Հա

Այլ

17/03/2018 - 11:30

Հայազգի գիտնականի գիւտը հնարաւոր կը դարձնի քիչ էներգիա ծախսող եւ թղթի հաստութեան հեռախօսների գոյութիւնը

Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանաւարտի համահեղինակած գիւտը կարող է յեղափոխութիւն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրութեան բնագաւառում: «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալիա Կոստանեանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղւում է նանոկառուցւածքների աճեցմամբ, դրանց հիման վրայ՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջութեամբ ածխածնային հիմքով են:

«alikonline.ir» - Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանաւարտի համահեղինակած գիւտը կարող է յեղափոխութիւն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրութեան բնագաւառում: «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալիա Կոստանեանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղւում է նանոկառուցւածքների աճեցմամբ, դրանց հիման վրայ՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջութեամբ ածխածնային հիմքով են: «Դրանք շահաւէտ են նրանով, որ կարող են նախագծւել նոր տեսակի նիւթերով, որոնք ամբողջովին ստացւում են լաբորատոր պայմաններում եւ այն յատկութիւններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կը փոխեն, հնարաւորութիւն կը տան մասսայական արտադրութեան մէջ սիլիցիումային հիմքով արտադրւող սարքերը փոխել նանոկառուցւածքների հիման վրայ ստեղծւող սարքերով»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ամալիա Կոստանեանը:

Գիւտարարի խօսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդէն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգւածային արտադրութեան մասին: Քանի որ նորարարութեան հիմքում հիմնականում օրգանական նիւթերով արտադրութեան կազմակերպումն է, այն հնարաւոր կը լինի կիրառել ցանկացած ինդուստրիայում: «Պատկերացրէք հեռախօսները, պլանշետները լինեն թղթի հաստութեան եւ դրանց սնուցման համար համարեայ էներգիա հարկաւոր չլինի: Կարող են կիրառւել բժշկութեան մէջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրւայ ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրայ, քանի որ ածխածնային հիմքով են, կեանքի հետ համատեղելի են»,- աւելացրեց երիտասարդ գիտնականը` յաւելելով, որ արտադրանքը բաւականին էժան կը լինի, քանի որ դրանց ստեղծման համար համարեայ նիւթ չի օգտագործւում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա: «Կէս ժամ էներգիա կուտակելով` հնարաւոր կը լինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:

Ամալիա Կոստանեանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թէ ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։