Հա

Ազգային

15/09/2019 - 11:40

Իշխանութիւնն ատում է հերոսականը

Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

2019 թ. օգոստոսի վերջին համացանցն արագօրէն ողողւեց Երեւանի երաժշտական թիւ 13 յատուկ  դպրոցի տնօրէն Սամուէլ Երանեանի՝ տնօրէնի պաշտօնից հեռացման մասին լուրերով:

Սամուէլ Երանեանը պաշտօնից ազատւել է ԿԳՄՍ նախարարութեան հրամանով: Նա Արցախեան պատերազմի եւ Ապրիլեան քառօրեայի մասնակից է, երգահան, հայրենասիրական երգերի կատարող, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ: Այն, որ Սամուէլ Երանեանի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի, կասկածից վեր է: Հարցազրոյցներից մէկում նախկին տնօրէնը նշել է, որ իր հեռացումը վաղուց էին պլանաւորում, եւ արդէն յստակ էր, թէ ով է իրեն փոխարինելու:

2018 թ. դեկտեմբերից մի քանի ստուգումներ էին իրականացւել դպրոցում, մի քանի խախտումներ էին յայտնաբերւել, ինչի հետ դպրոցի՝ արդէն նախկին տնօրէն Սամուէլ Երանեանը համաձայնել էր: Խախտումներից էր, օրինակ, 2003 թ. կանոնադրութեամբ աշխատելը (դպրոցը բազմիցս դիմել էր նախարարութիւն՝ նոր կանոնադրութեան համար, սակայն դպրոցի՝ յատուկ կարգավիճակ ունենալու պատճառով նոր կանոնադրութիւն չի հաստատւում): Բացի այդ՝ 2019 թ. մայիսին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնեանը պատգամաւորներ Հրաչեայ Յակոբեանի (Աննա Յակոբեանի եղբայրը) եւ Սարգիս Խանդանեանի հետ, առանց փաստերը ճշտելու, մտել էին դպրոց եւ դպրոցի տնօրէնին յայտնել, որ ահազանգ են ստացել: Ըստ նրանց՝ Երանեանը դպրոցը կուսակցականացրել էր եւ ուսուցչանոցում նոր Հոկտեմբերի 27-ի կոչ արել:

Սամուէլ Երանեանի փոխարէն դպրոցի պաշտօնակատար էր նշանակւել Վաղարշակ Պեպանեանը, որը դպրոցի փոխտնօրէններից չէ, ինչն արդէն օրէնքի խախտում է: Կառավարութեան՝ 2018 թ. որոշմամբ՝ տնօրէնի ազատման դէպքում պաշտօնակատար է նշանակւում փոխտնօրէններից մէկը, եւ միայն փոխտնօրէնների նշանակման անհնարինութեան դէպքում է այլ անձ նշանակւում: Դպրոցի ուսուցիչները ԿԳՄՍ փոխնախարար Լուսինէ Առաքելեանից պարզաբանում էին պահանջել, թէ ինչո՞ւ դպրոցի 4 փոխտնօրէններից որեւէ մէկը չի նշանակւել տնօրէնի պաշտօնակատար: Փոխնախարարը մէջբերել էր 2003 թ. կանոնադրութեան 40-րդ կէտը: Այսինքն՝ այն կանոնադրութիւնը, որի համար Սամուէլ Երանեանը նկատողութիւն էր ստացել, իշխանութիւններն օգտագործում են իրենց «մարդուն» նշանակելու համար:

Այսօր լրագրողների հետ զրոյցում Սամուէլ Երանեանը յայտնեց, որ ԿԳՄՍ խորհրդական Գոհար Մամիկոնեանին, որը դպրոցի տնօրէնի նոր պաշտօնակատարի հետ դպրոց էր եկել, հարց էին ուղղել, թէ ինչո՞ւ փոխտնօրէններից ոչ մէկը չի նշանակւել պաշտօնակատար, նա պատասխանել էր, որ փոխտնօրէնները նոյնպէս մասնակից են եղել տնօրէնի կատարած չարաշահումներին:

«Փոխտնօրէնները բացատրութիւն են պահանջել, թէ այդ ի՞նչ չարաշահումների մէջ են մեղադրվում, որոնք անհնարին են դարձել իրենց՝ տնօրէնի պաշտօնակատար նշանակումը: Յաջորդ օրը Գոհար Մամիկոնեանն աուդիտ իրականացրած երկու հոգու հետ դպրոց է գալիս, որպէսզի բացատրեն, թէ ինչու է անհնարին, բայց այդ մարդիկ ասում են, որ լեզւի սայթաքում է եղել: Այսինքն՝ եթէ լեզւի սայթաքում է, ուրեմն պէտք է վերանար փոխտնօրէնների՝ պաշտօնակատար դառնալու անհնարինութիւնը: Վաղարշակ Պեպանեանին նշանակում են օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 10-ին այլ պաշտօնակատար են նշանակում, քանի որ Պեպանեանը, ի պատիւ իրեն, հասկացաւ, որ դա իր տեղը չէ»,- ներկայացրեց նա:

Սամուէլ Երանեանն անհանգստութիւն յայտնեց նաեւ, որ դպրոցի աշխատանքն է պարալիզացւել՝ ուսուցիչները չեն ստացել օգոստոսի աշխատավարձը, դասացուցակ չի կազմւել, իսկ առաջին պաշտօնակատարին 15 հոգու ցուցակ են տւել, որոնց պէտք է ազատել աշխատանքից:

Այն, որ նախարարութիւնը ոչ մի յստակ պարզաբանում չի տալիս, ապացուցում է, որ այս ամէնը հետեւողականօրէն է իրականացւում՝ դպրոցում «սեփական» տնօրէն նշանակելու համար: «Նոր Հայաստանում» «հների» ոճը որդեգրելը ցոյց է տալիս ներկայիս իշխանութիւնների իրենց՝ թէկուզ ոլորտից անծանօթ կադրերին ամէն գնով առաջ տանելու ցանկութիւնը, եւ յաճախ, ցաւօք, այնպիսի մարդկանց հաշւին, որոնք ամէն պարագայում երբեք երես չեն թեքի հայրենիքից եւ ցանկացած պահի դարձեալ իրենց կեանքը կը դնեն հայրենիքի զոհասեղանին:

 

Արգամ Եղիազարեան

Yerkir.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։