Հա

Այլ

10/06/2018

Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

«alikonline.ir» - Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»: Գրում է «news.am»-ը:

Պասկալինա պիցցայի բաղադրութեան մէջ են մտնում միջերկրածովեան սննդակարգի բաղադրիչները, որոնք յայտնի են իրենց օգտակար յատկութիւններով: Պիցցայի մէջ չկայ ո՛չ պանիր, ո՛չ միս՝ դրանք բացառել են բաղադրութիւնից, քանի որ մեծ քանակութեամբ վնասակար ճարպեր են պարունակում: Նոր պիցցան պատրաստւած է ցորենի ալիւրի հիմքով եւ ծածկւած է ռապինիով (բրոկոլիի տարատեսակ), չերրի լոլիկով, ձիթապտղով, սխտորով եւ չիլի պղպեղով:

Խոհարարական արւեստի եւ կանխարգելիչ բժշկութեան այս ձեռքբերումը պատրաստւում են ներկայացնել յաջորդ շաբաթ Նեապոլում «Napoli Pizza Village» պիցցայի փառատօնում:

Միլանի Ուռուցքների հետազօտման ազգային ինստիտուտի (Istituto Nazionale Tumori) գիտնականները պնդում են, որ բաւական է պիցցան ուտել շաբաթական երկու անգամ, որպէսզի այն ապահովի քաղցկեղի եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների կանխարգելումը:

Գիտնականները վաղուց են քարոզում միջերկրածովյան սննդակարգի օգտակարութիւնը, գիտական հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այն, բացի նշւած խնդիրներից, օգնում է կանխել ճարպակալումը եւ գլխուղեղի որոշակի հիւանդութիւնները:

Անցեալ տարի կատարւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ լոլիկը կարող է դանդաղեցնել ստամոքսի չարորակ ուռուցքների աճը: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մայիսին հրահանգել է հետեւել ձիթապտղի իւղով, մրգերով եւ բանջարեղէնով հարուստ սննդակարգի:

Գիտնականներն առաջին անգամ չէ, որ ուշադրութիւն են դարձնում պիցցայի հակաքաղցկեղային պոտենցիալի վրայ: 2003 թւականին հետազօտութեամբ ցոյց է տրւել, որ շաբաթական 2 անգամից ոչ պակաս պիցցա ուտող մարդիկ կերակրափողի քաղցկեղով 59 տոկոսով հազւադէպ են հիւանդանում, 34 տոկոսով՝ կոկորդի քաղցկեղով եւ 26 տոկոսով՝ աղիների քաղցկեղով:

«Մենք գիտէինք, որ սոուսի համար օգտագործւող լոլիկը այն մթերքներից է համարւում, որոնք կարող են կանխել քաղցկեղի որոշակի տեսակներ: Սակայն չէինք սպասում, որ պիցցան կանխարգելման գործում այսպիսի մեծ արդիւնաւէտութիւն կունենայ»,- նշել է Միլանի «Mario Negri Institute for Pharmaceutical Research»-ից բժիշկ Սիլւանօ Գալուսը:

Լոլիկի ամենաօգտակար բաղադրիչն է համարւում հակաօքսիդանտ լիկոպինը, կարմիր պիգմենտ, որը պարունակւում է լոլիկի կեղեւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։