Հա

Ազգային

08/10/2019 - 11:00

«4.9 տոկոս տնտեսական աճը յեղափոխական չէ». Արթուր Խաչատրեան

«Յեղափոխական» հռչակւած տնտեսական ծրագիրը դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ անդամ Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - «Յեղափոխական» հռչակւած տնտեսական ծրագիրը դանդաղեցրել է երկրի տնտեսական աճը՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ անդամ Արթուր Խաչատրեանը:

«WCIT 2019» համաշխարհային համաժողովին Նիկոլ Փաշինեանի հնչեցրած կանխատեսումը, թէ տնտեսական յեղափոխութիւնը կը յանգեցնի տեխնոլոգիական յեղափոխութեան, քանի որ այս պահին տպաւորիչ՝ 7 տոկոս տնտեսկան աճ ունենք, Արթուր Խաչատրեանի ժպիտն առաջացրեց:

Փաստ է, որ 7 տոկոս տնտեսական աճը յեղափոխական չէ, ասաց նա. «2020 թ.-ի բիւջէով նախատեսւած 4.9 տոկոս տնտեսական աճն աւելի ցածր է, քան նախորդ 3 տարիներինը. 2017 թ.-ին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ, այս տարւայ կանխատեսումներով՝ 6.3 տոկոս տնտեսական աճ ունենք, իսկ 2020 թ.-ի համար նախատեսւում է 4.9 տոկոս տնտեսական աճ»:

Նա նաեւ արձանագրեց, որ Հայաստանի նախորդ բոլոր կառավարութիւններն են խօսել երկիրը բարձր տեխնոլոգիական պետութիւն դարձնելու մտադրութեան մասին. 25 տարի իրար յաջորդող բոլոր կառավարութիւններն ինչ-որ բան արել են ՏՏ ոլորտի աճին նպաստելու համար: Նոյնիսկ «հակայեղափոխական ռեպրեսիւ» կառավարութեան ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերութիւնը բացւեց՝ համաշխարհային այդ ընկերութիւնը աշխարհում երկրորդ կամպուսը Հայաստանում ստեղծեց. «Այսինքն, զարգացումը շարունակական բնոյթ ունի»:

Արթուր Խաչատրեանը նաեւ փաստեց, որ ներդրումները նւազել են, քանի որ ոչ մէկը չի ցանկանայ ներդրումներ անել մշտական յեղափոխականութեան պայմաններում: «Այնպէս որ, «պերմանենտ յեղափոխականութիւնը», որը բրենդ է դարձել, միգուցէ պէտք լինի դրանից մի քիչ յե՞տ քաշւել»,- առաջարկեց նա:

«Մանաւանդ, հաշւի առնելով օրէնսդրական այն նախաձեռնութիւնները, որոնցով կառավարութիւնը հանդէս է գալիս. օրինակ՝ բանկային գաղտնիքը բացայայտելու մասին օրէնքը, ապօրինի հարստացման դէմ պայքարելու քողի տակ՝ մարդուն ստիպելը, որ ինքն ապացուցի իր գոյքի օրինականութիւնը, փոխանակ պետութիւնը, անմեղութեան կանխավարկածով առաջնորդւելով, ապացուցի, որ այն ապօրինի է եւ այլն»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը:

Աշխարհում չկայ տնտեսութիւն, որի յոյսը միայն ՏՏ-ն լինի՝ ասաց նա, ԱՄՆ-ում, Իսրայէլում, Իռլանդիայում ՀՆԱ-ի մի քանի տոկոսն է այդ ոլորտից գոյանում. «Չի կարելի ակնկալել, որ Հայաստանը յանկարծ այնքան հզոր կը լինի, մեզ մօտ այնքան ծրագրաւորողներ կը լինեն, որոնք կապահովեն տնտեսական այնպիսի աճ, որ ՏՏ-ն դառնայ տնտեսութեան հիմնական ճիւղը: Կարող է առաջաւոր ճիւղը դառնալ, բայց որ ամենամեծ աճը գեներացնի՝ այնքան էլ ճիշտ չէ»:

Նաեւ բաշխման խնդիրը պէտք է լուծւի. ասենք, գիւղատնտեսութիւնը, հնարաւոր է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով աւելի փոքր աճ գեներացնի, բայց այն կեանք է տալիս 100 հազարաւոր գիւղացիների: «Ակնկալել, որ 400 հազար հոգի Հայաստանում երբեւիցէ կը զբաղւի ՏՏ-ով, քնարերգութեան բնագաւառից է՝ «դրախտ-դժոխքի» ժանրից»,- ասաց նա:

Հայաստանը տաղանդաւոր մարդկանց համար դրախտ դարձնելու մասին Փաշինեանի խոստմանն անդրադառնալով, Արթուր Խաչատրեանն ասաց՝ փաստ է, որ դրախտում չենք ապրում. «Եթէ դառնայ, շատ լաւ կը լինի, որովհետեւ անկախ նրանից՝ ով է իշխանութիւն, ով՝ ընդդիմութիւն, բոլորս էլ ուզում ենք դրախտում ապրել: Բայց նախ՝ ես այդ ժողովրդական քնարերգութիւնը շատ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «դառնում է դրախտ»: Թւերի լեզւով պէտք է խօսենք, որովհետեւ «դրախտ-դժոխքին» մարդ կայ՝ հաւատում է, մարդ կայ՝ չի հաւատում, մարդ էլ կայ՝ «ռեինկարնացիային» է հաւատում: Յստակ պէտք է ասենք՝ մենք ինչի ենք ուզում գնալ եւ ինչ քայլեր ենք դրա համար անում»:

Հայաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդիւնքներն Արթուր Խաչատրեանը ամփոփեց մտավախութեամբ՝ լաւ է որ սահմանները բաց լինեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլեւ Իրանի եւ Սինգապուրի միջեւ, բայց պէտք է նաեւ հաշւի առնել, որ պայմանաւորւածութիւններ կան, որոնք մեզ բաւականաչափ խոցելի են դարձնում: Նա առանձնացրեց Իրանի հետ գիւղատնտեսական ապրանքների առեւտրի վերաբերեալ պայմանւորւածութիւնը. «Առանց այդ էլ մեր գիւղատնտեսական շուկան շատ խոցելի է, գիւղատնտեսութեան դոտացիաները շատ փոքր են, հիմա եթէ մենք նաեւ մաքսերը բարձրացնենք Իրանից, ապա մեր գիւղացիները բաւականաչափ ծանր վիճակում են յայտնւում»: Իբրեւ լուծում նա առաջարկեց գոնէ սուբսիդաւորել գիւղացիների աշխատանքը, ոչ միայն գումար տրամադրել, այլեւ օգնել, որ աւելի բարձրարժէք եւ էժան արտադրանք տան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։