու համար, բայց մոդելային կանխատեսումը անբաւարար է, քանի որ անցումային տրամաչափում չի իրականացւել: ԷԼԱՐԴ-ը, իր կողմից իրականացւած մոդելային վերանայման հիման վրայ, գտնում է, որ մոդելը թերի է նկարագրում հանքարդիւնաբերութեան ազդեցութիւնը ստորերկրեայ ջրերի մակարդակի եւ հոսքի վրայ:

16.12. ՇՄԱԳ-ում նշւում է, որ նախագծի տարածքում ջրհորների ջրհաւաքագրերը ցոյց են տալիս, որ ձնհալի շնորհիւ գարնանը ստորերկրեայ ջրերի մակարդակը արագօրէն բարձրանում է եւ արագ իջնում ձնհալի աւարտից յետոյ: ԷԼԱՐԴ-ը այս տւեալներից եզրակացնում է, որ ժայռերի կտրւածքների միջեւ առկայ է յստակ կապ: Հետեւաբար, ստորերկրեայ ջրերի մակարդակում «Լիդիան»-ի կանխատեսած փոփոխութիւններն իրատեսական չեն, քանի որ աղտոտւած ջուրը շատ աւելի արագ է անցնելու ստորգետնեայ տարածք: Պէտք է նկատել, որ Ամուլսարի ժայռերն, ըստ էութեան, չունեն pH բուֆերային հզօրութիւն, ինչը նշանակում է, որ ջրի թթւայնութիւնը չի կարող նւազել՝ անցնելով ստորգետնեայ տարածքները:

16.13. Մակերեւութային եւ ստորերկրեայ ջրերը փոխկապակցւած են: Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ «Լիդիան»-ի ենթադրութիւնը, որ ծրագրի ամբողջ տարածքում ջրաթափանցելիութեան մակարդակը համահաւասար է, չափազանց պարզունակ մօտեցում է, որը յանգեցնում է ստորերկրեայ յատկութիւնների վատ մոդելաւորման եւ մակերեսային ու ստորերկրեայ ջրերի մասին անվստահելի եզրակացութիւնների: Բացահանքի մոդելաւորման մէջ զգալիօրէն թերագնահատւած են մակերեսային եւ ստորերկրեայ ջրերի հոսքն ու ներթափանցելիութիւնը: ԷԼԱՐԴ-ը եզրափակում է, որ բացահանքերի ճիշտ չգնահատւած ջրազրկումը թերագնահատում է ստորերկրեայ ջրերի եւ մակերեւութային ջրերի վրայ հավանական ազդեցութիւնները: Լուծոյթների փոխադրման համար օգտագործւող սկրինինգի մակարդակի աղիւսակային (վերլուծական) մոդելի կիրառումը համարժէք չէ ծրագրի տարածքի շրջակայ միջավայրի, մասշտաբի եւ բարդութիւնների համար:

16.14. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ կեղտաջրերի մէջ գտնւող ամոնիակի կոնցենտրացիան, ամենայն հաւանականութեամբ, գերազանցում է արտանետման չափանիշը, բայց ամոնիակի մաքրման գործընթացը «Լիդիան»-ը չի քննարկում, բացառութեամբ հակիրճ մեկնաբանութիւնների: Նիտրատների հարցը քննարկւում է մի փոքր աւելի մանրամասն, սակայն անհրաժեշտ ուշադրութեան չի արժանացել: Հետեւաբար, նիտրատների կոնցենտրացիաները նոյնպէս թերագնահատւել են: Նիտրատը եւ ամոնիակը, հաւանաբար, ջրի հիմնական աղտոտողներն են, որոնք մաքրում են պահանջում: Նախագծւած համակարգը կարող է չբաւարարել նիտրատի կամ ամոնիակի մաքրման պահանջներին: Համաձայն ԷԼԱՐԴ-ի՝ «Լիդիան»-ի առաջարկած պասիւ մաքրման համակարգը առաւել նպատակայարմար է փակման եւ փակման փուլերին, մինչդեռ ակտիւ մաքրման համակարգը աւելի նպատակայարմար է գործառնական փուլերի համար:

16.15. ԷԼԱՐԴ-ի վերանայման արդիւնքները ցոյց են տէել, որ «Լիդիան»-ի վերլուծութիւնը չի ներառում թթւային դրենաժին բնորոշ երկաթի եւ ալիւմինի կոնցենտրացիաները: Աւելին՝ թիւ 8 ջրհավաք լճում կանխատեսւող երկաթի կոնցենտրացիաները թերագնահատւում են մէկ միլիոն անգամ: Երկաթի կոնցենտրացիաների անհամապատասխանութիւնն ու բարձր անորոշութիւնը վստահութիւն չեն ներշնչում մոդելում ջրի որակի վերաբերեալ եւ մտահոգութիւն են առաջացնում այլ պարամետրերի որոշակիութեան եւ յուսալիութեան նկատմամբ: Ջրի որակի մոդելաւորումն ունի էական անհամապատասխանութիւններ եւ անորոշութիւններ, որոնք լուրջ մտահոգութիւններ են առաջացնում ջրի որակի կանխատեսումների յուսալիութեան եւ, ի վերջոյ, առաջարկւող պասիւ մաքրման համակարգի իրագործելիութեան ու արդիւնաւէտութեան վերաբերեալ:

16.16. ԷԼԱՐԴ-ը չի կարողացել պարզել, թէ կոյտային տարրալւացման գործողութեան աւարտին ինչ է լինելու մեծ քանակութեամբ ցիանիդ պարունակող օգտագործւած կոյտային տարրալւացման լուծոյթի հետ: Զեկոյցից պարզ չէ, թէ ինչ է լինելու կոյտային լուծոյթի հետ հանքարդիւնաբերական աշխատանքների դադարեցումից անմիջապէս յետոյ:

16.17. Ամուլսարի հանքի փակման ծախսերի հիմքերը եւ գնահատականները վերանայւել են ԷԼԱՐԴ-ի կողմից, եւ եզրակացւել է, որ որոշ ծախսերի գումարները կասկածելի են, իսկ ընդհանուր գումարը կրկնակի թերագնահատւած է:

16.18. ԷԼԱՐԴ-ի եզրակացութիւնն այն է, որ նախագծի ուսումնասիրութեան տարածքի երկրաբանութեան ելակէտային բնութագրումը անբաւարար է, իսկ շրջանի երկրաբանութեան մեկնաբանումը եւ հայեցակարգացումը՝ չափազանց պարզունակ: Բացի այդ՝ բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը ճիշտ չէ: Հիմնական խնդիրը «Լիդիան»-ի կողմից չափազանց շատ գոլորշիացման ենթադրութիւնն է: Ստորերկրեայ ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը յանգեցնում է ստորերկրեայ ջրերի մակարդակների եւ աղբիւրների ազդեցութեան ոչ ճիշտ գնահատման:

16.19. Անդրադառնալով Որոտանի թունելին՝ ԷԼԱՐԴ-ը նախ արձանագրում է, որ ստորգետնեայ ջրերի ուսումնասիրութեան տարածքում առաւել նշանակալից կառոյցը Որոտան թունելն է, որը բետոնապատ կառոյց է եւ անցնում է Սպանդարեան ջրամբարից դէպի Կեչուտի ջրամբար: Սպանդարեան ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում թունելի ելքից ջուր է հոսում, որը վկայում է, որ ստորերկրեայ ջրեր են մտնում թունել: Սեւանայ լիճը եւ Կեչուտի ջրամբարը կապւած են Արփա-Սեւան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղւում է դէպի Սեւանայ լիճ: Որոտանի թունելի արտահոսքի ջրի նմուշները ցոյց են տալիս, որ դրանք նոյն կազմութիւնն ունեն, ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբիւրներն ու ստորգետնեայ ջրերը: «Լիդիան»-ի հաշւետւութիւններում ասւում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրեայ ջրի աւազանը՝ իր երկարութեամբ: Ներկայումս լեռների մակերեսը օքսիդացւած է, եւ սուլֆիդներից ու այլ նիւթերից միայն փոքր մասն է հասնում թունելին՝ անձրեւից կամ ձնհալից: Բայց բացահանքերի փորելուն պէս, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները կը բացւեն, եւ դրանք անձրեւի եւ ձնհալի ջրի հետ կը ներծծւեն գետին: Բացի այդ՝, այս բացահանքերի ներքեւի մասը կը հասնի ստորգետնեայ ջրային աւազանին: Հետեւաբար, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները հեշտութեամբ կը թափանցեն ստորգետնեայ ջրային աւազանը, եւ այնտեղից աղտոտւած ջուրը կը գնայ դէպի Որոտան թունելը, որը նոյնպէս տեղակայւած է նոյն ստորգետնեայ ջրային աւազանում: «Լիդիան»-ը պնդում է, որ աղտոտւած ջրի՝ թունել հասնելու համար 130 տարի կը պահանջւի: Այնուամենայնիւ, այս պնդումը հիմնաւորւած չէ, եւ դրա համար հիմքեր չկան: Աւելին՝ թեստերի արդիւնքները ցոյց են տալիս, որ յորդառատ անձրեւից յետոյ լեռան հիմքում որոշ աղբիւրների կազմը փոխւում է ընդամենը մի քանի օր անց: Այլ կերպ ասած՝ չփորւած գետնի մակերեսով հոսելու դէպքում, ջրին մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Հանքախոռոչի բացւելուն պէս աղտոտումները շատ աւելի արագ կանցնեն ստորգետնեայ ջրային աւազան, եւ դրանց ազդեցութիւնը ակնյայտ կը լինի շատ աւելի արագ: ԷԼԱՐԴ-ը հաստատում է, որ աղտոտւած ջրերը կը հոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սեւանայ լիճ: Այնուամենայնիւ, նրանք պնդում են, որ այդ աղտոտումները զգալիօրէն չեն աղտոտի Սեւանայ լճի ջրերը, ջրամբարի մէջ տարրալուծման եւ Սեւանայ լճի չափի պատճառով: ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Արփա-Սեւան թունելի բեռնաթափման վայրում կը լինեն վնասակար քիմիական նիւթերի կոնցենտրացիաներ: Սա այն դէպքում, երբ Սեւանայ լիճը պաշտպանւած է Հայաստանի օրէնսդրութեամբ, ըստ որի՝ թոյլ չի տրւում որեւէ գործունէութիւն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի եւ նրա էկոհամակարգի վրայ:

Ամփոփում եւ առաջարկութիւններ

17. Ամուլսարի ծրագիրը մասնագիտական ու հանրային լայն շրջանակների մօտ չի ձեւաւորել անհրաժեշտ համոզւածութիւն, որ ծրագրի իրագործումը չի առաջացնի գործնականում անյաղթահարելի խոչընդոտներ:

18. Իր կենսական կարեւորութեամբ Ամուլսարի տարածքում բազմամետաղ հանքավայրի շահագործումը պարունակում է ռիսկեր, որոնց անկառավարելիութիւնը յանգեցնելու է անդառնալի հետեւանքների: Չկայ տնտեսական առաջընթաց, սոցիալական ներառականութիւն եւ համայնքների զարգացում, երբ շրջակայ միջավայրի եւ նրա առանձին օբիեկտների՝ օդային ու ջրային աւազանի, կենսաբազմազանութեան, հողի եւ լանդշաֆտի աղտոտումը (թունաւորումը) եւ, ի վերջոյ, մարդկանց առողջութեանը սպառնացող վտանգները չափազանց մեծ են:

19. Հիմնւելով տեղական եւ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից նշւած ռիսկերի եւ դրանք իր ուսումնասիրութեամբ հաստատած ԷԼԱՐԴ ընկերութեան կողմից տրւած եզրակացութիւնների վրայ՝ ներկայ փուլում ծրագիրը չի կարող շարունակւել:

20. Հարկ է պատշաճ կառավարելի եւ վերահսկելի դարձնել ներկայումս Ամուլսարի հանքավայրում ընթացքող քիմիական պրոցեսները: Այս նպատակով հանքավայրի շահագործման թոյլտւութիւն ստացած կազմակերպութիւնը եւ պետական լիազօրւած մարմինը պարտաւոր են կատարել շարունակական մշտադիտարկում՝ փաստելու ներկայ իրավիճակը եւ վնասների չափը, բացայայտելու այդ պրոցեսների կառավարելիութիւնը եւ ներկայացնելու դիտարկւող ցուցանիշները:

21. Մինչեւ վերը նշւած հարցերին սպառիչ պատասխաններ տալը հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները չեն կարող շարունակւել: Դրանք հղի են անկառավարելի ռիսկերով:

22. Ամուլսարի՝ որպէս հանքավայրի շահագործման հարցը թէեւ դուրս է եկել զուտ մասնագիտական տիրոյթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխօսութիւնն ու քննարկումները՝ հիմնւած վերը նկարագրւած գործընթացների արդիւնքային ցուցանիշների վրայ: Հարցի վճռահատումը պէտք է իրականացւի հանրաքւէի միջոցով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։