Աշխարհի խոշորագոյն սոցկայքի՝ «Facebook»-ի համահիմնադիր ու գործադիր տնօրէն Մարկ Ցուկերբերգը յայտարարել է, որ ցանկանում է մոլորակի հեռաւոր անկիւններն ապահովել ինտերնետ կապով արեւի էներգիան կլանող հսկայական անօդաչու թռչող սարքերի միջոցով:
«alikonline.ir» - Աշխարհի խոշորագոյն սոցկայքի՝ «Facebook»-ի համահիմնադիր ու գործադիր տնօրէն Մարկ Ցուկերբերգը յայտարարել է, որ ցանկանում է մոլորակի հեռաւոր անկիւններն ապահովել ինտերնետ կապով արեւի էներգիան կլանող հսկայական անօդաչու թռչող սարքերի միջոցով: Գրում է «tert.am»-ը:
Ինչպէս նշում է «The Independent»-ը, այդ նպատակով «Facebook» ընկերութիւնը ստեղծել է «Aquila» կոչւող անօդաչուն, որի 2-րդ փորձնական թռիչքը վերջերս է իրականացւել ու յաջող ընթացք ունեցել:
Աղբիւրը մանրամասնում է, որ «Boeing 737»-ի թեւերի բացւածքի մեծութիւնն ունեցող «Aquila»-ն 1 ժամ 46 րոպէ շարունակ թռել է աւելի քան 900 մ. բարձրութեան վրայ:
«Երբ «Aquila»-ն վերջնական տեսքի գայ, այն իրենից կը ներկայացնի արեւային էներգիայով գործող անօդաչուների խումբ, որն ամբողջ աշխարհը կապահովի ինտերնետ կապով: Այսօր աշխարհի բնակչութեան կէսից աւելին՝ 4 մլրդ. մարդ, դեռեւս ինտերնետ-հասանելիութիւն չունի: Մի օր «Aquila»-ն կը փոխի դա»,- ասել է Ցուկերբերգը:
Նշւում է, որ «Aquila»-ն թռչում է ինքնուրոյն, սակայն անհրաժեշտութեան դէպքում այն հնարաւոր է կառաւարել նաեւ մարդու կողմից:
«Facebook»-ի նպատակն է, որ անօդաչուն կարողանայ բարձրանալ 20 կմ.-ի վրայ ու նոյն տարածքում մնայ մի քանի ամիս եւ տւեալ տեղանքի բնակիչներին ապահովի ինտերնետ կապով: