Հա

Այլ

14/05/2018

Ինչո՞ւ չի կարելի ականջները մաքրել բամբակի փայտիկներով

Այսօր մարդկանց մեծամասնութիւնն ականջները մաքրում է բամբակի փայտիկներով, չնայած նրան, որ բժիշկները վաղուց են յայտնում այդ մեթոդի վտանգաւորութեան մասին։

«alikonline.ir» - Այսօր մարդկանց մեծամասնութիւնն ականջները մաքրում է բամբակի փայտիկներով, չնայած նրան, որ բժիշկները վաղուց են յայտնում այդ մեթոդի վտանգաւորութեան մասին։ Գրում է «news.am»-ը:

Երեխաների ականջները մաքրելը յատկապես վտանգաւոր է նրանց ականջների լսողական անցուղու նեղ լինելու պատճառով։ Համաձայն 2017 թւականին «The Journal of Pediatrics» ամսագրում հրապարակւած հետազօտութեան՝ 1990-2010 թւականններին 263 338 երեխաներ (մինչեւ 18 տարեկան) ԱՄՆ հիւանդանոցներում բուժւել են ականջի վնասւածքների դէմ, որոնք կապւած են եղել բամբակեայ փայտիկների օգտագործման հետ։

Փայտիկի միջոցով ականջը մաքրելու փորձի ժամանակ հակառակ արդիւնքն է ստացւում՝ ծծումբը միայն անցնում է ականջի անցուղու աւելի խորքերը։

Բամբակեայ փայտիկները կարող են վնասել ականջի անցուղին, պատռել թմբկաթաղանթը՝ առաջացնելով սուր ցաւ կամ արիւնահոսութիւն։ Վատթարագոյն սցենարը այս պարագայում լսողութեան մշտական կորուստը կարող է լինել։

«Այն ամէնը, ինչ ընկնում է ականջի մէջ, լուրջ վնաս կարող է հասցնել թմբկաթաղանթին ու անցուղուն, հնարաւոր է ժամանակաւոր կամ նոյնիսկ մշտական խաթարում»,- յայտնում է դոկտոր Սէթ Ռ․ Շւարցը (Seth R. Schwartz)՝ օտոլարինգոլոգներից մէկը, որը 2017 թւականին խորհուրդներ է մշակել Օտոլարինգոլոգիայի ամերիկեան ակադեմիայի համար (AmericanAcademyofOtolaringology) ականջի ծծմբի հետ կապւած հիւանդութիւնների ախտորոշման եւ բուժման համար։

Ականջի ծծումբը (բժշկական տերմինը՝ cerumen) չնայած համարւում է «կեղտոտ», այնուամենայնիւ, բնական խոնաւեցնող միջոց է եւ ծառայում է ականջի ինքնամաքրմանը։ Որպէս կանոն, դրա աւելորդ քանակութիւնը լւացւում է ցնցուղ ընդունելիս։ Հարւարդի բժշկական դպրոցի (Harvard Medical School) ադիւնկտ-պրոֆեսոր, դոկտոր Ռոբերտ Շմերլինգը (Robert Shmerling) հաստատում է, որ ականջները կանոնաւոր մաքրում չեն պահանջւում, քանի որ ականջի ծծումբը օգնում է կանխել բակտերիաների ու կեղտի ներթափանցումը ականջի ներքին հատւած։

Օտոլարինգոլոգիայի ամերիկեան ակադեմիան հետեւեալ խորհուրդներն է տալիս ականջի ծծումբի հետ կապւած՝

- Ականջի ծծումբի առկայութիւնը նորմալ է, եթէ չի արգելափակում լսողական անցուղին եւ չի առաջացնում ցաւի զգացողութիւն։

- Լսողական անցուղու ծծումբի արգելափակման հետ կապւած վարակի ախտանիշները կարող են լինել լսողութեան նւազեցումը, աղաւաղումը կամ փոփոխութիւնը, թերարժէքութեան զգացումը կամ ականջում ձայնը։

- Վարակի ախտանիշների դէպքում, որոնք կապւած չեն ականջի ծծմբի աւելցուկի հետ, պարտադիր դիմէք բժշկի։

- Հարցրէք բժշկին, թէ ինչպէս պէտք է հոգ տանել ականջների մասին տնային պայմաններում։

- Դիմէք բժշկական օգնութեան ականջում ցաւի կամ արիւնահոսութեան դէպքում։ Այս ախտանիշները կապւած չեն ականջի ծծմբի հետ։

- Ականջների չափից շատ մաքրումը կարող է յանգեցնել լսողական անցուցու մեխանիկական վնասման, վարակների եւ ականջի ծծմբի արտադրութեան նւազման։

- Ոչ մի պարգայում չի կարելի մաքրել ականջները կողմնակի իրերով՝ բանալիով, մազակալով, լուցկով, ատամի փայտիկով, բամբակեայ փայտիկներով։

- Մի անտեսէք ականջում ցաւի ախտանշանները, եթէ տնային միջոցները չեն օգնում, դիմէք բժշկին։

- Մի լւացէք եւ մի փորձեք մաքրել կամ փափկեցնել ականջի ծծումբը, եթէ նախկինում վիրաբուժական միջամտութիւն է կատարւել կամ վնասւած է թմբկաթաղանթը։ Դրա համար պէտք է օտոլարինգոլոգիայի մասնագէտ։

- Մի մոռացէք մաքրել լսողական սարքը, դրա առկայութեան պարագայում։

Իսկ ինչի՞ համար են անհրաժեշտ բամբակեայ փայտիկները։ Դրանց միջոցով յարմար է քսել եւ հեռացնել շպարը, ինչպէս նաեւ եղունգների ներկման ժամանակ աւելորդ մասերը։ Բամբակեայ փայտիկները յաճախ օգտագործում են լաբորատորիաներում այտի ներքին հատւածից բջիջների հաւաքման համար (ԴՆԹ նմուշների ուսումնասիրման համար)։ Բացի այդ, փայտիկներով կարելի է մաքրել տան դժւարամատչելի տեղերն ու իրերը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։