Ամէն շաբաթ մի քանի չափաբաժին ընկոյզի օգտագործումը նւազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վտանգը, ներառեալ նախասրտերի ֆիբրիլեացիան, որն առիթմիայի առաւել տարածւած ձեւն է: Նման եզրայանգում են կատարել շւեդ գիտնականները:
«alikonline.ir» - Ամէն շաբաթ մի քանի չափաբաժին ընկոյզի օգտագործումը նւազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վտանգը, ներառեալ նախասրտերի ֆիբրիլեացիան, որն առիթմիայի առաւել տարածւած ձեւն է: Նման եզրայանգում են կատարել շւեդ գիտնականները: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «MedicalXpress»-ը:
Գիտնականները 17 տարի հետեւել են 45-83 տարեկան 61 հազար շւեդների սիրտ-անօթային համակարգի վիճակին: Հետազօտութիւնը սկսելուց առաջ նրանք յայտնել են իրենց սննդակարգի եւ սննդային պահւածքի մասին: Եթէ մարդը մահանում էր 17-ամեայ ժամկէտից վաղ, գիտնականները պարզում էին մահւան պատճառները:
Սա թոյլ է տւել կապ գտնել սննդակարգով, վնասակար սովորութիւնների առկայութեամբ ու այլ գործօններով որոշւող կեանքի ոճի եւ կեանքի տեւողութեան միջեւ:
Դիտարկումների ընթացքում գրանցւել է 4983 սրտի տագնապ, որոնցից 917-ը մահւան ելք է ունեցել, 3160 սրտային անբարարութեան դէպք, 7550 նախասրտերի ֆիբրիլեացիայի, 972 աորտալ փականի նեղացման, 983 որովայնի աորտայի անեւրիզմի, 3782 գլխուղեղի իշեմիկ կաթւածի եւ 543 ներուղեղային արեան զեղման:
Պարզւել է, որ ընկոյզի օգտագործումը նւազեցրել է սրտի տագնապի, սրտային անբաւարարութեան, նախասրտերի ֆիբրիլեացիայի եւ որովայնի աորտայի անեւրիզմի հաւանականութիւնը: Արդիւնքները տատանւում են սեռից եւ տարիքից կախւած, սակայն միջինը ընկոյզի ամսական 1-3 չափաբաժինը 3 տոկոսով նւազեցնում է առիթմիայի վտանգը, շաբաթական 1-2 չափաբաժինը՝ 12 տոկոսով, շաբաթական 3 չափաբաժնից աւելին՝ 18 տոկոսով:
Շւեդ գիտնականների յօդւածը հրապարակւել է «Heart» ամսագրում: