Յուլիսի 27-ին տեղի է ունենալու Լուսնի՝ դարի ամենաերկար խաւարումը, որի ժամանակ գիշերային երկնակամարում աւելի պարզ կը երեւայ Մարս մոլորակը: Բացի այդ, կը նկատւի «արիւնոտ Լուսին» երեւոյթը:
«alikonline.ir» - Յուլիսի 27-ին տեղի է ունենալու Լուսնի՝ դարի ամենաերկար խաւարումը, որի ժամանակ գիշերային երկնակամարում աւելի պարզ կը երեւայ Մարս մոլորակը: Բացի այդ, կը նկատւի «արիւնոտ Լուսին» երեւոյթը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Independent»-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Մարսը վերջին 15 տարում կը գտնւի Երկրից ամենամօտ հեռաւորութեան վրայ: Երկրի ու Մարսի միջեւ հեռաւորութիւնը կը լինի 57.6 մլն. կմ.:
Նշւում է նաեւ, որ Լուսնի՝ դարի ամենաերկար խաւարումը կը տեւի 1 ժամ 43 րոպէ: Ամբողջական խաւարմանը կը յաջորդի մասնակի խաւարումը, որը կը տեւի մօտ 4 ժամ:
Ուշագրաւ բնական երեւոյթը տեսանելի չի լինի Հիւսիսային Ամերիկայի բնակիչների համար, մինչդեռ Եւրոպայի, Աֆրիկայի, Մերձաւոր Արեւելքի, Ասիայի հարաւային հատւածի բնակիչները կը կարողանան հետեւել դիտարժան տեսարանին:
«Դա իսկապէս ցնցող ու հազւագիւտ հնարաւորութիւն կը լինի՝ գիշերային երկնակամարում տեսնել միաժամանակ Լուսնի խաւարումն ու Մարս մոլորակը:
Դա հրաշալի հնարաւորութիւն է յատկապէս լուսանկարիչների համար»,- նշել է բրիտանացի աստղագէտ Ռոբերտ Մասէյը: