Հա

Այլ

19/07/2017 - 13:30

Հետազօտութիւն. «Ընկուզեղէնի օգտին մսից հրաժարւելը կօգնի աւելի երկար ապրել»

 Օրական մսի ընդամենը մէկ բաժինը մէկ բուռ ընկոյզով փոխարինելը 17 տոկոսով նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը: Այս մասին յայտնում են Օհաեոյի համալսարանի առողջ սնւելու ոլորտի փորձագէտները:

«alikonline.ir» - Օրական մսի ընդամենը մէկ բաժինը մէկ բուռ ընկոյզով փոխարինելը 17 տոկոսով նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը: Այս մասին յայտնում են Օհաեոյի համալսարանի առողջ սնւելու ոլորտի փորձագէտները: Գրում է «news.am»-ը:

Նրանց խօսքով` եթէ մարդու սննդակարգը ընդամենը 20 տոկոսով բարելաււի, դա վաղաժամ մահւան հաւանականութիւնը կը կրճատի 8-17 տոկոսով: Այս էֆեկտին հասնելու համար բաւական է ընդամենը մսի մէկ բաժինը փոխարինել մէկ բուռ ընկոյզով կամ մէկ ճաշի գդալ գետնընկոյզի իւղով: Հետազօտութեան հեղինակներն ընդգծում են, թէ ամենեւին պարտադիր չէ, որ մարդիկ առողջութեան դրական հետեւանքների հասնելու համար արմատականօրէն հրաժարւեն սովորական սննդակարգից: Սակայն անհրաժեշտ է յիշել, որ առողջ սննդակարգը պէտք է բաւարար քանակութեամբ մրգեր, բանջարեղէն, հատիկաբոյսեր, ընկուզեղէն եւ լոբազգիներ պարունակի, իսկ ահա կարմիր ու մշակւած մսի, քաղցր ըմպելիքների ու բարձրզտման ենթարկւած հատիկաբոյսերի, օրինակ` ցորենի եւ սպիտակ բրինձի օգտագործումը ցանկալի է նւազեցնել մինչեւ նւազագոյն քանակ:

Օհաեոյի համալսարանի գիտնականներն իրենց հետազօտութեան մէջ ներգրաւել էին 30-ից մինչեւ 55 տարեկան 48 հազար կանանց եւ 40-ից մինչեւ 75 տարեկան գրեթէ 26 հազար տղամարդկանց: Հետազօտութեան բոլոր մասնակիցները դիտարկումների մեկնարկի պահին հարցաշար են լրացրել, այնուհետեւ դա կրկնել են իւրաքանչիւր 4 տարին մէկ: Դիտարկումներն ընդհանուր առմամբ շարունակւել են 12 տարի: Հարցաշարերով պարզւել է, թէ հետազօտութեան մասնակիցներն անցած տարում որքան յաճախակի են օգտագործել այս կամ այն սննդամթերքը: Երբ գիտնականները ստացած տւեալները համադրել են, ապա նկատել են, որ սննդակարգում նոյնիսկ աննշան փոփոխութիւնները վաղաժամ մահւան հաւանականութիւնը նւազեցնում են:

Սակայն եթէ մարդիկ սննդակարգի աւելի ծաւալուն փոփոխութիւն են կատարել եւ անցել միջերկրածովեան դիետային, որը մեծ քանակութեամբ ծովամթերք, բանջարեղէն եւ ձիթապտղի իւղ է պարունակում, ապա քրոնիկական հիւանդութիւնների առաջացման եւ վաղաժամ մահւան հաւանականութիւնը է´լ աւելի է նւազել: Սա նկատւել է նոյնիսկ հաշւի առնելով այլ գործօնները, ինչպիսին են` ֆիզիկական ծանրաբեռնւածութիւնները եւ վնասակար սովորութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։