Հա

Այլ

10/04/2018

Վիտամիններ ու սննդային յաւելումներ․ օգուտ, թէ՞ վնաս

Վիտամիններն ու միւս սննդային յաւելումները շատերը համարում են ունիվերսալ լուծում բազմաթիւ խնդիրների համար։ Իրականում վիտամինների ու այլ սննդային յաւելանիւթերի ընդունումը ոչ միշտ է արդարացւած։ Աւելին՝ ոչ միշտ է անվտանգ։ 

«alikonline.ir» - Վիտամիններն ու միւս սննդային յաւելումները շատերը համարում են ունիվերսալ լուծում բազմաթիւ խնդիրների համար։ Մա՞շկն է ծերանում։ Եղունգնե՞րն են փշրւում։ Հոգնածութի՞ւնն է անհանգստացնում։ Պէտք է վիտամիններ ընդունել, ու բոլոր խնդիրները կը լուծւեն, համարում են նրանք։

Իրականում վիտամինների ու այլ սննդային յաւելանիւթերի ընդունումը ոչ միշտ է արդարացւած։ Աւելին՝ ոչ միշտ է անվտանգ։ Գրում է «news.am»-ը:

«Հետազօտութիւնների ժամանակ երբեք չի ապացուցւել վիտամիններով յաւելանիւթերի իրենց օգտակարութիւնը մարդկանց համար»,- «Daily Mail»-ին տւած հարցազրոյցում ասել է Հարւարդի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ջոէն Մենսոնը։

Նրա խօսքով՝ վիտամինները կարող են օգտակար լինել միայն ու միայն ռիսկի որոշակի խմբերի մարդկանց համար (օրինակ յղիների ու տարեցների), իսկ դրանք հէնց այնպէս՝ առանց բժշկի նշանակման ընդունել խորհուրդ չի տրւում։

 

Պոլիվիտամիններից վնաս չկայ, բայց օգուտ էլ չկայ

Պոլիվիտամինների բաղադրութիւնները կարող են մի քիչ տարբերւել, բայց սովորաբար դրանք պարունակում են B խմբի մի քանի վիտամիններ (B1, B12) , վիտամիններ A, C, E, D, K  ու որոշ հանքանիւթեր (կալիում, կալցիում, մագնիում)։

Պոլիվիտամինների ընդունումը մարդկանց համար վտանգաւոր չէ, համարում են փորձագէտները, քանի որ իւրաքանչիւր առանձին վիտամինի չափաբաժինը դրանց մէջ այնքան էլ բարձր չէ, ու ընդհանուր առմամբ համապատասխանում է օրական նորմային։ Եթէ մարդու սննդակարգում վիտամինների ու հանքանիւթերի քանակութիւնը չի բաւականացնում, պոլիվիտամինների ընդունումը կարող է լրացնել այդ պակասը։

Սակայն լուրջ հետազօտութիւններ, որոնք ցոյց կը տան, որ պոլիվիտամիններն իրական օգուտ ունեն, չկան։ Միայն մէկ խոշոր հետազօտութիւն է հաստատել, որ պոլիվիտամինները նպաստում են մահացութեան նւազմանը։ Սակայն որոշ մասնագէտներ թերահաւատօրէն են վերաբերւում այդ հետազօտութեանը, քանի որ այն իրականացւել է միայն տղամարդկանց մասնակցութեամբ, իսկ աւելի խոշոր հետազօտութիւնները չեն հաստատել այդ արդիւնքները։

Ի տարբերութիւն պոլիվիտամինների՝ բիոյաւելանիւթերը, որոնք միայն մէկ վիտամին են պարունակում, կարող են վտանգաւոր լինել, նախազգուշացնում են փորձագէտները։

 

Վիտամին E-ն կարող է առաջացնել քաղցկեղ, այլ ոչ թէ կանխել այն

Վիտամին E-ն գովազդում են որպէս իմունիտետի ամրապնդման, մաշկի ու աչքերի առողջութեան բարելաւման միջոց։ Համարւում է, որ այդ վիտամինն օգնում է օրգանիզմին յաղթահարել ազատ ռադիկալները, որոնք գրոհում են բջիջների վրայ։

Վիտամին E-ն-ն պարունակւում է կանաչ բանջարեղէնում ու դրանց իւղերում, նաեւ ընկոյզի մէջ, իսկ դրա դեֆիցիտն այնքան էլ տարածւած չէ։

Բժիշկ Մենսոնի խօսքով՝ վիտամին E-ի աւելցուկային ընդունումը կապակցւած է «հեմորագիական ինսուլտի, սրտային անբաւարարութեան, շագանակագեղձի քաղցկեղի ու նոյնիսկ մահացութեան աճի հետ»։

Աւելի վաղ յայտնել էին, որ վիտամին E-ն կարող է տղամարդկանց պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից, բայց 2008-ին իրականացւած խոշոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ կանխարգելիչ նպատակներով այդ վիտամինն ընդունած տղամարդկանց մօտ չարորակ ուռուցքը նոյնիսկ 17 տոկոսով աւելի յաճախ էր զարգանում, քան հսկիչ խմբի տղամարդկանց մօտ։

 

Վիտամին A՝ չարաշահումը վտանգաւոր է

Վիտամիան A-ն, որը ստանում ենք սննդի հետ, ամրացնում է իմունիտետն ու անհրաժեշտ է տեսողութեան ու վերարտադրողական առողջութեան համար։ Սակայն չափից մեծ չափաբաժիններով վիտամին A-ն կարող է շատ վտանգաւոր լինել, իսկ ծայրայեղ դէպքերում դրա չարաշահումը կարող է նոյնիսկ մահացու լինել, նախազգուշացնում է բժիշկ Փօլ Թոմասը՝ Առողջութեան ազգային ինստիտուտներից։

Բժիշկը յիշեցրել է այն պատմական դէպքի մասին, երբ Արկտիկայի հետազօտողները ստիպւած են եղել ուտել իրենց շների լեարդը, որը չափից յագեցած էր վիտամին A-ով։  Դրա հետեւանքով շատերը թունաւորւել էին, քանի որ այդ վիտամինի աւելցուկը թունաւոր է, առաջին հերթին լեարդի համար։

Առողջութեան ազգային ինստիտուտները վիտամին A-ով յաւելանիւթերի ընդունումից խորհուրդ են տալիս զերծ մնալ նաեւ յղիներին, քանի որ յայտնի է դրա կապը նորածինների մօտ բնածին արատների զարգացման հետ։

 

Վիտամին C՝ օգտակարութիւնը կասկածի տակ է

Բժիշկ Թոմասը նշում է, որ ցանկացած վիտամինների չարաշահումը որեւէ օգուտ չի տալիս։ Եւ այսպէս, օրական 2500 մգ.-ից շատ վիտամին C ընդունելու դէպքում հնարաւոր են մարսողական համակարգի խանգարումներ՝ սրտխառնոց, սպազմեր, լուծ։ Բացի դրանից, յայտնի է վիտամին C-ի կապը երիկամներում քարերի գոյացման հետ։

Նախկինում համարւում էր, որ այդ վիտամինի ընդունումը միայն ամրապնդում է իմունիտետն ու օգնում պայքարել մրսածութեան ու միւս հիւանդութիւնների դէմ, սակայն հետազօտութիւնների մեծ մասը չի հաստատում յաւելանիւթերում պարունակւող վիտամին C-ի պաշտպանական դերը։

Համարւում է, որ վիտամին C-ն օգնում է կանխել գրիպն ու մրսածութիւնը՝ խթանելով իմունային համակարգը, կամ թեթեւացնել հիւանդութեան ախտանշաններն ու տեւողութիւնը։ Բայց հետազօտութիւնները ասում են, որ դա այդպէս չէ»,- նշել է Փօլ Թոմասը։

 

Վիտամիններն ու միներալները փոխգործակցում են դեղամիջոցների հետ

Բժիշկ Մենսոնի խօսքով՝ վիտամիններն ու սննդային յաւելանիւթերը կարող են մարդու օրգանիզմում փոխգործակցել այլ դեղամիջոցների հետ, որոնք նա ընդունում է ու յանգեցնել անցանկալի հետեւանքների։ Օրինակ նուտրիենտներից մէկի  իւրացումը կարող է վատանալ մէկ ուրիշի աւելցուկի պատճառով։ Բացի դրանից, որոշակի դեղամիջոցներ՝ վիտամինների հետ համադրութեամբ կարող են վտանգաւոր կողմնակի էֆեկտներ ունենալ։

Չնայած բժիշկ Մենսոնը միանգամայն ընդունելի է համարում պոլիվիտամինների գործածումը, բայցեւայնպէս միւս դեղամիջոցների գործածման դէպքում այդ հարցը պարտադիր պէտք է համաձայնեցնել բժշկի հետ։

Փորձագէտները մտահոգւած են ոչ միայն վիտամինների անցանկալի էֆեկտներով, այլեւ նրանով, որ դրանց շուրջ գովազդային աղմուկը կարող է անուղղակիօրէն նպաստել վնասակար սովորութիւնների զարգացմանը։

«Երբեմն մարդիկ ընդունում են վիտամիններ իրենց վնասակար սովորութիւնները կոմպենսացնելու՝ օրինակ ծխելու կամ խմելու վնասական ազդեցութիւնը թեթեւացնելու համար»,- բացատրում է Թոմասը։

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
    Գիտնականները պարզել են, թէ որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել

    Չայրւող մակերեսով սպասքում առկայ նիւթերը մարդու օրգանիզմում յայտնւելու դէպքում կարող են քաղցկեղի հետեւանք դառնալ: 

  • Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել
    Մշտական սթրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել

    Մշտական ստրեսը կարող է տեսողութեան կորուստի յանգեցնել։ Նման եզրակացութեան են հանգել հետազօտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարութեամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգեան համալսարանին կից բժշկական հոգեբանութեան ինստիտուտի տնօրէնն է։

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մարդիկ սկսել են յիմարանալ
    Մարդիկ սկսել են յիմարանալ

    Նորւեգիայի Տնտեսական հետազօտութիւնների «Ragnar Frisch» կենտրոնի մասնագէտները վերջին մի քանի տասնամեակների ընթացքում մարդու ինտելեկտի մակարդակի անկում են նկատել: Գիտնականները գիտական աշխատանքներն իրականացրել են զինւորական ծառայութեան անցած նորւեգացիների ինտելեկտի (IQ թեստ) մակարդակի թեստերի հիման վրայ:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։