Հա

Ազգային

21/09/2019 - 13:40

Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

Այս հարցերին պատասխանելուց առաջ, նախ պէտք է փաստել մէկ կարեւոր հանգամանք, որը էապէս ազդում է ներկայ իշխանութիւնների վարքագծի վրայ. եթէ Հայաստանում նախորդ իշխանափոխութիւնները կատարւել են քաղաքական միեւնոյն ճամբարում, ապա այս իշխանափոխութեան արդիւնքում «գահին» է յայտնւել մէկը, ով ոչ միայն այդ ճամբարից չէ, այլ առանձնայատուկ հակադրւած է այդ թիմին՝ ե՛ւ քաղաքական ե՛ւ անձնական առումներով: Եւ եթէ նախորդ իշխանափոխութիւնների ժամանակ կարիք չի եղել պետական համակարգում եւ հասարակական ընկալումներում կատարել կադրերի եւ գաղափարների էական փոփոխութիւններ, այս պարագայում խնդիրն արմատապէս տարբեր է.
գործող իշխանութիւնը պետական համակարգում չունի կայուն եւ փորձառու յենարան, ինքը եւս չունի փորձառու կադրեր, իսկ հասարակական ընկալումներում նախկին հեղինակութիւններին փոխարինելու է եկել մէկ «հերոսը», որը «մէկ խօսափողից» փորձում է թելադրել իր կամքը՝ ձգտելով ոչնչացնել նախկին հեղինակութիւններին ու գաղափարները:

Այս իրավիճակը ստեղծել է կառավարման, արժէքային եւ վստահութեան ճգնաժամ՝ երկիրը պահելով ցնցումային վիճակում: Եթէ մի կողմ թողնենք հանրահռչակւած նպատակներն ու լոզունգները, կը տեսնենք, որ իշխանութիւնը խնդիր է դրել կառավարման բոլոր թելերը հաւաքել իր ձեռքում, երկրում դառնալ իրական եւ ամբողջական կառավարող ուժ եւ դա ծառայեցնել ոչ միայն ներկային, այլեւ՝ ապագային՝ հնարաւորինս երկարացնելով իր իշխանութեան կեանքը:

 

Եւ այս բնական եւ բնազդային ձգտումները թելադրում են նրան՝

  1. պետական համակարգից «ապամոնտաժել» նախկին իշխանութեանը,
  2. վերացնել, կամ առնւազն էապէս թուլացնել հիմնական մրցակիցներին,
  3. վարկաբեկել «նախկին» հերոսներին եւ արժէքները,
  4. ստեղծել նոր «հերոսներ» եւ արժէքներ՝ ներմուծելով հասարակութիւն,
  5. կենտրոնացւած պահել իշխանութիւնը՝ ներկայում եւ մօտ ապագայում՝ քաոսը ցանկալի կերպով կառավարելու համար:

Սա, փաստացի, անտագոնիստական ռազմավարութիւն է, որը հասարակութիւնը, իրապէս, բաժանել է «սեւերի ու սպիտակների». «սպիտակները», իշխանական ընկալումներում, իրենք են ու իրենց աջակիցները, իսկ «սեւերը»՝ մնացած բոլորը, որոնք իրենց ճամբարում չեն՝ անկախ նրանից առնչւել են նախորդ իշխանութիւնների հետ, թէ՝ ոչ:

Հասարակութիւնը, իրականում երկփեղկւած է 2 գրեթէ հաւասար մասի եւ այս 2 մասերի շարժիչ ուժերը շտապում են ժամանակն աշխատեցնել իրենց օգտին: Իշխանութիւնը հասկանում է, որ աստիճանաբար իր հանրային աջակցութիւնը նւազելու է, քանզի հասարակական մեծ ակնկալիքների բաւարարումը գրեթէ անհնարին է եւ առաջիկայում էական փոփոխութիւններ չեն կատարւելու, հարուստների ու աղքատների յարաբերակցութիւնն էապէս չի փոխւելու եւ միջին խաւի վիճակը եւս էապէս չի բարելաււելու: Ընդհակառակը, կարող է սկսւել աղքատացման եւ արտագաղթի նոր ալիք:

Հասարակական աջակցութեան նւազումն իշխանութիւնը կարող է լրացնել միայն իշխանական համակարգում ուժեղանալով, հակառակ պարագայում կը զրկւի ե՛ւ հանրային աջակցութիւնից ե՛ւ իրական իշխանութիւնից: Ընդդիմութիւնը, իր հերթին, հասկանում է, որ իշխանութեան ուժեղացումը կատարւում է իր հաշւին եւ փորձում է տարբեր հարթութիւններում կազմակերպել դիմադրութիւններ՝ այս կամ այն չափով խափանելով իշխանութեան ուժեղացումը կառավարման եւ հանրային օղակներում: Ընդ որում՝ ընդդիմութիւնը կազմւած չէ միայն նախկին իշխանութիւններից, այն բազմաշերտ է. նրա մէջ էական թիւ են կազմում այն քաղաքացիները, որոնք նախկին իշխանութիւնների հետ չեն եղել եւ ներկայ ընդդիմութեան հետ էլ չեն, սակայն տարբեր պատճառներով չեն վստահում ներկայ իշխանութիւններին:

Ընդդիմութիւնը փորձում է ամէն գնով պաշտպանել իր հեղինակութիւններին եւ կենսունակ գաղափարները՝ հասկանալով, որ դրանք թիրախաւորւած են տարբեր կողմերից: Արժէքների եւ լծակների պատերազմն ամէն օր եւ ամենուր է: Կարծէք, երկրի ներքին կայունութիւնն անցանկալի է կողմերի դերակատարներից մեծ մասի համար, քանզի իշխանութիւնն անկայունութիւնը հրահրում եւ օգտագործում է նախկին իշխանութեան «ապամոնտաժման», իր կադրերի տեղաւորման եւ արժէքների հաստատման համար՝ օգտագործելով իր իրական իշխանութիւնն ու հանրային աջակիցներին, իսկ ընդդիմութիւնն անկայունութիւնը փորձում է կառավարել՝ թոյլ չտալով նոր իշխանութիւններին ուժեղանալ, կառավարման բոլոր թելերը կենտրոնացնելով իր ձեռքերում՝ պետական համակարգից դուրս մղելով իր կադրերին ու աջակիցներին, ինչպէս նաեւ հարւածել իր հեղինակութիւններին ու դաւանած արժէքներին:

Այս մարտավարութիւնը, նախկին իշխանական մեծամասնութեան համար ունի նաեւ ինքնապաշտպանական նշանակութիւն, քանզի հարւածներն ունեն հեղինակազրկման, արժեզրկման, սեփականազրկման, ընդհուպ մինչեւ ազատազրկման եւ փախուստի բնոյթ: Գործող իշխանութիւններն այս մարտավարութիւնը կիրառում են յախուռն, երբեմն չկշռադատւած ու ոչ միշտ օրինական ճանապարհով՝ «յետոյին» թողնելով սրբագրումներն ու արդարացումները: Այս սայթակումները մեծացնում են նրանց «աքիլեսեան գարշապարի» տեսանելիութիւնն ու մակերեսը, սակայն կարծէք, նրանց դուր է գալիս կրակի վրայ իւղ լցնելն ու «փողոցային» տրամադրութիւնների ու մարտավարութեան երկարաձգումը:

Իշխանական գործիչների զգալի մասը ցանկանում է երկարաձգել վարչապետի «կախարդական փայտիկի» հմայքն ու կեանքը՝ յարմարաւէտ թաքնւելով դրա յետեւում՝ չստանձնելով որեւէ էական պատասխանատւութիւն:

Ստեղծւած իրավիճակն ունի մի կարեւոր առանձնայատկութիւն եւս. իշխանութիւնը յայտնւել է անփորձների ձեռքում, իսկ նրանց հակառակորդներն ու մրցակիցներն ունեն քաղաքական, պետականաշինութեան եւ մասնագիտական երկար տարիների փորձառութիւն: Նրանց մի մասն ունեն նաեւ ֆինանսա-տնտեսական մեծ կարողութիւններ՝ երկար շնչի վրայ պայքարը կազմակերպելու համար: Նրանք Արցախեան պայքարի եւ նորօրեայ պետականութեան կերտողներն են, իսկ իշխանութեան եկած քաղաքական ակտիւիստներն ու լրագրողները փորձում են մեկուսացնել ու ոչնչացնել նրանց: Քաղաքական սերնդափոխութիւնը, ցաւօք, ստացել է անցեալի գունազրկման եւ ոչ սրբագրման բնոյթ:

Իշխանութիւնները, փաստացի, իրենց գործողութիւններով հրահրել են իրական թշնամանք եւ ստիպւած են կառավարումն իրագործել այսպիսի անբարենպաստ պայմաններում: Նրանք ամէն օր արթնանում են «պալատական յեղաշրջում» ապրածի մտայնութեամբ՝ շրջապատում որոնելով «դաւադիրներին» ու «դաւաճաններին»: Խորքում նրաք հասկանում են, որ ռազմի դաշտով ու քաղաքական պայքարի 30-ամեայ թոհուբոհով անցած անձանց դժւար է բաց «ճակատամարտում» անընդհատ ճնշւած պահելը, սակայն «յեղափոխական» ինքնարժեւորումն ու ինքնահաստատումը նրանց թելադրում է առաջ շարժւել ոչ թէ սեփական ձեռքբերումներով, այլ անցեալի հաշւին…ու ոչ միայն անցյալի սխալների հաշւին, այլ անցեալն ամբողջութեամբ «սեւ խոռոչ» դիտարկելու միջոցով: Կրկնելով «նախկին տիրակալին կախաղան հանելու» եւ «յիշատակարանները սրբագրելու» պատմական աննախանձելի փորձը, նորերը ցանկանում են վերաշարադրել պատմութիւնը՝ արդարացնելով իրենց առաքելութիւնն ու նախկին, ներկայ եւ սպասւող գործողութիւնները:

 

Այս ամենից կարող ենք եզրակացնել՝.

  1. Հայաստանի ներքին անկայունութիւնը ունի աւելի բորբոքւելու եւ սրւելու միտում, քանզի կողմերի համար իրադրութիւնը ծայրայեղ հակադրման բնոյթ է ստացել,
  2. կայունութեան հաստատման համար կողմերն իրական որեւէ քայլ չեն ձեռնարկում, իսկ ձեռնարկողներին փորձում են մի կողմ թողնել ու անտեսել,
  3. արժէքների եւ ազդեցութեան դիրքային պատերազմն էապէս վնասում է երկրի գրաւչութեանը, ներդրումային միջավայրին՝ խթանելով աղքատութիւնն ու արտագաղթը,
  4. ներքին անկայունութիւնը խթանւում է եւ կը շարունակի խթանւել արտաքին ուժերի կողմից. Աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնները բաւարարւած չեն իրավիճակով. գործընթացը ճանապարհին է եւ լիարժէք յաղթողներ ու պարտւողներ դեռ չկան,
  5. երկրում կը խորանայ կառավարման ճգնաժամը՝ անփորձ կադրերի ու անհեռանկար համակարգային փոփոխութիւնների, գուցէեւ արմատականօրէն տրամադրւած ընդդիմադիր ուժերի պատճառով,
  6. արժէքային պատերազմը նոր դրսեւորումներ կունենայ՝ ազգային ուժերին մղելով առաւել համախմբման,
  7. ընդդիմութիւնը կը ստեղծի համախմբման ինստիտուցոնալ նոր գործիքներ՝ հիմնականում ազգային արժէքները պաշտպանելու, Արցախեան հարցում զիջումներ թոյլ չտալու եւ պետական համակարգը չփլուզելու լոզունգներով,
  8. իշխանութիւնը կը զրկւի հանրային աջակիցների մեծ բանակից. այս ընթացքով, ցաւօք, «հպարտ քաղաքացիներն» արագ կը վերածվեն «խաբւած քաղաքացիների»,
  9. իշխանութեանը կարող է յաջողւել պետական համակարգում բարելաւել իր դիրքերը, բայց ոչ հեռու ապագայում, հաւանաբար, կը յայտնւի նախկին իշխանութեան դիրքում՝ ունենալով իշխանական լծակների մեծ զինանոց, բայց հանրային թոյլ աջակցութիւն,
  10. այս ամէնը կարող են յանգեցնել խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների, ինչն էապէս կը պարպի լարւածութիւնը եւ կը հաստատի ներդաշնակ եւ քաղաքակիրթ մրցակցութեան մթնոլորտ:

Որպէս այլընտրանքային, բայց աւելի քիչ հաւանական սցենարներ կարող են լինել կողմերից որեւէ մէկի էական ուժեղացումն ու լիարժէք իրադրութեան տեր դառնալը: Ընդդիմութեան էական ուժեղացումը կարող է յանգեցնել արտահերթ ԱԺ ընտրութիւնների աւելի շուտ կայացմանը, իսկ իշխանութեան ուժեղացման պարագայում երկիրը կը շպրտի անցեալ եւ կը սկսւի երկարատեւ դիմակայութեան նոր շրջան՝ նման նախորդ 28 տարիներին: Այս դէպքում ընտրութիւնների ճանապարհով ընդդիմութիւնը կը շարունակի զրկւած մնալ իշխանութեան հասնելու հնարաւորութիւնից: Նկատենք, որ գործող իշխանութիւնները եւս ընտրւեցին իշխանութիւն լինելու կարգավիճակում՝ չխախտելով աւանդոյթը՝ «Հայաստանի ընտրութիւններում միշտ յաղթում է իշխանութիւնը»:

Ամէն պարագայում, պետութեան համար լաւագոյն լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն են, քանզի գործող խորհրդարանն իր ներուժով չափազանց թոյլ է, իսկ խորհրդարան չանցած ուժերը չափազանց փորձառու են, նրանցն է հիմա փողոցային պայքարի դրոշը, իսկ այդ պայքարում նրանք պակաս փորձառու չեն: Միանձնեայ՝ ամբողջական պատասխանատւութեամբ յաջողելու համար գործող իշխանութիւնների ներուժը սահմանափակ է եւ նրանք ստիպւած կը լինեն գնալու փոխզիջման, այլապէս միայնակ կը ձախողւեն:

 

20.09.2019 թ.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։