Հա

Այլ

21/06/2018 - 08:20

Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

«alikonline.ir» - Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ: Ըստ «news.am»-ի՝ ասւում է «Nature Communications» պարբերականում տպագրւած յօդւածում։

Նոր իմպլանտատը բաղկացած է բազմաթիւ գէլային սրւակներից, որոնք լցւած են յատուկ պատրաստւած բջիջներով՝ ստեղծւած մարդու երիկամների հիւսւածքի հիման վրայ։ «Երբ սրւակները ներարկւում են մաշկի տակ՝ դրանք «կպնում» են իրար, ձկնկիթի նման»,- պարզաբանում են մշակողները։ Սրւակներում գտնւող բջիջները խթանում են ԳՊՊ-1 (գլիւկանանման պեպտիդ-1) պեպտիդային հորմոնի արտադրութիւնը, նորմայում այդ նիւթը արտադրւում է աղիներում ուտելուց յետոյ։ ԳՊՊ-1-ն ազդում է բազմաթիւ օրգանների ու համակարգերի աշխատանքի վրայ, դրա ֆունկցիաներից մէկն է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից ինսուլինի սեկրեցիայի ուժեղացումը։

ԳՊՊ-1 հորմոն արտադրող բջիջները սարքաւորել են «C-STAR» համակարգով (caffeine-stimulated advanced regulators), որոնք ճանաչում են կոֆէինի փոքր չափաբաժինները՝ օրինակ սուրճի միջին բաժակին համապատասխանող։ Դրա հիմքում միաշղթայ հակամարմին է, որը կոֆէինի առկայութեան դէպքում դիմերիզացւում է՝ դրա երկու մոլեկուլները միանում են ու դառնում մէկ ընդհանուր կոմպլեքս։ Կոֆէինի՝ ֆիզիոլոգիական տեսակէտից զգալի չափաբաժնի դէպքում մոդիֆիկացւած բջիջները սկսում են արտադրել ԳՊՊ-1, ստիպելով ենթաստամոքսային գեղձին ակտիւացնել ինսուլին արտադրութիւնը։

Հետազօտողները փորձարկել են «C-STAR» համակարգի աշխատանքը՝ 26 տարբեր ըմպելիքների միջոցով։ Բջիջները չեն արձագանգել կաթնային կոկտէյլին ու խոտաբոյսային թէյին, բայց ակտիւացել են այնպիսի ընպելիքների դէպքում, որոնք կոֆէին էին պարունակում՝ կոկա կոլա, սուրճ, սեւ թէյ ու էներգետիկներ։ Յետոյ իմպլանտատի գործողութիւնը ստուգել են տասը մկների վրայ, որոնք հակւած են դիաբետի զարգացմանը։ Սուրճի փոքր չափաբաժինները երկու շաբաթում կենդանիների արեան մէջ կարգաւորել են գլիւկոզայի մակարդակը։ Մեթոդաբանութեան հեղինակների խօսքով՝ մարդու համար նախատեսւած նման իմպլանտատները կարող են շուկայում յայտնւել առնւազն տասը տարի յետոյ, քանի որ տեխնոլոգիան անհրաժեշտ է մանրակրկիտ փորձարկել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։