Հա

Այլ

10/04/2018

Ինչո՞ւ ենք մենք մշտապէս քնել ուզում

Որոշ մարդիկ քնում են օրական 9-10 ժամ, երբեմն էլ ցերեկն են փորձում մի քիչ քնել ու միեւնոյն է՝ անընդհատ քնել են ուզում։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում ու ո՞ր դէպքերում է քնկոտութիւնը մասնագէտին դիմելու առիթ հանդիսանում։

«alikonline.ir» - Որոշ մարդիկ քնում են օրական 9-10 ժամ, երբեմն էլ ցերեկն են փորձում մի քիչ քնել ու միեւնոյն է՝ անընդհատ քնել են ուզում։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում ու ո՞ր դէպքերում է քնկոտութիւնը մասնագէտին դիմելու առիթ հանդիսանում։ Այս մասին գրում է «news.am»-ը:

 

Գէնետիկ ու տարիքային հակւածութւն

Որոշ մարդկանց դէպքում քնի մեծ պահանջը կարող է գէնետիկ առանձնայատկութիւն լինել, վստահեցնում է Միչիգանի համալսարանի Քնի խանգարումների կենտրոնի տնօրէն պրոֆեսոր Ռոնալդ Չերւինը «Huffington Post» պարբերականին տւած հարցազրոյցում։

Նրա խօսքով՝ մենք չենք կարող ազդել գէնետիկ գործօնների վրայ, փոխարէնը մեզնից են կախւած քնի հսկողութեան միւս գործօնները, օրինակ դրա ռեժիմը, նոյն ժամին քնելու ու արթնանալու սովորութիւնը։

Մասնագէտը նաեւ նշել է, որ դեռահասները յաճախ հակւած են երկար քնել ու դժւար են արթնանում, ինչը պայմանաւորւած է նրանց տարիքային առանձնայատկութիւններով՝ դա կարող է կապակցւած լինել ցիրկադային ռիթմի «ընդլայնումով», որը պատասխանատու է քնի համար, չնայած սովորութիւնները նոյնպէս այս հարցում կարեւոր դեր են կատարում։

 

Քնի խանգարումները

Քնի խանգարումները բազմաթիւ են ու դրանցից մի քանիսի հետեւանքով մարդիկ անընդհատ քնել են ուզում։ Նման խանգարումներից մէկն է հիպերսոմնիան, որի դէպքում մարդը չի կարողանում վեր կենալ անկողնուց ու 10 ժամ քնելուց յետոյ անգամ քնի կարիք է զգում։ 

«Նման մարդիկ ցերեկն էլ կարող են 2-3 ժամ քնել, բայց անգամ դա նրանց չի բաւականացնի։ Այդ վիճակը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, մենք այնքան էլ չենք հասկանում դրա բնոյթը»,- նշել է պրոֆեսոր Էմանուէլ Դիւրինգը, Սթենդֆորդի համալսարանի հոգեբոյժը։

Կլէյնէ-Լեւինի կամ «քնած գեղեցկուհու» համախտանիշը եւս մէկ պատճառ է քնից չհագենալու համար, նման մարդիկ կարող են օրական 15-20 ժամ մնալ անկողնում, վեր կենալով միայն ուտելու ու բնական կարիքները հոգալու համար։ Իհարկէ այդ հազւագիւտ համախտանիշն ախտահարում է մէկ միլիոնից միայն մէկին։

 

Հոգեկան խնդիրներն ու ընդհանուր հիւանդութիւնները

Դիւրինգի խօսքով՝ երկարատեւ քունը կարող է պայմանաւորւած լինել դեպրեսիւ հոգեվիճակով։ Բացի բուն դեպրեսիայից, քնելու ցանկութիւն կարող են առաջացնել նաեւ հակադեպրեսանտները։

Գլխուղեղի տրաւմաները նոյնպէս կարող են մշտական քնկոտութեան պատճառ դառնալ։ Տւեալ դէպքում երկարատեւ քունը նպաստում է ապաքինմանը։

Եթէ Դուք մշտապէս ուզում եք քնել, նոյնիսկ եթէ բաւականաչափ քնում էք գիշերները, դա արդէն իսկ առիթ է բժշկի դիմելու համար, նշում են մասնագէտները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։