Հա

Այլ

09/05/2018 - 09:50

Գիտնականներ. «Շախմատիստները երկարակեցութեան չեմպիոններ են»

Գրոսմայստերները եւ պարզապէս ականաւոր շախմատիստները միջին հաշւով աւելի քիչ չեն ապրում, քան օլիմպիական մարզիկները, եւ եօթ-ութ տարի աւելի երկար են ապրում, քան մնացած մարդիկ:

«alikonline.ir» - Գրոսմայստերները եւ պարզապէս ականաւոր շախմատիստները միջին հաշւով աւելի քիչ չեն ապրում, քան օլիմպիական մարզիկները, եւ եօթ-ութ տարի աւելի երկար են ապրում, քան մնացած մարդիկ: Այդ մասին, ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, յայտարարել են գիտնականները, որոնք յօդւած են հրապարակել «PLoS One» հանդէսում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք հերքեցինք այն հանրայայտ առասպելը, որ գրոսմայստեր-շախմատիստի կեանքը կարճ է: Իրականում նրանք զգալիօրէն աւելի երկար են ապրում, քան մնացած մարդիկ, որոշ դէպքերում նորմայից 14 տարով աւելի: Դա առանձնապէս ցայտուն է դրսեւորւում Ռուսաստանում, որտեղ կեանքի միջին տեւողութիւնը յարաբերականօրէն փոքր է»,- գրում են Ֆիլիպ Քլարքը Մելբուռնի համալսարանից եւ նրա գործընկերները:

Շախմատային մրցաշարերը եւ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտերն, ինչպէս նշում է Քլարքը, մարզիկների համար յաճախ աւելի լարւած ու ծանր են լինում ֆիզիկական եւ հոգեբանական տեսակէտից, քան ձմեռային կամ ամառային Օլիմպիական խաղերը: Յաճախ զանգւածային լրատւամիջոցներում յօդւածներ են յայտնւում այն մասին, որ յայտնի շախմատիստները գերլարւածութիւնից ուշաթափւել են կամ նոյնիսկ մահացել առանձնապէս դժւարին մրցումների ժամանակ:

Նման լուրերը գրաւել են Քլարքի եւ նրա գործընկերների, այդ թւում՝ Բրիսբենի Քւինսլենդի համալսարանից (Աւստրալիա) գրոսմայստեր եւ տնտեսագէտ Դեւիդ Սմերդոնի ուշադրութիւնը: Փորձելով հասկանալ, թէ որքան յաճախ են մահանում շախմատիստները եւ այդ մահերն ազդում են արդեօք նրանց կեանքի տեւորղութեան վրայ, գիտնականները պարզել են, որ նախկինում ոչ ոք չի փորձել համեմատել գրոսմայստերների եւ այլ մարզիկների կեանքի տեւողութիւնը: Նրանք լրացրել են այդ բացը՝ հաւաքելով տւեալներ մօտաւորապէս 1.2 հազար տակաւին ողջ կամ արդէն մահացած գրոսմայստերների եւ Օլիմպիական խաղերի մօտաւորապէս 15 հազար մեդալիստների կեանքի տեւողութեան եւ առողջական վիճակի վերաբերեալ:

Այդ վերլուծութիւնը ցոյց է տւել, որ ականաւոր շախմատիստներն զգալիօրէն աւելի երկար են ապրում, քան սովորական մարդիկ, եւ առնւազն ոչ քիչ, քան օլիմպիականները: Միջին հաշւով 30 տարեկանում կամ աւելի շուտ գրոսմայստերի կոչում ստացած խաղորդներն ապրում են շուրջ 84 տարի, ինչը 10 տոկոսով բարձր է, քան կեանքի տիպական տեւողութիւնն այն երկրներում, որտեղ նրանք ապրել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։