Հա

Այլ

18/08/2018 - 08:10

«Forbes»-ը Սկառլետ Եօհանսոնին ճանաչել է 2018 թւականի ամենաբարձր վարձատրւող դերասանուհին

Դերասանուհի Սկառլետ Եօհանսոնը, «Forbes» հանդէսի վարկածով, գլխաւորել է տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը օգոստոսի 16-ին հրապարակւել է հրատարակութեան կայքում: 

«alikonline.ir» - Դերասանուհի Սկառլետ Եօհանսոնը, «Forbes» հանդէսի վարկածով, գլխաւորել է տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը օգոստոսի 16-ին հրապարակւել է հրատարակութեան կայքում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: 

12 ամսւայ ընթացքում 33-ամեայ դերասանուհին վաստակել է 40.5 մլն. դոլար: Ինչպէս նշում է հանդէսը, վաստակած գումարի մեծ մասը Եօհանսոնին հիմնականում բերել է նրա մասնակցութիւնը ժողովրդականութիւն վայելող կոմիքսների վրայ հիմնւած «Վրիժառուները» կինոշարքին: 

Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնում է Անջելինա Ջոլին՝ 28 մլն. դոլարով: Նա վարկանիշի այսքան բարձր տեղում է յայտնւել «Մալեֆիսենտա 2» ֆիլմին մասնակցութեան համար նրան վճարւած կանխավճարի շնորհիւ, ֆիլմ, որը պէտք է էկրան բարձրանայ 2020 թւականին, գրում է «Forbes»-ը: Երրորդ դիրքում տեղաւորւել է Ջենիֆէր Էնիսթոնը (19.5 մլն. դոլար):

Ամենամեայ վարկանիշում նրանց յաջորդում են «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջենիֆէր Լոուրենսը (18 մլն. դոլար), Ռիզ Վիզերսփունը (16.5 մլն. դոլար), Միլա Կունիսը (16 մլն. դոլար), Ջուլիա Ռոբերթսը (13 մլն. դոլար), Քէյթ Բլանշէթը (12.5 մլն. դոլար), կատակերգու դերասանուհի Մելիսա Մաքքարթնին (12 մլն. դոլար): Տասնեակը եզրափակում է «Հրաշք-կինը» կինոնկարի գլխաւոր դերակատար իսրայէլցի դերասանուհի Գալ Գադոթը, որը տարւայ ընթացքում վաստակել է 10 մլն. դոլար: 

«Forbes»-ը հաշւի է առել դերասանուհիների վաստակը 2017 թւվականի յունիսի 1-ից մինչեւ 2018 թւականի յունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում՝ մինչեւ հարկերի վճարումը: Ընդամենը տասը ամենաբարձր վարձատրւող դերասանուհիները, հաշւետու ժամանակաշրջանի արդիւնքներով, վաստակել են 186 մլն. դոլար:

Անցեալ տարի այս վարկանիշը գլխաւորել է 29-ամեայ Էմմա Սթոունը, որն «Օսկար» է ստացել «Լա-Լա Լենդ» միւզիքլում խաղացած դերի համար: Այն ժամանակ նրան յաջողւել էր վաստակել 26 մլն. դոլար: Այս տարի դերասանուհին «Forbes»-ի ցուցակում չի յայտնւել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։