Հա

Այլ

Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 08:10

Դեմենցիայի կանխարգելման 6 գործուն միջոց

Ամբողջ մոլորակում աճում է դեմենցիայով՝ տկարամտութեամբ տառապող մարդկանց թիւը, եւ բնակչութեան ծերացումը դրան միայն նպաստում է: Այսօր դեմենցիայով է տառապում 85 տարեկանից մեծ իւրաքանչիւր երրորդ մարդը: 

«alikonline.ir» - Ամբողջ մոլորակում աճում է դեմենցիայով՝ տկարամտութեամբ տառապող մարդկանց թիւը, եւ բնակչութեան ծերացումը դրան միայն նպաստում է: Այսօր դեմենցիայով է տառապում 85 տարեկանից մեծ իւրաքանչիւր երրորդ մարդը: Գրում է «news.am»-ը:

Դեմենցիան հիւանդութիւնների կարգ է, որոնք կապւած են գլխուղեղի կոգնիտիւ ֆունկցիաների խանգարման հետ: Դրանց են դասւում յիշողութեան խանգարումները, քննդատութեան բացակայութիւնը, ամենօրեայ գործունէութեամբ զբաղւելու ունակութեան կորուստը, անհատականութեան փոփոխութիւնները եւ այլն: Ալցհայմերի հիւանդութիւնը դեմենցիայի առաւել տարածւած ձեւն է:

Դեմենցիայի զարգացման պատճառները դեռեւս մինչեւ վերջ չեն հետազօտւել, սակայն ենթադրւում է, որ իր դերակատարումն ունի գէնետիկան եւ կենսակերպը: «Deakin University»-ից ուղեղի ծերացման եւ դեմենցիայի կանխարգելման մասնագէտ, բժիշկ Հելէն Մակֆերսոնը «Daily Mail»-ի մեկնաբանութեան մէջ առաջարկել է մի քանի միջոց, որոնց շնորհիւ հնարաւոր է նւազեցնել տկարամտութեան զարգացման վտանգը:

 

«Մարզէք» ուղեղը

Համարւում է, որ կրթւած մարդկանց շրջանում դեմենցիայի առաջացման վտանգն աւելի փոքր է, քան նրանց շրջանում, ովքեր պաշտօնապէս 10 տարուց պակաս են սովորել:

Սակայն խորհուրդ է տրւում ցանկացած տարիքում ուղեղը «մարզել»՝ անկախ կրթութիւնից. դրան է նպաստում աշխատանքային միջավայրը, զբաղմունքի որոշակի տեսակները (լրագրեր ընթեցելը, թղթախաղը, լեզուների ուսումնասիրութիւնը եւ նոր հմտութիւնների ձեռքբերումը):

Ըստ որում՝ «ուղեղի տրենինգի» համակարգչային ծրագրերը արդիւնաւէտ չեն. իմացաբանական գործառնութիւնների յաջող մարզման համար անհրաժեշտ է սոցիալական միջավայր:

 

Սոցիալական շփումներ պահպանէք

Դեմենցիայի զարգացման վտանգը նւազեցնում են սոցիալական յաճախակի շփումները (ազգականներին, ընկերներին այցելութիւնները, հեռախօսային զրոյցները): Մենակութիւնը, հակառակը, այն կարող է մեծացնել: Ուստի տկարամտութեան կանխարգելման համար խորհուրդ է տրւում պարբերաբար մասնակցել խմբային կամ հասարակական միջոցառումներին, ըստ որում՝ կոլեկտիւի չափը սկզբունքօրէն նշանակութիւն չունի:

 

Հետեււք քաշին, գլիւկոզայի մակարդակին եւ սրտի առողջութեանը

Գոյութիւն ունի սրտի եւ ուղեղի առողջութեան միջեւ նկատելի կապ: Յատկապէս հասուն տարիքում արեան բարձր ճնշումը եւ ճարպակալումը մեծացնում են դեմենցիայի զարգացման վտանգը: Իսկ այս պայմանների համադրութիւնը համարւում է տկարամտութեան դէպքերի 12 տոկոսի պատճառը:

40 հազար մարդու մասնակցութեամբ հետազօտութեան տւեալների համաձայն՝ 2-րդ տիպի դիաբետով տառապող մարդկանց մօտ դեմենցիան 2 անգամ աւելի յաճախ է զարգանում, քան առողջ մարդկանց մօտ:

Մասնագէտները խորհուրդ են տալիս վերահսկողութեան տակ պահել քաշը եւ գլիւկոզայի մակարդակը, զբաղւել ֆիզիկական վարժութիւններով եւ հետեւել սննդակարգին:

 

Ֆիզկուլտուրայով զբաղւէք

Ֆիզիկապէս ակտիւ մարդկանց շրջանում կոգնիտիւ ունակութիւնների նւազման հաւանականութիւնը 38 տոկոսով ցածր է, նշում են մասնագէտները՝ հիմք ընդունելով 33 հազար մարդկանց տւեալների վերլուծութիւնը:

Հետազօտութիւնների վերջին ամփոփման համաձայն, որոնք նւիրւած էին վարժութիւնների 4-շաբաթեայ կուրսի արդիւնաւէտութեան ուսումնասիրմանը, պարապմունքները պէտք է լինեն միջին կամ բարձր ինտենսիւութեան եւ տեւեն 45 րոպէից ոչ պակաս:

 

Մի՛ ծխէք

Ծխախոտի մէջ պարունակւող քիմիական նիւթերը բերում են բորբոքման եւ ուղեղում անօթային փոփոխութիւնների:

Դրանից բացի, դրանք կարող են օքսիդացման ստրես առաջացնել, որի դէպքում քիմիական նիւթերը (ազատ ռադիկալները) կարող են վնասել բջիջները՝ նպաստելով դեմենցիայի զարգացմանը:

 

Դեպրեսիայի դէպքում օգնութեան դիմէք

Դեպրեսիայի դէպքում ուղեղում փոփոխութիւններ են կատարւում, որոնք մեծացնում են դեմենցիայի վտանգը, քանի որ կորտիզոլի (ստրեսի հորմոն) մեծ մակարդակի հետեւանքով փոքրանում են յիշողութեան համար պատասխանատու ուղեղի հատւածները:

Անօթների հիւանդութիւնը՝ դրանց յաջորդող ուղեղի կառոյցների վնասմամբ դիտւում է ինչպէս դեպրեսիայի, այնպէս էլ դեմենցիայի դէպքում: Հետազօտողները այս 2 վիճակները համարում են երկարաժամկէտ օքսիդացման ստրեսի եւ բորբոքման հետեւանք: Վարկած կայ, որ տարեց տարիքում դեպրեսիան կարող է տարիքային տկարամտութեան ախտանշան լինել:

Աւելի քան 10 հազար մարդու մասնակցութեամբ 28-ամեայ հետազօտութիւնը ցոյց է տւել դեմենցիայի առաջացման հաւանականութեան մեծացում միայն նրանց մօտ, ովքեր մինչեւ ախտորոշման կատարումը առնւազն 10 տարի դեպրեսիայով են տառապել:

Ընդհանուր առմամբ, մինչեւ 60 տարեկանը դեպրեսիան մեծացնում է դեմենցիայի վտանգը, ուստի ամէն դէպքում անհրաժեշտ է բուժամբ զբաղւել:

Փորձագէտները պնդում են, որ վտանգի նշւած գործօնները մինչեւ 35 տոկոս դէպքերում դեմենցիա են առաջացնում: Այս գործօնների նւազեցումը դեմենցիայից լիակատար պաշտապնութիւն չի երաշխաւորում, սակայն վիճակագրականօրէն բնակչութեան մակարդակով աւելի փոքր թւով մարդկանց վրայ կը տարածւի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։