Հա

Այլ

15/05/2018

Կանանց ինչպիսի՞ սնունդը կօգնի կնճիռներից խուսափել

Կանայք կարող են երիտասարդութեան պահպանման բաղադրատոմսը գտնել մրգի սովորական սկահակում, յայտնում են Ռոթերդամի Էրազմուս համալսարանի Բժշկական կենտրոնի (Erasmus Medical Centre) գիտնականները: 

«alikonline.ir» - Կանայք կարող են երիտասարդութեան պահպանման բաղադրատոմսը գտնել մրգի սովորական սկահակում, յայտնում են Ռոթերդամի Էրազմուս համալսարանի Բժշկական կենտրոնի (Erasmus Medical Centre) գիտնականները: Գրում է «news.am»-ը:

Նրանք յայտնաբերել են, որ կանայք, որոնք հետեւում են մրգերով եւ բանջարեղէնով հարուստ սննդակարգի, 50 տարեկանից յետոյ դէմքին աւելի քիչ կնճիռներ են ունենում: Սակայն սա տղամարդկանց վրայ չի ներգործում: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Մաշկաբանութեան ամերիկեան ակադեմիայի ամսագրում (Journal of the American Academy of Dermatology):

Ստացած արդիւնքները վկայում են այն մասին, որ այն կանանց համար, որոնք ձգտում են իրենց մաշկը երիտասարդացնել, մրգերը կարող են աւելի էժան լինել քսուքներից ու լոսեոններից:

Հետազօտողները հարցում են անցկացրել 50-ն անց 2700 տղամարդկանց եւ կանանց շրջանում՝ հետաքրքրւելով նրանց սննդակարգով: Այնուհետեւ իւրաքանչիւրի դէմքի 3D-սքանաւորում են կատարել, կնճիռների քանակութիւնը չափելու համար:

Արդիւնքները ցոյց են տւել, որ աւելի շատ թարմ միրգ, բանջարեղէն եւ ձուկ օգտագործող կանանց մօտ դէմքին առաւել քիչ քանակութեամբ կնճիռներ են եղել: Կանայք, որոնք կանոնաւորապէս մեծ քանակութեամբ կարմիր միս, հաց եւ քացրեղէն են կերել, աւելի շատ են կնճիռներ ունեցել:

Նրանց դէմքը, ովքեր հետեւել են առողջ սննդակարգի, սակայն պարբերաբար ալկոհոլ են օգտագործել, աւելի շատ է կնճռոտւած եղել. ենթադրաբար, ալկոհոլը չէզոքացրել է առողջ սնունդի օգուտը: Ըստ որում՝ սննդակարգը չի ազդում տղամարդկանց դէմքի կնճիռների վրայ:

Հետազօտող բժիշկ Սելմա Մեկիչը պնդում է, որ մաշկի երիտասարդութիւնը պահպանելու համար կանայք պէտք է ոչ միայն չծխեն, այլեւ աւելի շատ մրգեր, բանջարեղէն ու ձուկ օգտագործեն, ինչպէս նաեւ կրճատեն մսի, շաքարի, յագեցած ճարպերի եւ ալկոհոլի օգտագործումը:

«Սակայն սա վերաբերում է միայն կանանց, քանի որ տղամարդկանց մօտ տարբերութիւններ չեն դիտւել»,- ասում է բժիշկ Մեկիչը:

Գիտնականները կարծում են, որ մրգերով հարուստ սննդակարգը նպաստում է օրգանիզմն ապահովել բազմաթիւ վիտամիններով եւ ֆլաւոնոիդներով (բուսական նիւթեր, որոնք սնունդի հետ մարդու օրգանիզմում յայտնւելով, ազդում են մեծ թւով ֆերմենտների ակտիւութեան վրայ):

Այս բաղադրիչներն ամրացնում են առողջութիւնը եւ մաշկը ծերանալուց պաշտպանում՝ խթանելով կոլագէնի աճը. մանրաթել, որը մարշկն առաձգական ու ձիգ է պահում:

Համարւում է, որ կանանց մաշկը կնճիռների հանդէպ աւելի ընկալունակ է, քանի որ նրանց մաշկում կոլագէնի խտութիւնն աւելի ցածր է: Տղամարդկանց մօտ խտութիւնը բարձր է, այս պատճառով էլ նրանք կարող են երիտասարդ տեսք ունենալ աւելի երկար:

Բիրմինգեմի «Edgbaston Hospital» հիւանդանոցի մաշկաբան-խորհրդատու, բժիշկ Սաջադ Ռաջփարը պնդում է, որ աւելի բարակ մաշկի պատճառով ծերացող կանայք կոլագէնն աւելի արագ են կորցնում, եւ նրանց մօտ աւելի յաճախ են կնճիռներ առաջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։