Հա

Այլ

25/02/2018 - 09:30

Տեսախաղերն օգտակար են տարեց մարդկանց ուղեղի աշխատանքի համար

Կանոնաւորապէս տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մօտ ծերունական դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը 29 տոկոսով փոքր է:

«alikonline.ir» - Կանոնաւորապէս տեսախաղեր խաղացող տարեց մարդկանց մօտ ծերունական դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը 29 տոկոսով փոքր է: Այսպիսի եզրայանգում են կատարել նոր հետազօտութեան հեղինակները, որը ֆինանսաւորել է ԱՄՆ Առողջապահութեան ազգային ինստիտուտը: Գրում է «news.am»-ը:

Պատահականութեան սկզբունքով անցկացւած կլինիկական հետազօտութեանը մասնակցել է աւելի քան 2800 մարդ, որոնք օգտագործել են «Կրկնակի» լուծում (Double Decision) կոչւող համակարգչային վարժութիւնները: Այս վարժութիւններով, որոնք վերարտադրում են համակարգչային խաղերի բազային սկզբունքները, ստուգել են էկրանի կենտրոնում օբիեկտը, օրինակ՝ բեռնատարը արագ ճանաչելու եւ դրանից կախւած՝ ծայրամասերում յայտնւած օբիեկտներից մէկի, օրինակ՝ ճանապարհային նշանի վրայ սեղմելու մարդու ունակութիւնը: Աստիճանաբար խնդիրներն աւելի բարդացւել են:

Փորձի գաղափարն այն էր, որ առաւելագոյնս օգտագործւի փոփոխութեան նկատմամբ ուղեղի ունակութիւնը, որը յայտի է որպէս պլաստիկութիւն, եւ բարելաււեն ընկալման, որոշումներ ընդունելու, մտածողութեան եւ մտապահելու հմտութիւնները: Հետազօտութեան հեղինակները նշում են, որ այս պրոցեսը նման է հեծանիւ վարել սովորելուն՝ ունակութիւն, որը շատ ժամանակ չի պահանջում, բայց բերում է ուղեղի երկարաժամկէտ փոփոխութեան:

Հետազօտութեան մասնակիցների միջին տարիքը կոգնիտիւ ուսուցման խորացւած հետազօտութեանը մասնակցել սկսելու պահին եղել է 74 տարեկան: Փորձարկման մասնակիցները պատահական սկզբունքով 4 խմբի են բաժանւել. մի խումբը կատարել է համակարգչային վարժութիւններ, երկրորդը զբաղւել է յիշողութեան մարզման աւանդական վարժութիւններով, երրորդը տրամաբանական խնդիրներ է լուծել, իսկ չորրորդ՝ ստուգիչ խմբում ընդգրկւածները ոչ մի բան չեն արել:

Առաջին՝ համակարգչային խումբը ծրագրի աշխատանքի առաջին 5 շաբաթներին շաբաթական ոչ պակաս 10 ժամ տրամադրել է խնդիրները կատարելուն: Նրանցից ոմանք հետագայ երեք տարիներին մարզումների ժամանակը հասցրել են շաբաթական 18 ժամի: Պարզւել է, որ երեք խմբերում էլ, որոնք կատարել են համակարգչային, տրամաբանական խնդիրներ եւ յիշողութեան մարզման վարժութիւններ, հետագայ 10 տարիներին դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը 29 տոկոսով նւազել է՝ ստուգիչ խմբի համեմատութեամբ:

Փորձագէտների կարծիքով՝ անհրաժեշտ է նոյն ուղղւածութեամբ եւս մի քանի հետազօտութիւններ կատարել՝ գիտնականների ստացած տւեալները հաստատելու կամ հերքելու համար:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։