Հա

Այլ

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 12:10

Առաջիկայ օրերի «աստղային անձրեւ»-ը հնարաւոր կը լինի դիտել աշխարհի տարբեր կողմերում

Պերսէիդների ասուպային հոսքն առաւել վառ տեսանելի կը լինի օգոստոսի 13-ի գիշերային երկնակամարում: Մոլորակի բնակիչները կարող են ականատես դառնալ տիեզերական հետաքրքիր տեսարանի՝ ոչ ամպամած եղանակի պայմաններում աշխարհի տարբեր կողմերում կարելի է տեսնել ժամում մինչեւ 150 ընկնող ասուպ:

«alikonline.ir» - Պերսէիդների ասուպային հոսքն առաւել վառ տեսանելի կը լինի օգոստոսի 13-ի գիշերային երկնակամարում: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մոլորակի բնակիչները կարող են ականատես դառնալ տիեզերական հետաքրքիր տեսարանի՝ ոչ ամպամած եղանակի պայմաններում աշխարհի տարբեր կողմերում կարելի է տեսնել ժամում մինչեւ 150 ընկնող ասուպ: «Եղանակային լաւ պայմանների դէպքում երկնքում հնարաւոր կը լինի տեսնել րոպէում 2-3 ընկնող ասուպ»,- նշել են Միջազգային երկնաքարային կազմակերպութիւնից:

Պերսէիդների ասուպային հոսքի կենտրոնը գտնւում է Պերսէոս համաստեղութեան ուղղութեամբ եւ աստղագիտութեան մէջ կոչւում է ասուպային հոսքի ռադիանտ: Առաւելագոյն փուլի ժամանակ ասուպների թիւը հասնում է ժամում 60-100-ի: Պերսէիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք նկատելի հետքեր են թողնում:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժւելով հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրւում են եւ «ընկնող աստղեր» յիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչեւ մի քանի վայրկեան երեւալ երկնակամարի վրայ: Այս դէպքում հոսքը պայմանաւորող երկնաքարերի խումբն առաջացրել է Սվիֆթ-Թատլի գիսաւորը:Սովորաբար երկնաքարերը շատ փոքր են (աւազահատիկների եւ մանր քարերի չափերի), եւ մի քանի հարիւր կմ/վրկ արագութիւններով մտնելով մթնոլորտ նրանք ամբողջովին այրւում են` չհասնելով Երկրի մակերեւոյթին, եւ միայն հազւագիւտ դէպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրայ, ինչը կարող է տեղական աղէտ առաջացնել:

Ընդհանրապէս ասուպներ կարող են դիտւել ամէն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիւը կտրուկ աւելանում է, ինչպէս նաեւ հոսքի բոլոր ասուպները որպէս կանոն «ելնում» են երկնքի որոշակի տիրոյթից` ռադիանտից: Երբեմն դիտւում են առանձնայատուկ ինտենսիւ հոսքեր, որոնք կոչւում են ասուպային (աստղային) անձրեւներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտւել 1000-ից աւելի ասուպներ: Տարւայ ընթացքում դիտւում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից յատկապէս ինտենսիւ են Քւադրանտիդները, Լեոնիդները եւ Գեմինիդները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։